

Համիդյան կոտորածների ընթացքում Սեբաստիայի նահանգում հազարավոր հայեր զոհվեցին։ Կոտորում էին մասնավորապես հայ տղամարդկանց։
Դիարբեքիր քաղաքում եռօրյա ջարդերին թուրք ու քուրդ ջարդարարների հետ մասնակցում էր նաև զորքը։
Բալու գավառակում սպանեցին 2000-ից ավել հայի և թալանեցին նրանց տներն ու խանութները։ Այրեցին շրջակայքի հայկական 41 գյուղերը, նավթ լցրեցին հավաքված հացահատիկի վրա, ալյուրին էլ կեղտ խառնեցին, որ ողջ մնացած հայությունը մահանար սովից և համաճարակներից։
Սևերեկում սպանեցին բոլոր հայ տղամարդկանց, իսկ կանանց ու երեխաներին բռնությամբ կրոնափոխեցին, ավերեցին եկեղեցիները։ Արմաղա-Մադեն գավառի Ջերմուկ բնակավայրում սպանեցին գրեթե յուրաքանչյուր տնից մեկ հայ տղամարդու։
Թեմային է անդրադառնում ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Արփինե Բաբլումյանը։ «Ազգային և կրոնական քաղաքականությունն Արևմտյան Հայաստանում»՝ մաս 6-րդ: