Մշակույթ

Պարի պետական անսամբլը, «Բարեկամությունը» և «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթը» կմիավորվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում որոշվել է «Հայաստանի պարի պետական անսամբլ», «Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ», «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ-ները միաձուլել և ձևավորել «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ:

Որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է դաշտում գործող և գործունեության մշտական հարթակներ չունեցող 6 մշակութային կազմակերպությունների համար աշխատանքային և ստեղծագործական բարենպաստ պայմանների ստեղծմամբ:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» անվանմամբ ստեղծվող նոր ՊՈԱԿ-ի կազմում կհամախմբվեն հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերը, ինչն իր հերթին կնպաստի արտաբյուջետային միջոցների աճին, պետական ֆինանսավորման արդյունավետ կիրառման ապահովմանը:

Միաձուլման արդյունքում հնարավոր կլինի մեկտեղել և կենտրոնացնել ինչպես մասնագիտական, այնպես էլ ֆինանսական ռեսուրսները:

Պրոֆեսիոնալ կադրերի ընդգրկումով նախատեսում ենք էապես բարձրացնել նշյալ կոլեկտիվների հանրային ճանաչելիության մակարդակը, ընդլայնել արտաբյուջետային միջոցները և նվազեցնել կախվածությունը պետական բյուջեից: Սույն նախաձեռնությունը  նպատակ ունի նաև էապես բարձրացնել ժողովրդական երաժշտության և պարի հանրային վարկանիշը:

Ներկայում Հայաստանում գործող պետական կարգավիճակ ունեցող 6 մշակութային կազմակերպություն չունեն իրենց հիմնական գործառույթներից բխող գործունեությունը (փորձեր և համերգներ) իրականացնելու մշտական հարթակներ և տեղակայված են այլ կառույցներին պատկանող տարածքներում։ Այսպես՝ Հայաստանի պարի պետական անսամբլը գործում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում,  Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը՝ «Ա․Խաչատրյան համերգասրահ»-ի նկուղային հարկում, Թ․Ալթունյանի անվ․ երգի-պարի պետական համույթը՝ Հայաստանի երգչախմբային ընկերությունում:

Ներկայում, ՊՈԱԿ-ների թվակազմը ունի հետևյալ պատկերը․

«Հայաստանի պարի պետական անսամբլ» ՊՈԱԿ՝ 71 հաստիք

«Հայաստանի պարարվեստի «Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթ» ՊՈԱԿ՝ 88 հաստիք

«Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթ» ՊՈԱԿ՝ 52 հաստիք:

Նորաստեղծ ՊՈԱԿ-ի կազմ կընդգրկվեն նաև ժողովրդական ժանրում մշակութային գործունեություն ծավալող ևս 3 ստեղծագործական խումբ, որոնք այժմ գործում են «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի ներքո՝ «Հայաստանի ազգային նվագարանների նվագախումբ»-ը, «Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական համույթ»-ը և «Մարո Մուրադյանի անվան «Ակունք» ազգագրական համույթը»:

Back to top button