Վերնատուն

«Մեծ նավարկություն»․ անձնականից դեպի քաղաքական․ «Վերնատուն»

Արվեստագետ Սամվել Սաղաթելյանի «Մեծ նավարկություն» վերնագրով լուսանկարչական նախագծի բացումը հետաձգվեց՝ պատերազմական իրավիճակից ելնելով։ Արվեստագետը խոսում է նախագծի կոնցեպտի և այդ կոնցեպտից բխող մի շարք հարցերի մասին։

Պատմում է, որ նախագիծը ծնվել է մանկության մի լուսանկարից, որի հետ արվեստագետը սկսել է լուսանկարչական մանիպուլյացիաներ անել։ Մանկությունից եկող փոքր դրվագներն, ասում է, կարևոր և մեծ նշանակություն ունեն, դրանք են մղում մեծ նավարկությունների ու մեծ նվաճումների։ Այս նավարկությունը արվեստագետի դեպի արվեստ տանող անձնական ճանապարհի մասին է, նաև աշխարհի հետ հաղորդակցվելու հայտ է։ Շատ է կարևորում կանացիության ուժը, ասում է՝ հենց այդտեղից է գալիս ստեղծագործականությունը։

«Կանացի գոյատևման ուժը հիմնված է ստեղծագործականության վրա։ Ինձ համար գոյատևումն ու ստեղծագործությունը համարժեք են։ Ամեն ինչի հիմքում արվեստն է, իսկ արվեստում շատ ուժեղ է կանացի դրսևորումը, այդ պատճառով արվեստի մարդկանց մոտ նրբազգացողությունը ուժեղ է», – ասում է արվեստագետը։

Անձնական հարաբերությունները, մարդու անհատականության դրսևորումներն ու սկզբունքայնությունը բխում է մարդու ստեղծարարությունից․

«Ստեղծագործող մարդը երևույթների և խնդիրների պատասխանները փնտրում է ոչ թե դրսում, այլ՝ իր մեջ, դրանով նա դառնում է ինքնիշխան։ Ազատ մարդու ինքնիշխանության դրսևորումներից մեկն այն է, որ ինքը չի տալիս իր ինքնության ու ազատության խնդիրները մեկ այլ կողմին։ Մեծ լինի, թե հզոր լինի, դա էական չէ։ Այդ ամենը և՛ կենցաղում է, և՛ անձնական հարաբերություններում, և՛քաղաքականության մեջ»։

Իսկ արվեստը ներկա է բոլոր ոլորտներում և ամեն ինչում․ և՛ քաղաքականության, և՛ռազմի, և՛ խոհարարության մեջ և այլն։ «Արվեստ բառն ամենուր պատահական չէ, դա խոսում է ստեղծագործականության մասին, երբ քո առանձնահատկությունն ու տարբերությունը դարձնում ես գոյատևման համակարգ», – ասում է Սամվել Սաղաթելյանը։

Back to top button