ԿարևորՀասարակություն

Սյունիքի սահմանամերձ բնակավայրերից տեղահանվածները չեն լքել մարզը

Սեպտեմբերի  13-ին Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով  Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերից բնակիչները տեղահանվել էին։ 

Տեղահանվել են հիմնականում Ակներ, Վերինշեն, Աղիտու, Ներքին Հանդ, Խոզնավար գյուղերի բնակիչները։ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանը «Ռադիոլուրին» տեղեկացրեց, որ տեղհանվածներն աստիճանաբար վերադառնում  են իրենց տները։

«Շարժն առաջին օրն էր, հիմա բնակիչները մեծամասամբ վերադառնում են իրենց տները։ Ներքին Հանդից այս պահին տեղահանվել են կանայք, երեխաներն ու մեծահասակները, տղամարդիկ ոչ Ներքին Հանդից, ոչ  էլ տարածաշրջանի ոչ մի գյուղից դուրս չեն եկել։ Ասեմ, որ տեղահանվածները մի գյուղից մեկ այլ գյուղ էին տեղափոխվում, մարզից դուրս չէին եկել»։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հրապարակած տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման հետևանքով  Գեղարքունիքի, Սյունիքի ու Վայոց Ձորի մարզերում իրենց բնակավայրերից տեղահանվել է առնվազն 7600 անձ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ, ծերեր ու հաշմանդամություն ունեցող անձինք են․ տեղահանվել է 1437 երեխա և 99 հաշմանդամություն ունեցող անձ։ Սյունիքի մարզպետի տեղակալը թվային տվյալներ չի նշում, բայց ասում է, որ մարզպետարանը տեղահանված ընտանիքներին կացարաններ է առաջարկել, որոնցից նրանք  հրաժարվել են։

«Մենք առաջարկում էինք կացարաններ՝ կարիք ունեցողներին, բայց դրա կարիքը չզգացվեց, քանի որ ինչպես ասացի մարդիկ Սյունիքի մարզի տարածքում են եւ տեղափոխվել էին իրենց բարեկամների տները»։

Նարե Ղազարյանը ղեկավարում է նաեւ մարզպետարանի աշխատանքային խմբի աշխատանքները, որը զբաղվում է օգոստոսի վերջին Աղավնոյից ու Բերձորից Սյունիք տեղահանված ընտանիքների կարիքներով։ Այս պահին Սյունիքում Արցախից տեղահանված 27 ընտանիք է բնակություն հաստատել։ Արդյո՞ք նրանք շարունակում են բնակվել մարզում։

«Այո, ճիշտ նկատեցիք, մենք զբաղվում ենք Բերձորից ու Աղավնոյից տեղահնվածների խնդիրներով։ Այս պահին հիմնական կապը կա իրենց հետ, մնում են իրենց տներում, խուճապ չկա, մենք մեր աշխատանքները շարունակելու ենք»։

Ինչ վերաբերում է ընդհանուր իրավիճակին, ապա սահամանին թեև հարաբերական անդորր է, կրակոցներ չկան, բայց  լարվածությունը պահպանվում է։

Back to top button