Երկրորդ շնչառություն

Դեմենցիան՝ պարտված պատերազմ․ «Երկրորդ շնչառություն»

Դեմենցիան՝ ծերունական թուլամտությունը, ներառում է հիվանդությունների մեծ խումբ, որոնց պարագայում ինչպես հունարեն բառն է հուշում, (դե=չկա+մենթոս=միտք) հիվանդն ունենում է ուղեղի և մտածողության հետ կապված խնդիրներ։

Երկրի ամենահայտնի նյարդաբաններից մեկը՝ Հովհաննես Մանվելյանը բացատրում է, որ տարեցտարի այս հիվանդությունն ունեցող մարդկանց թիվն ավելանում է, քանի որ զարգացած բժշկության շնորհիվ թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում մարդիկ ավելի երկար են ապրում, և ուղեղի ծերացման գործընթացն անխուսափելի է դառնում։

«Հիվանդության դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է չսպասել մինչև հիշողության հետ կապված խնդիրներն ի հայտ գան, առաջին նշանների դեպքում, երբ, օրինակ, մեր ծնողները նեղացկոտ են, անտրամադիր, տխուր, ամենօրյա գործունեության հետ կապված դժվարություններ ունեն, պետք է դիմենք բժշկի։ Ուղեղի մեռած բջիջները վերականգնել հնարավոր չէ, բայց գործընթացը որոշակիորեն կանգնեցնել, և կյանքի որակը բարելավել պետք է»,- ասում է պրոֆեսորը։

«Այնքան ուշ են դիմում բժշկի, որ պապիկը ոչ իր անունն է հիշում, ոչ էլ երեխաների, բայց առաջին դասարանի ուսուցիչ Լյուբով Պետրովնային լավ գիտի»,- ասում է Մանվելյանը՝ հիվանդության դեմ պայքարում սկզբունքային համարելով առաջին ախտանշանների պարագայում բժշկին դիմելը։ Թույլ կոգնիտիվ խանգարումներ ունեցողների 12 տոկոսը 7 տարվա ընթացքում կդառնա դեմենցիա ունեցողներ։ Սա է պատճառը, որ նախնական ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել ընտանեկան բժշկին և միջոցներ ձեռնարկել։ Ըստ անհրաժեշտության՝ առաջին օղակի բժիշկը կուղղորդի նեղ մասնագետի՝ նյարդաբանի մոտ։

Բժիշկը բացատրում է, որ, կախված դեմենցիայի տեսակից, բուժումն էլ է տարբերվում։ Հիվանդությունն ախտորոշվում է աշխարհում ընդունված թեստերի և հետազոտությունների միջոցով երկարատև դիտարկումների արդյունքում։ Առողջ ապրելակերպն ու սննդակարգը, նյարդաբանի խոսքերով, չափազանց կարևոր են ինչպես հիվանդությունը կանխարգելելու, այնպես էլ հիվանդի վիճակում կայություն և դրական տեղաշարժ ունենալու առումով։ «Եթե ընտանիքի տարեց անդամն ունի այս խնդիրը, ամաչել պետք չէ, ոչ էլ տատիկին կամ պապիկին տանը փակել»,-նշում է բժիշկը՝ բացատրելով, որ հաճախ ընտանիքի անդամները մերժում են խնդիրը։

Դեմենցիան պարտված պատերազմ է, հնարավոր չէ վերականգնել քայքայված բջիջները, բայց եղածը պահպանել և կյանքին որակ տալ հնարավոր է։ Հովհաննես Մանվելյանը կարծիք է հայտնել, որ դեմենցիա ունեցող անձի խնամքի և բուժման դժվարությունները հաղթահարել ընտանիքին պետք է օգնի նաև պետությունն ու հասարակությունը։

Նա բերել է զարգացած երկրների օրինակը, որտեղ մեկ հիվանդի կարիքները հոգալու համար ներգրավված է ավելի քան վեց մարդ։ Անդրադառնալով խնամքի հարցին՝ բժիշկը նշել է, որ խնամողների մոտ 40 տոկոսը մահանում է հիվանդից ավելի շուտ, հետևաբար, ընտանիքի անդամ խնամատարը պետք է օգտվի իր այսպես ասած արձակուրդից, ժամանակ առ ժամանակ հանգստի մեկնի կամ հիվանդի խնամքը վստահի մասնագիտացված կազմակերպություններին, որ հնարավոր լինի արդյունավետ շարունակել հետագա ընթացքը։

Back to top button