ԿարևորՀասարակություն

Փարիզում հարյուրավոր մարդիկ բողոքում են Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման դեմ

Հարյուրավոր մարդիկ հավաքվել են Արտաքին գործերի նախարարության հարևանությամբ՝ խստորեն բողոքելու Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիայի դեմ։ Ցուցարարները կրել են կարգախոսներ՝ «Կանգնեցե՛ք Ալիևին. Դուրս եկեք Հայաստանից», «Պանթուրքիզմ = ֆաշիզմ», հայտնում է Ժան Էքյանը։

Մոտ քսան քաղաքական գործիչ միացել է հայերին, այդ թվում Ֆրանսիայի կառավարության նախկին խոսնակ, հանրային հաշիվների գծով նախարար պատվիրակ Գաբրիել Աթալը։

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Արա Թորանյանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային, որն աշխարհում գրեթե միակ տերությունն էր, որը դիվանագիտորեն արձագանքեց ստեղծված իրավիճակին՝ հարցը փոխանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին:

Ցույցին միացել է Ֆրանսիայի քրդական դեմոկրատական ​​խորհրդի խոսնակ Բերիվան Ֆիրաթը։ Նա ասել է, որ «հայերի պայքարը ճնշված ժողովուրդների պայքարն է, դա իմ պայքարն է»։

«Այսօր ես հայ եմ. Էրդողանը վտանգ է քրդերի, հայերի, սիրիացիների, բայց նաև Ֆրանսիայի, Արևմուտքի, մեր երիտասարդության և գալիք սերունդների համար»,- հավելել է նա։

CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը նշել է. «Այսօր Բաքուն հարձակվում է Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կողմից ճանաչված ինքնիշխան տարածքի վրա: Չի կարելի հարձակվել ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքի վրա՝ առանց ՄԱԿ-ի պատասխան ստանալու։ Մենք վախենում ենք Հայաստանի, նրա անվտանգության և նրա ժողովրդի համար։ Մենք պետք է ճանապարհ գտնենք Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի հայության համար խաղաղություն ապահովելու համար»։

Back to top button