ԿարևորՀասարակություն

Տվյալները՝ ոչ հստակ, իրավունքները՝ ոտքի տակ․ ՄԻԵԴ-ը Բաքվին 6 օր ժամկետ է տվել

Թշնամու ագրեսոր ուժերի ռազմական հանցագործությունները մանրամասն փաստագրվում են, որպեսզի դրանց ընթացք տրվի միջազգային իրավական գործընթացներով ու հարթակներում։ էթնիկ զտման փորձերից մինչև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներ պետք է իրավական գնահատական ստանան, այս հարցում վճռական է Հայաստանի կառավարությունը։

Միջազգային իրավական կառույցներում արդեն ակտիվ աշխատանք է տարվում նաեւ ռազմագերիների ու անհետ կորածների տվյալների նույնականացման, գերիների ու դիերի վերադարձի ուղղությամբ։ Այս հարցերով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայկական կողմի պահանջի հիմքով ՄԻԵԴ-ն արդեն հարցում է ուղարկել Բաքվին ու տվել 6 օր ժամանակ՝ տրամադրելու գերիների գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին տվյալներ։

Փաստեր ու տվյալներ ադրբեջանական վայրագությունների մասին․ իրավական դաշտում Հայաստանի հանդեպ Ադրբեջանի հերթական ագրեսոր գործողություններին մասնագիտական գնահատումը միանշանակ է՝ պատերազմական հանցագործություններ։ Թշնամի երկիրը խախտում է միջազգային բոլոր իրավունքները՝ հումանիտարից մինչև էթնիկ զտման ակնհայտ դրևորում։ «Տեսանյութերում կան այնպիսի վայրագություններ, որ մարդիկ, հնարավոր է, չկարողանան դիտել։ Ոչ մի պետության ռազմական ուժ իրավունք չունի հակառակորդի նկատմամբ նման վայրագություններ ցուցաբերել։ Դա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է»,-ընդգծում է ՈՒ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյան։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում շեշտում է․

«Միջազգային հումանիտար իրավունքն է խախտվում, մարդու միջազգային իրավունքներն են խախտվում, միջազգային հանցագործություններ են կատարվում։ Միայն այն, որ թիրախավորվում են բնակավայրերը, կրակ է արձակվում բնակելի տարածքների վրա, անկախ նրանից՝ այնտեղ կան լեգիտիմ թիրախներ, թե ոչ, դա արդեն իսկ պատերազմական հանցագործություն է»։

Ադրբեջանի ռազմական վերջին գործողությունների հետևանքով անհետ կորածների ու գերիների հստակ թիվ դեռ չկա։ Համացանցային տեսանյութերով ու այլ տեղեկություններով տվյալները նույնականացվում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում, Կարմիր խաչի կոմիտեում, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։ Մոտ երկու տասնյակ գերու տվյալ արդեն նույնականացվել է։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի տեղեկացմամբ․

«Մենք վերջին երկու օրվա ընթացքում Եվրոպական դատարան արդեն ներկայացրել ենք մի քանի իրար համալրող դիմումներ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Արդեն ստացել ենք պահանջներ՝ հատկապես ռազմագերիների մասով»։

Հայկական կողմի պահանջով ՄԻԵԴ–ն արդեն հարցում է արել Ադրբեջանին սեպտեմբերի 13-ի դրությամբ նույնականացված 1 գերու եւ տեսանյութերում երեւացող մնացած չնույնականացված գերիների մասով՝ նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների, առողջական վիճակի մասին՝ ժամկետ տալով մինչեւ սեպտեմբերի 22-ը։

Հայ ռազմագերիների նույնականացումը շարունակվում է գործընկեր կառույցների հետ, արդյունքները լրացվում են Եվրոպական դատարան ուղարկված դիմումներով։ Գործի են դրվում Կարմիր Խաչի լծակները։

Անհետ կորած զինծառայողների մասին տեղեկատվությունը նույնպես փորձ է արվում ճշգրտել․ տվյալները սուղ են ու դեռ ոչ ամբողջական։ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի խոսքով․

«Մենք ունենք անհետ կորածներ ևս՝ իքս քանակի, և նրանց հայտնաբերելուց կամ ճշտելուց հետո պարզ կլինի՝ մահացածները, անհետ կորածները կամ գերեվարվածները քանիսն են» ։

Հայկական կողմը ՄԻԵԴ-ին դիմել է նաեւ խաղաղ բնակավայրերի թիրախավորման արգելքի պահանջի մասով։ Պատասխան կա․ 2020-ի սեպտեմբերի 29-ի որոշումը ուժի մեջ է եւ տարածվում է այս դեպքերի վրա։ Դրանով ՄԻԵԴ-ը կողմերին կոչ էր արել պահպանել Կոնվենցիայի պահանջները նաեւ գերիների մասով, նշել, որ ցանկացած շեղում կարող է հանգեցնել մոտեցման փոփոխության։

Հայկական դիրքերի և բնակավայրերի հրետակոծությամբ թիրախավորվել է նաեւ քաղաքացիական բնակչությունը։ Առողջապահական գերատեսչությունը հայտնում է վիրավորված 7 քաղաքացիական անձի մասին, մեկի վիճակը՝ ծայրահեղ ծանր։ Իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը մանրամասնում է․ 

«Մենք արձանագրել ենք քաղաքացիական մեկ անձի մահ, որը վրա է հասել բեկորային վնասվածքից։ Վիրավորվել է քաղաքացիական 6 անձ։ Մենք նույնականացրել ենք, կան ապացույցները։ Այս ամենը ԱԳՆ ենք ներկացրել։ Բացի շտապօգնությունից՝ թիրախավորվել են նաև լրագրողները։ Ապացույցներ կան»։

Քննչակական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի տեղեկացմամբ՝ ագրեսիայի ակտի հիմքով Ադրբեջանի դեմ քրեական գործեր են հարուցվել․

«Միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումների վերաբերյալ լայնածավալ քննչական գործողություններ են կատարվում։ Հանդես կգանք լրացուցիչ հայտարարությամբ»։

Թշնամին թիրախավորել է նաև կոնկրետ բնակավայրեր՝ տներից մինչեւ հացահատիկի ցանքեր, շտապօգնության ու մարդատար մեքենաներ՝ տեղեկացնում է ԱԻՆ Արմեն Փամբուխչյանը։ Սա հումանիտար իրավունքի խախտման անհերքելի փաստ է։ Ադրբեջանի ագրեսոր ուժերի ռազմական հանցագործությունները պետք է մանրամասն փաստագրվեն և դառնան միջազգային իրավական գործընթացների հիմք՝ ընդգծում է Հայաստանի վարչապետը: Փորձագիտական դաշտում վստահ են՝ միջազգային ատյաններում Ադրբեջանի վայրագություններին ու վարքագծին պետք է ու կտրվի հստակ գնահատական։

Back to top button