Ժամանակի վկան

Հոմենըթմեն – ՀԱՍԿ-ի՝ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության ազգային դիմագիծը․ «Ժամանակի վկան»

Հաղորդումն սկսեցինք Հայ մարմնակրթական ընդհանուր միության կարգախոսով, որն արևմտահայերենով հնչում է «Բարձրացի՛ր, բարձրացո՛ւր» ձևով։

Այսօրվա հաղորդման թեման Հոմենըթմեն – ՀԱՍԿ-ն է՝ Հայաստանի ազգային սկաուտական կազմակերպության գործունեությունը, որպես միջազգային սկաուտական կազմակերպության մաս կազմող, բայց ազգային դիմագծով կառույց, որի շարքերում մարզական և հայրենասիրական դաստիարակություն են ստացել բազմաթիվ սերունդներ։

Իմ հյուրերն են՝ ավագ և պատանի սկաուտներ Արմեն Պետրոսյանը, Արմինե Պետրոսյանը, Անի Գաբրիելը և Արման Կաբասակալյանը։ Նրանք կպատմեն Հոմենըթմեն – ՀԱՍԿ-ի հիմնադրման պատմությունը, կներկայացնեն արդի գործունեությունը և այն արժեքները, որոնք սերմանում է սկաուտությունը։ Ակնածանքով և խոնարհումով կհիշենք նաև Արցախյան պատերազմների ժամանակ զոհված սկաուտներին։

Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը՝ Հ.Մ.Ը.Մ., հայկական մարզական և սկաուտական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1918 թ. նոյեմբերին Կոստանդնուպոլսում։ Հիմնադիրը Շավարշ Քրիսյանն էր։ Կազմակերպությունն ունի մասնաճյուղեր Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանում սկաուտության հիմնադրման պատմությունը կապվում է անվանի հասարակական գործիչ և մարզիկ Վահան Չերազի անվան հետ։ Ավելի մանրամասն ներկայացնում է Հ․Մ․Ը․Մ․ — ՀԱՍԿ Շավարշ Քրիսյան մասնաճյուղի ատենապետ Արմեն Պետրոսյանը։

Սկաուտները միշտ պատրաստ են հայրենիքին ծառայելու։ Նրանք այդ ապացուցել են գործով՝ մասնակցելով Արցախյան բոլոր պատերազմներին և հայրենիքի փրկության համար զոհաբերելով կյանքեր։

ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող Վարդան Բախշյանը զոհվեց Հասանաբադում՝ 1991 թ․, Վիգեն Զաքարյանը Բեյրութից գալով Արցախ և մասնակցելով մարտերին՝ զոհվեց 1992 թ․ Շուշիի ազատագրման գործողության ժամանակ, 2011-2012 թթ․ Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության հրամանատար Հակոբ Ասթարջյանը և ինքնապաշտպանության մարտիկներ Հարություն Բանոյանը, Մոսիկ Սեքլեմյանը նահատակվեցին Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին։

2020 թ․ աշնանը 44-օրյա պատերազմում՝ Վարանգաթաղի բարձրունքի համար մղվող մարտերում, զոհվեցին Հ․Մ․Ը․Մ․ — ՀԱՍԿ Վիգեն Զաքարյան մասնաճյուղի վարչության անդամ, օպերային երգիչ Գևորգ Հաջյանը և սկաուտ Էրիկ Գալստյանը։ Գրիգոր Ղազարյանը զոհվեց Եղնիկներում, Արտակ Իշխանյանը, Արմեն Առուստամյանը և Արտակ Մարտիրոսյանը՝ Մարտունիում, իսկ Հայկ Դերիկլյանը՝ Ջրականում։ Լսենք պատանի սկաուտներին։ Նրանք ջերմ, անմոռանալի հուշեր ունեն իրենց զոհված ընկերների մասին։

-Ի՞նչ արժեքներ է սերմանում Հոմենըթմենը սկաուտների մեջ, որպես երկարամյա սկաուտ ի՞նչ եք սովորել և ապա սովորեցրել,- հարցրի Արմեն Պետրոսյանին։

Իսկ պատանի սկաուտ Արման Կաբասակալյանը համոզված է, որ բացի հայրենասիրությունից սկաուտությունն օգնում է ձևավորվել որպես ուժեղ, կայուն տղամարդ։

Հայր և դուստր Արմեն և Արմինե Պետրոսյանները ո՛չ միայն սկաուտ ընկերներ կորցրին 44-օրյա պատերազմում, այլև իրենց որդուն և եղբորը՝ Վարդան Պետրոսյանին։ Չնայած Վարդանը սկաուտ չէր, բայց ստացել էր փորձառու սկաուտ հայրիկի դաստիարակությունը և, այսօր, ի դեմս նրա՝ ականածանքի ու խոնարհումի խոսքեր հղենք նաև Արցախյան բոլոր պատերազմներում հայրենիքի համար զոհված մեր բոլոր հայորդիների հիշատակին․ հավե՛րժ փառք։ Իսկ հաղորդումն ավարտում ենք սկաուտական կանչով։

Back to top button