ԿարևորՔաղաքական

Նոր պատերազմի իրական ռիսկեր․ աջակցության ի՞նչ գործուն մեխանիզմներ ակնկալել դրսից

Նոր պատերազմի իրական ռիսկերի մասին Հայաստանը խոսում է երկրի ներսում՝ ամենաբարձր մակարդակով ու երկրից դուրս՝ ՄԱԿ-ի բարձր ամբիոնից՝ միջազգային գործընկերների ուշադրությունը հրավիրելով ավելի լայնամասշտաբ բախումների սպառնալիքների վրա։ Սեպտեմբերի 15-ին Հայաստանի դիմումի հիմքով հրավիրված ԱԽ արտահերթ հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հստակ շեշտադրումներով խոսել է Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու անվտանգությանը սպառնացող Ադրբեջանի գործողությունների մասին։ Ազգային ժողովում էլ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իրենց մտահոգություններն է փոխանցում։

«ՄԱԿ–ի ԱԽ–ում փաստացի հայտարարվեց, որ կա սպառնալիք Նախիջևանի կողմից, ինչը նշանակում է, որ կարող են և՛ պատերազմի մասշտաբները մեծանալ, և՛ կիրառվող զինանոցը ընդլայնվել․ ավելորդ է խոսել մնացած ծանր հետևանքների մասին։ Բնականաբար, ով պատկերացնում է աշխարհագրությունը, կարծում եմ՝ հասկանում է, թե ինչ է նշանակում Նախիջևանի կողմից նոր ռազմական ճակատի բացվելը։ Այդ ուղղությունից բավականին մոտ է նաև մեր Երասխի ուղղությունը, Երասխին շատ մոտ է Երևանը, և արդյունքում պատերազմական ճակատը մայրաքաղաքից ի՞նչ հեռավորության վրա կարող է տեղափոխվել»,– ասում է Տիգրան Աբրահամյանը։

Արդյո՞ք Ադրբեջանը Նախիջևանի ուղղությամբ նոր սադրանքների է պատրաստվում․ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը վստահ է՝ ՀՀ զինված ուժերը տեղեկատվությունը ստուգելու բոլոր հնարավորություններն ունի, բայց եւ շեշտում է՝ զգոնությունը կորցնել պետք չէ։

«Անհրաժեշտության դեպքում մենք պետք է գտնենք այն ռեսուրսները և կառավարման այն հնարավորությունները, որոնք հնարավորություն կտան կանխել նման զարգացումները»։

Ադրբեջանը փորձում է սեղմել օղակը Հայաստանի շուրջ․ սա խորհրդարանական մյուս թեւից հնչող մտահոգությունն է․«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ Բաքուն փորձում է ուժեղացնել ճնշումն  իշխանությունների վրա և հասնել միջանցքի բացմանը Սյունիքով։

«Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունները պարտավոր են հստակ գնահատել իրավիճակը, ռազմական գործողությունների հետեւանքով բոլոր փոփոխությունները, ճշտել զոհերի, գերիների, անհետ կորածների, վիրավորների թիվը։ Այս ամենը պետք է պատշաճ ներկայացվի հանրությանը»,– ասում է Սեյրան Օհանյանը։

Հայկական կողմը պատերազմի նոր սպառնալիքի մասին իր մտահոգությունները կիսում է նաեւ միջազգային գործընկերների հետ։ Չնայած սահմանին հարաբերական հանգիստ է, բայց իրավիճակը շարունակում է մնալ շատ լարված՝ վարչապետ Փաշինյանն է վերջին հեռախոսազրույցում փոխանցել Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարներին։
Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի մանրամասներին նրանք և միջազգային բազմաթիվ այլ գործընկերներ արդեն տեղյակ են։ Միջազգային հանրությունը շատ հստակ դիրքավորվել է․ Ադրբեջանը ագրեսոր է, ներխուժել է ՀՀ սուվերեն տարածք՝ արտաքին գործերի նախարարի արձանագրումն է։ Հայաստանի դինավագիտության ղեկավարը բարձր է գնահատում ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկրների քայլը, բայց կա նաեւ «բայց»՝ առանց անունների․ որոշ երկրներից ակնկալիքները չարդարացան։

«ՄԱԿ–ում երկրների ճնշող մեծամասնությունը ընդգծել են ուժի կիրառման անթույլատրելիությունը, Հայաստանի սուվերեն տարածքի անձեռմխելիությունը, մինչև ներխուժումը եղած դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը, բազմիցս օգտագործվել է «ագրեսիա» եզրույթը, այսինքն՝ հստակ ընկալում կա, որ սա ներխուժում է, ագրեսիա է Հայաստանի տարածքի նկատմամբ, որ թիրախավորվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, որ ներխուժողը պետք է վերադառնա ելման դիրքեր։ Ասեմ ավելին՝ բազմաթիվ երկրներ խոսել են նաև ԼՂ հակամարտության հիմնախնդրի մասին, և արդյունքում ադրբեջանական թեզը, թե չկա ԼՂ և չկա ԼՂ հիմնահարց, համարժեք հակառակ արձագանքը ստացավ միջազգային հանրության կողմից»,– ասում է Մարկարովը։

Բացի կոչերից կամ կոչերի հիմքով ի՞նչ է ակնկալում առհասարակ Հայաստանը միջազգային հանրությունից։ Ռազմական օգնությո՞ւն, միջամտություն բանակցությունների՞ն, թե՞ քաղաքական ճնշումներ․ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը նկատում է․

«Երբ հարցը հնչեցվում է ՄԱԿ–ի ամբիոնից, դա հնչեցվում է գլոբալ համաշխարհային քաղաքականության մեջ գոյություն ունեցող դերակատարների կողմից, և այն դիրքորոշումները, տեսակետերը, որոնք այնտեղ հնչում են, հասնում են համապատասխան երկրների ղեկավարներին։ Այսինքն՝ առնվազն ոչ միայն տեղյակ է պահվում տեղի ունեցածի մասին, այլ նաև հայտնի է դառնում տեղի ունեցածի վերաբերյալ գլոբալ աշխարհաքաղաքական խաղացողների դիրքորոշումը, իսկ դա կարևոր է այն երկրների համար, որոնք իրենց տարածաշրջանային քաղաքականության հիմքում առնում են հենց այդ դերակատարների տեսակետերն ու արձանագրումները»։

Սեպտեմբերի 15-ին երեկոյան մոնիտորինգային առաքելությամբ Հայաստան է ժամանել ՀԱՊԿ Միացյալ շտաբի օպերատիվ խումբը, որը գլխավորում է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Հայաստանի անվտանգությունն ուղիղ և անմիջականորեն առնչվում է ՀԱՊԿ–ին անդամակցելու հետ՝ կարևորում է պրոֆեսոր Ալեքսանդր Մարկարովը և շեշտում՝ չնայած ՀԱՊԿ–ը իր որոշումների ընդունման առումով բավականին բարդ կառույց է, սակայն կարևոր առաջին քայլն արդեն կա։

«Այն հանգամանքը, որ մենք այսօր Հայաստանում ունենք ՀԱՊԿ–ի գնդապետի գլխավորությամբ համապատասխան խումբը, որն ուսումնասիրում է իրավիճակը, արդեն ահազանգ է այն մասին, որ կա ոչ միայն մտահոգություն, ինչի մասին անընդհատ խոսվում է, այլև ակնկալվում են համապատասխան օժանդակող գործողություններ, որոնք կարող են ուժեղացնել անվտանգային տարրը, որի կարիքը գուցե ունի Հայաստանը և այդ կարիքը փորձում է լրացնել՝ միջազգային ատյանն օգտագործելով։ Ըստ էության, այս միջազգային ատյանների դերն ու նշանակությունը ոչ միայն քննադատելու մեջ են, այլև համապատասխան խնդրի վերաբերյալ երկրի դիրքորոշումը ուժեղացնելու համար, բայց բոլորը պետք է գիտակցեն, որ երկիրը պաշտպանելու ամենալավ գործիքը հենց սեփական ուժերն են»։

Միջազգային հանրության խնդիրը պետք է լինի նաև ուղղակի քայլեր ձեռնարկելը ռազմական գործողությունները դադարեցնելու և Հայաստանի տարածք անօրեն ներխուժած Ադրբեջանին Հայաստանի սուվերեն տարածքից հեռացնելու համար՝ ասում է Մարկարովը։

Միջազգային հանրությունից սպասելիքները նույնն են նաև ԱԺ ընդիմադիր թևում․ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասում է՝ Հայաստանի ակնկալիքները ռազմավարական դաշնակցից ու ՀՀ բարեկամ այլ երկրներից շարունակում են նույնը մնալ։ Օգնում են կռվողին՝ ասում է, նաեւ շեշտում՝ մեր երկիրը հույսեր է կապում ՀԱՊԿ-ի ու ռազմավարական դաշնակիցների հետ․ ինչպես Հայաստանն է եղել դաշնակից, այնպես էլ համարժեք աջակցություն պետք է ցուցաբերվի Հայաստանին։ Պահն է՝ շեշտում է։

Խորհրդարանում նաեւ կարծում են՝ ՄԱԿ-ում հնչած հասցեական գնահատականները հիմք են լինելու Հայաստանի հետագա դիվանագիտական աշխատանքի, Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու և առնվազն հակամարտությունը բանակցային սեղան տեղափոխելու համար։

Back to top button