Մտքի ուժը

Շրջակա միջավայրի ազդեցությո՞ւն, թե՞ ժառանգականություն․ ի՞նչն է ազդում քրոնիկ լինֆոլեյկոզի առաջացման վրա․ «Մտքի ուժը»

Ո՞ր գործոններն են ազդում քրոնիկ լինֆոլեյկոզի վրա՝ շրջակա միջավայրը՞, թե՞ ժառանագականությունը։ Հարցի պատասխանը փնտրում են հայ գիտնականները։ Նրանցից մեկը Նարինե Ղազարյանն է։ Ասում ՝ այս դեպքում ուսումնասիրում են հատկապես մեծահասակների մոտ առավել հանդիպող արյան հիվանդությունը։ Հայաստանում 50 հիվանդի արյուն կվերցնեն, կանջատեն ԴՆԹ-ն և ֆրագմենտ անալիզի միջոցով կտեսնեն ու կգնահատեն իմունոգենետիկական որոշ տվյալներ։

Նույն հետազոտությունը կանեն նաև ՌԴ-ում ապրող 50 հայերի արյան ԴՆԹ-ի հետ։ 10 նմուշ ԴՆԹ վերցրել են, ևս  40 նմուշ կհավաքեն ու կուղարկեն ՌԴ։ Այնտեղ էլ 50 նմուշ կհավաքեն ու կհետազոտեն։ Անալիզի վերլուծության համար ևս 2-3 ամիս պետք կլինի։ Գիտնականներն ասում են, որ այս հետազոտոթյան համար 100 նմուշը  բավարար է։ 

Գիտնականն ասում է, որ քրոնիկ լինֆոլեյկոզով հիվանդների թիվը մեծ է։ Հատկապես մեծահասակների մոտ է տարածված։ 1000-ից ավելի հիվանդ կա Հայաստանում։ Քրոնիկ լինֆոլեյլկոզով ավելի շատ տղամարդիկ են հիվանդանում, թե ինչու՝ դեռ չգիտեն, պատճառն առհասարակ հայտնի չէ։

Հետազոտոթյունն արվում է ԱՆՍԵՖ-ի՝ ՀՕՖ-ի գիտության ու կրթության ազգային հիմնադրամի տրամադրած 5000 դոլար արժողությամբ դրամաշնորհի շնորհիվ։ Մեկ տարի ժամանակ ունեն հետազոտություն անելու համար։ Գումարը խրախուսական է, բայց նաև ոգևորող երիտասարդ գիտնականների համար։  Այս կամ այն ծրագրի շրջանակներում գիտական հետազոտություններ վերջին տարիներին հաճախ են արվում։ Սակայն, այդ առաջարկների շատ քիչ մասն է կիրառական նշանակություն ստանում։ Հե՞շտ է գիտական առաջարկը կիրառելի դարձնելը հարցին՝ Նարինե Ղազարյանն արձագանքում է․

«Դժվար է։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհում։ Դեղանյութերի համար կոնկրետ  միջինում տասը տարի է  պետք, որպեսզի բոլոր փուլերով անցնի ու հաստատվի՝ կիրառվելով պրակտիկայում»։

Լիլիթ Մատինյանը կլինիկական լաբորատոր ախտորոշման օրդինատոր է, աշխատում է Արյունաբանական կենտրոնի մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիայում։ Լեյկոցիտների ախտորոշում է անում, պարզում է, թե ի՞նչ ուղղվածության լեյկոցիտներ են կրում հիվանդները։ Դրանք արյան սպիտակ գնդիկներն են։ Ասում է՝ հիմնականում սուր լեյկոցիտներ են։ Մոլեկուլյար կենսաբանության լաբորատորիան Հայաստանում միակ լավ լաբորատորիան է, որ հստակ որոշում է հիվանդության տեսակը։ Առանց դրա ճշգրիտ բուժում հնարավոր չէ նշանակել։   

«Փորձում ենք հիվանդների բազա հավաքել։ Այս պահին անջատում ենք ԴՆԹ-ները, փորձում ենք այդ բազայի վրա հասկանալ տարիների ընթացքում  տվյալ  հիվանդների մոտ ինչ ֆենոտիպային դրսևորում է ունեցել  այն։ Հավաքագրումից հետո բազան կուղարկվի ՌԴ»։

Նարինե Ղազարյանի մոտ հետաքրքրությունն ուռուցքների նկատմամբ ուսանողական տարիներից է գալիս։ ԵՊՀ-ում ուսումնասիորւմ էին օձի թույնի ազդեցությունը կենսաթաղանթերի վրա։ Պարզել են, որ օձի թույնում հայտնաբերվել էր հակաուռուցքային ակտիվություն ունեցող մի փոքրիկ սպիտակուց։

Արդեն Գերմանիայում գիտահետազոտական աշխատանքներ են կատարել ու գտել, որ բացի այդ սպիտակուցից՝ օպտուստատինից, անդրկովկասյան գյուրզայի թույնի մեջ կան նաև այլ դեզիտեգրիններ, որոնք ունեն ինվիտրո՝ (in vitro) օրգանիզմից դուրս բջիջների վրա ուռուցքային ցիտոտոքսիկ  ակտիվություն։ Այդ ուռուցքային բջիջներին նրանք ոչնչացնում են։

Նարինե Ղազարյանը բոլորին կոչ է  անում գիտությամբ զբաղվել, այնտեղ միշտ կա ինչուների հավաքակազմ՝ կարելի է նաև պատասխանները գտնել։ Մի շարք հարցերի պատասխաններ Նարինե Ղազարյանը գտել է գիտական հետազոտությունների ընթացքում։

Գիտությունը կյանքն ավելի կանխատեսելի է դարձնում, այն ինչ կա շրջապատում գիտության արդյունքն է, ամեն ինչի հիմքում գիտելիքն ու գիտությունն է՝ առանց որի 21-րդ դարում ապրել հնարավոր չէ։ Գիտությունն ու գիտելիքը բացում են ցանկացած դուռ՝ ասում է Նարինե Ղազարյանը։   

Գերմանիայում, Ճապոնիայիում ու այլ երկրներում աշխատած գիտնականը համեմատում է հայկական ու արտասահմանյան գիտական աշխատանքային պայմաններն ու նշում՝ դրսում   պայմանները ոգևորող են։

Միջավայրը գիտելիքային է, խրախուսող, նաև՝ առողջ մրցակցային։ Հայաստանում գիտական միջավայրի բացակայությունն է նաև խնդիր։ Բացը լրացնելու համար պետք է դպրոցից սկսել։ Բուհերում էլ պայմաններ է պետք ստեղծել, որ ուսանողները գան ու աշխատեն։

Back to top button