ԿարևորՔաղաքական

Հայաստանի կարմիր գծերը․ Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան

«Հայաստանի Հանրապետության համար կան կարմիր գծեր, որոնց մեջ է մտնում Արցախի ժողովրդի անվտանգությունը, խաղաղ կեցությունն իր իսկ հայրենիքում»,- հայ համայնքի ներկայացուցիչների հետ նման հայտարարություն է արել Վրաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը։

Նա ընդգծել է, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ագրեսիա սկսելով Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ՝ փորձում է բռնի ուժով միջանցք բացել կամ ստիպել Հայաստանին գնալ խաղաղության իր պատկերացրած ճանապարհով։

«Այդ կարմիր գծերի մեջ են մտնում նաև՝ Հայաստանի Հանրապետության տարածքով չի կարող լինել որևէ միջանցք, որը չի ենթարկվելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքին»,- ասել է դեսպանը՝ հավելելով, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա արտաքին քաղաքականության առաջնահերթությունն է։

Հայաստանի իշխանությունները , դեսպանի խոսքով, գնահատում են խաղաղության թանկ արժեքը, պատրաստ է նաև գնալ խաղաղության հարցով բանակցելու, սակայն դա պետք է լինի կարելիության շրջանակներում։

Որոնք են ՀԱՊԿ-ից դուրս գալու վտանգները՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանում հարցը թեժ քննարկումների առիթ է դարձել, դեսպանը նկատեց․ 

«ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց, չեմ կարծում, թե այսօր Հայաստանում դրված է։ Տեղյակ եք, որ թե հասարակությունը, թե քաղական շրջանակները նույնպես ՀԱՊԿ-ի վարվելաձևից գոհ չեն, բայց Հայաստանի Հանրապետությունը դիմում է միջազգային հանրությանը, այս առումով ճիշտ է, որ ակնկալենք բոլոր կողմերից աջակցությունը»։ 

Վրաստանը բազմիցս շեշտել է, որ պատրաստ է միջնորդ դառնալ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում։ Դեսպան Սմբատյանը «Ռադիոլուրի» հարցին ի պատասխան, նշեց, որ իր հետ հանդիպումներում ևս երկրի առաջին դեմքերը վերահաստատել են․

«Վրաստանի դերը մեկն է՝ լինել անկեղծ միջնորդ, կարծում եմ՝ Վրաստանի իշխանություններն այսօր պատրաստ են դրան, բազմիցս առաջարկել են։ Խնդիրը հնարավորություններն են անհրաժեշտությունը նոր հարթակ բացելու․․․»։

Դեսպանն ընդգծեց, որ արդեն կան հարցի լուծման ձևաչաձեր, նորը ստեղծելու համար պետք է պատկերացնել, թե ինչն է պակասում մյուսներին, անհրաժեշտ է արդյո՞ք դա, թե կարելի է Վրաստանի ջանքերը համալրել ֆորմատներից մեկում։

նշեց, որ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այս օրերին վրացի գործընկերներին ակտիվորեն ներկայացնում է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի նկատմամբ։  

«Ռադիոլուրի» հետ զրույցում Թբիլիսիում Հայաստանի նորանշանակ դեսպանն անդրադարձավ նաև Վրաստանի հետ հարաբերությունների ներկա մակարդակին․ «Առաջնահերթությունները, բնականաբար, լինելու են Վրաստանի հետ հարաբերություններն էլ ավելի զարգացնելը, քաղաքական մակարդակում առկա են սերտ հարաբերություններ, դրանք պետք է ֆունդամենտալ դարձնել, հասցնել բարձր մակարդակի»։

Հայաստանն ու Վրաստանը, ըստ դեսպանի, անցել են բարդ ճանապարհով, ունեցել ընդհանուր պատմություն, հետևաբար այսօր կարևոր է, որ երկու երիտասարդ ժողովրդավարական երկրները տարածաշրջանի այս փխրուն և վտանգավոր իրավիճակից կարողանան դուրս գալ միասին՝ ձեռք ձեռքի տված։

Back to top button