ԿարևորՔաղաքական

Ադրբեջանն անցել է ռուբիկոնը՝  ստեղծելով վտանգավոր նախադեպ

Ադրբեջանն անցավ ռուբիկոնը` ստեղծելով չափազանց վտանգավոր նախադեպ` առաջին անգամ ռմբակոծելով Հայաստանի խոշոր քաղաքները։ Գերտերությունները պետք է առավել կոշտ արձագանքեն, այլապես տարածաշրջանը կարող է վերածվել քաոսի»,- «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է քաղաքագետ Արման Ղուկասյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի սահմանին ադրբեջանական զորքի կուտակումը հստակ թիրախներ ունի՝ «Զանգեզուրի միջանցք», Արցախին առնչվող հարցեր։ 

«Թուրք-ադրբեջանական տանդեմն անընդհատ փորձելու է ճնշում գործադրել Հայաստանի վրա, որպեսզի հայկական կողմը գնա զիջումների։ Սա է պատճառը, որ եռօրյա պատերազմը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես «լոկալ խնդիր»։ Իհարկե, սա «լոկալ խնդիր» չէ»,–ասել է Ղուկասյանը։

Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-ից 16–ն անցկացված Շանհայան համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի ընթացքում բացի բազմակողմ հանդիպումներից, տեղի են ունեցել նաև երկկողմ հանդիպումներ։ Հայ փորձագիտական շրջանակների համար դրանցից ուշագրավը Պուտին-Ալիև, Պուտին-Էրդողան բանակցություններն էին, որոնց ընթացքում անդրադարձ է եղել Հարավկովկասյան տարածաշրջանին և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։

Շանհայան հարթակում Ադրբեջանի նախագահի հետ բանակցությունների մեկնարկին Ռուսաստանի դաշնության նախագահը գոհունակություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման  առիթով։ Վլադիմիր Պուտինն ասել է, թե «լավ է, որ համակարգված ջանքերով ի վերջո հաջողվել է էսկալացիան կանգնեցնել, բայց իրավիճակն, այնուամենայնիվ, մնում է լարված»։

Իլհամ Ալիևն էլ նշել է, թե Երևանն ու Բաքուն լայնամասշտաբ էսկալացիայի մտադրություն չեն ունեցել, բայց, «ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են»։

Որո՞նք են սամարղանդյան  հանդիպումների գլխավոր ազդակները, և արդյոք «ցավոք, սահմանային կոնֆլիկտներ լինում են» ձևակերպումը գուժում է մարտական հաջորդ գործողությունների մասին։

Back to top button