ԿարևորՔաղաքական

Հայաստանի անվտանագային երաշխիքները ՀԱՊԿ–ո՞ւմ են, թե՞ ՀԱՊԿ–ից դուրս

Նախ՝ քաղաքական հայտարարությունների, հետո քաղաքագիտական ու հանրային օրակարգերի առանցքում արտաքին քաղաքական կողմնորոշումներին վերաբերող քննարկումներն են․ Հայաստանի անվտանագային երաշխիքները ՀԱՊԿ–ո՞ւմ են, թե՞ ՀԱՊԿ–ից դուրս։ Փորձագիտական դաշտում տրամագծորեն տարբեր կարծիքներ կան․ փորձագետների մի մասը խոսում է ՀԱՊԿ–ից հրաժարվելու վտանգների ու սպառնալիքների, մյուս մասը՝  հնարավորությունների  մասին։

Առաջ գնալ Մոսկվայի ու ՀԱՊԿ–ի հետ, հայացքը թեքե՞ լ դեպի Վաշինգտոն, թե՞ շարունակել ուժային երկու բևեռների հետ աշխատելու «և, և»–ի քաղաքականությունը։ Թեման քաղաքական, քաղաքագիտական ու հանրային հարթակներում ամենաքննարկվողն է։

Սեպտեմբերի 13-ին հայ–ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո պաշտոնական Երևանը դիմեց ՀԱՊԿ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ռուսաստանի Դաշնությանը: Ինչպես ավելի ուշ պարզ դարձավ՝ Երևանը ՀԱՊԿ–ին դիմել էր 4-րդ հոդվածով՝ ռազմական օգնության ակնկալիքով։ Կառույցը որոշեց մոնիտորինգային առաքելություն ուղարկել սահմանագիծ՝ իրավիճակին տեղում ծանոթանալու և սեփական եզրակացություններն անելու համար։ Մինչ մոնիտորինգային խումբն աշխատում էր, Հայաստանի իշխանական շրջանակներից հնչեցին առաջին դգժոհությունները։

Նախ ԱԳ նախարարն հայտարարեց․«Որոշ երկրներից մենք ավելին էինք սպասում և մեր սպասելիքները չարդարացան»։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ավելի բաց խոսեց․ «ՀԱՊԿ-ը չի անում էն, ինչ որ նախատեսված է, և բնական է՝ մենք դրանից հետևություններ ենք անելու և անում ենք և արդեն արել ենք»։ Դժգոհությունները եզրափակեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը․ «ՀԱՊԿ-ի հետ այլևս հույս չենք կապում»։

Քննարկումներն ավելի թեժացրեց ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը։ Փորձագիտական համայնքի մի մասն Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը ոգևորիչ, մյուս մասը՝ կործանարար ու վտանգավոր է որակում։

ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նկատում է՝ ՀԱՊԿ–ից Հայաստանի հիասթափության հիմնական պատճառը ի սկզբանե անիրատեսական ակնկալիքներն էին։

«ՀԱՊԿ–ի հետ այնքան էլ հաջող չստացվեց համագործակցությունը, քանի որ ակնկալիքները այնքան էլ իրատեսական չէին՝ հաշվի առնելով ընթացակարգերը, կառույցի առանձնահատկությունները և անդամ պետությունների հարաբերությունները Ադրբեջանի հետ։ Առաջին հարցն այն է՝ արդյոք մենք ունենք ռեալ այլընտրանք, որը կարող է փոխարինել համագործակցության գոյություն ունեցող ձևաչափերին։ Անվտանգային բաղադրիչի մեջ մենք տվյալ պահին համագործակցում ենք ռուսաստանյան կողմի հետ․ դա վերաբերում է և՛ զենքի վաճառքին, և՛ համագործակցության բովանդակությանը»,– ասում է Մարկարովը։

Հայաստանի պարագայում ավելի իրատեսական է օգտագործել գոյություն ունեցող ռեսուրսը, քան մերժել այն և փնտրել անորոշ այլընտրանքներ՝ կարծում է Մարկարովը։ Հիշեցնում է՝ ՀԱՊԿ–ից դժգոհություններ շատ ենք ունեցել, տարբեր առիթներով  մեղադրանքներ ենք ուղղել Ռուսաստանին՝ Ադրբեջանին զենք վաճառելու համար, բայց փաստացի հենց ռուսական անվտանգային երաշխիքներն են այսօր գերակշռում Հայաստանում։

Ռեալ օժանդակություն ես տեսնում եմ, օրինակ, ռուս խաղաղապահների մեջ․ հենց իրենք կանգնեցրին 2020թ–ի պատերազմը և ապահովում են արցախահայության անվտանգությունը։ Եթե հիշում եք, նենսի Փելոսիին հարց եղավ, թե ինչ կարող ենք ակնկալել Միացյալ Նահանգներից, ինքն ասաց, որ իրենք այստեղ են հենց մեր առաջարկները լսելու և իրավիճակը գնահատելու համար․ բայց ես վստահ չեմ, որ հիմա հնարավոր կլինի զուգահեռ ունենալ երկու տարբեր բևեռներ ունեցող ուժերի ռազմական կառույցների ներկայացուցչությունը Հայաստանում, որոնք կկարողանան անվտանգային հարցեր լուծել»։

Պարզապես պետք է ավելի ճիշտ ու նպատակային օգտագործել Արևմուտքի դիվանագիտական ու քաղաքական պոտենցիալը՝ ասում է քաղաքագետը։

«Սրա վառ օրինակը հրադադարի հաստատումն էր, երբ մենք տեսանք թե՛ Ռուսաստանի հայտարարությունը, թե՛ արևմտյան երկրների, թե՛ ԱՄՆ–ի մասնակցությունը, ինչի մասին նաև Ալեն Սիմոնյանը խոսեց։ Մենք տեսանք նաև Ֆրանսիայի մասնակցությունը, որը ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի նիստ հրավիրեց։ Այսինքն յուրաքանչյուր երկիր էլ ունի այն պոտենցիալը, որը պետք է կիրառել և անպայման կիրառել խելացի ձևով»,– նկատում է Մարկարովը։

Ռուսաստանը ոչ միայն չի ապահովում Հայաստանի անվտանգությունը, այլև լրացուցիչ սպառնալիքներ է ստեղծում՝ փորձագիտական մյուս թևի կարծիքն է․ Քաղաքագետ Արեգ Քոչինյանը նկատում է՝ այլևս արտաքին քաղաքականության մեջ «և՛ արևմուտք, և՛ արևելք» դիրքորոշումը չի կարող կենսունակ լինել։ Պետք է կողմնորոշվել «կամ–կամ»–ի տիրույթում՝ որոշման կենտրոնում ունենալով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու շահերը։

«Ռուսաստանը ոչ միայն չի ապահովում իր դաշնակցային պարտականությունների կատարումը՝ ի դեմս երկկողմ պայմանագրի, ի դեմս ՀԱՊԿ–ի, դեռ ավելին վերածվել է Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքներից մեկին։ Այն միջանցքային տրամաբանությունը, որի մասին Թուրքիան և Ադրբեջանը խոսում են, ընդհանուր առմամբ ձեռնտու է նաև Ռուսաստանին, քանի որ գոյության դեպքում այդ միջանցքը վերահսկվելու է Ռուսաստանի կողմից։ Այլ կերպ ասած, Ռուսաստանը Հայաստանի տարածքային ամբողջականության մասին այլ տեսակետեր ունի, որոնք տարբերվում են Հայաստանի տեսակետից»,– նկատում է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ Հայաստանը որոշում կայացնելուց առաջ պետք է հստակ երաշխիքներ ունենա արևմուտքից՝ նկատում է Քոչինյանը, այդ երաշխիքներն առայժմ չկան կամ գուցե դրանց մասին դեռ հայտնի չէ։ Քաղաքագետը չի ժխտում՝ դեպի Արևմուտք գնալը Հայաստանի համար իհարկե նաև ռիսկեր է պարունակում։

«Մենք ըստ էության խոսում ենք աշխարհի ամենավտանգավոր պետություններից մեկին դեմ գնալու մասին, բայց դրա այլընտրանքը կամ ռուսական առաջարկները ընդունելն է և միջանցք տալն է կամ հակադրվելն է ռուսական առաջարկներին ու չստանալ արևմուտքի աջակցությունը և մնալ միայնակ 3 բռնապետության դեմ՝ թուրքիայի ռուսաստանի և ադրբեջանի հետ»,– ասում է Արեգ Քոչինյանը։

Հայաստանյան մտահոգություններին որոշակիորեն արձագանքել է նաև Մոսկվան։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ընդգծել է, որ ՌԴ–ն պատրաստ է ողջունել Նենսի Փելոսիի այցը Հայաստան, եթե այն արդյունք տա։ «Այն ինչ գործնականում կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը և սահմանին իրավիճակի կայունացմանը, այդ ամենը կարող է ողջունելի լինել Ռուսաստանի կողմից»,– ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։ Ռուս փորձագետ քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը ֆեյսբուքյան գրառումն էլ սեփական սխանելը գիտակցելու ոճում էր։ «Հայաստանի ամերիկյան ակնկալիքներից կարելի էր խուսափել,  եթե Մոսկվայի դիրքորոշումներն ավելի հստակ լինեին»,– գրել էր ռուս վերլուծաբանը։

Back to top button