ԿարևորՀասարակություն

Դպրոցները՝ թշնամու թիրախում. սահմանամերձ դպրոցներում դասերը կլինեն հեռավար

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով ոտնահարվել է Հայաստանի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի 25 հազար աշակերտներիի կրթական իրավունքը: Այսօրվանից ուսումնական գործընթացը վերականգնվել է, բայց մի շարք դպրոցներում կրթությունը կշարունակվի հեռավար՝ ասել է կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից հրետակոծության հետևանքով Գեղարքունիքի մարզում վնասվել է երկու ուսումնական հաստատություն: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ դպրոցները հնարավորինս արագ կվերականգնեն։

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս տարածաշրջաններում մեկշաբաթյա հարկադիր արձակուրդից հետո դպրոցներն ու մանկապարտեզները մասամբ կվերաբացվեն։  Դրանց մի մասը կաշխատի հեռավար։ Ադրբեջանի հարձակմամբ պայմանավորված ուսումնական հաստատությունները չէին գործում։ Գեղարքունիքի մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ հեռավար կաշխատի 12 դպրոց․

«Այսօրվանից Վարդենիսի տարածաշրջանի 12 դպրոցներ դասապրոցեսն անցկացնելու են հեռավար ձևաչափով, մնացածը՝ առկա։ Համայնքային ենթակայությամբ գործող մանկապարտեզները  Ճամբարակի տարածաշրջանում արդեն անցնում են աշխատանքի։ Նույնը Վարդենիսում, բացի սահմանամերձ բնակավայրերից»։

Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի հետևանքով խախտվել  է շուրջ 25000 երեխայի կրթության իրավունքը ։ Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի որոշ բնակավայրերում անվտանգային խնդիրներով պայմանավորված կրթական հաստատությունները հարկադրված արձակուրդ գնացին։ Ռազմական գործողությունների հետևանքով  25000 դպրոցահասակ երեխաներից բացի նախադպրոցական տարքի ևս 6000 երեխաների կրթության իրավունքն է խաթարվել։  Կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ այսօրվանից դասերը վերսկսվում են, բայց  մի շարք դպրոցներ ստիպված են կրթությունն անորոշ ժամանակով հեռավար շարունակել․

«Մեր ունեցած տեղեկություններով Գեղարքունիքի մարզում հեռավար ուսուցմամբ կրթությունը կվերսկսի 12 դպրոց, Վայոց Ձուրում 3 դպրոց, որոնք հեռավար կգործեն, մյուսների առկա ուսուցումը հնարավոր կլինի վերականգնել։Սյունիքի մարզում հիմնականում հեռավար ուսուցման կանցնենք։ Ընդամենը 5-ում կվերականգնվի առկա ուսուցումը՝ Քաջարնում և Կապանում»։

Այս դպրոցներում հեռավար կրթության փորձ ունեն։ 44-օրյայի ժամանակ դրանցից շատերն անցան հեռավար կրթության և այժմ էլ  տեխնիկապես պատրաստ են այդ ձևաչափին։ Արձակուրդի ընթացքում բաց թողնվածն իհարկե կլրացնեն, բայց փոխնախարարին ավելի շատ մտահոգում է այն, որ թշնամու թիրախում նաև կրթական հաստատություններն են ։ Ռազմական գործողությունների հետևանքով միայն Գեղարքունիքի մարզում առնվազն երկու դպրոց է վնասվել․

«Խոսքը Սոթքի և Այրքի դպրոցների մասին է։ Բնականաբար շատ արագ կկարգավորենք անհրաժեշտ աշխատանքների իրականացումը՝ դպրոցներում շենքներին պատճառած  վնասի վերացման ուղղությամբ։ Բայց սա շատ մտահոգիչ է, որ ուսումնական հաստատությունները դարձել են ուղիղ կրակի թիրախ, դա անթույլատրելի է, և կարծում եմ, որ բոլոր կոնվենցիաների, նաև միջազգային իրավունքի տեսանկյունից հնարավոր նորմերի խախտում է»։

Ինչ վերաբերում է նախադպրոցական հաստատություններին, Սյունիքի մարզում մանկապարտեզները հիմնականում գործում են, բայց  Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում դրանք դեռ փակ կմնան՝ հայտնեց փոխնախարարը։

Back to top button