ԿարևորՀասարակություն

Մարզերում չպայթած զինամթերքը կվնասազերծվի

Ականներն ու չպայթած զինամթերքը վտանգավոր են հատկապես խաղաղ ժամանակներում, երբ վտանգի նկատմամբ զգոնությունը համեմատաբար ավելի թույլ է։ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնից «Ռադիոլուր»-ին փոխանցել են, որ իրավիճակի կայունանալուն պես վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու հանրապետության 4 մարզերում։ Ռազմական գործողությունների ընթացքում թշնամին թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքները։ Պատասխանատուներն ասում են, որ բոլոր տվյալները պատշաճ ներկայացվում են միջազգային հանրությանը։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի մասնագետները Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի ու Տավուշի մարզերում տեխնիկական հետազոտություններ իրականացնելուց հետո կվերացնեն այդ բնակավայրերում չպայթած զինամթերքը։ Կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Կարինե Հախնազարյանը նշում է՝ աշխատանքները առայժմ չեն մեկնարկել։

«Ականները և չպայթած զինամթերքը խաղաղ պայմաններում ավելի մեծ վտանգ են պարունակում, այդ իսկ պատճառով իրավիճակը կայունանալուն պես մեր մասնագետները կմեկնեն այդ շրջաններ, և տեխնիկական հետազոտություն անցկացնելուց հետո, տարածքները պարզելուց հետո կսկսվեն մաքրման աշխատանքները»։

Թե կոնկրետ որ բնակավայրերում է վնասազերծման ավելի մեծ աշխատանք սպասվում, դեռ հնարավոր չէ ասել։ Սակայն թիրախավորված բնակավայրերում մարդիկ շարունակում են իրենց կյանքը՝ փաստացի պայթունավտանգ իրավիճակում։ Մինչև մաքրման աշխատանքների մեկնարկը կենտրոնից հորդորում են չմոռանալ այս դեպքում ամենագլխավորի մասին։

«Ամենակարևորը անծանոթ իր հանդիպելիս ոչ մի դեպքում ձեռք չտալ, խուճապի չմատնվել, կանգ առնել, զանգահարել մասնագետների։ 08009000 սա հումանիտար ականազերծման փորձագիտական կենտրոնի անվճար թեժ գծի հեռախոսահամարն է։ Կարող են նաև զանգահարել մեր գործընկերներին ԱԻՆ՝ 911 և ոստիկանություն՝ 102։ Ամենակարևորը ոչ մի անծանոթ իրի՝ փոքրից մինչև մեծ, ոչ մի առարկայի ձեռք չտալ»։

Թշնամին թիրախավորել է կոնկրետ  բնակավայրեր։ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուկչյանի հաղորդմամբ՝ Վայոց ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, Կեչուտի ջրամբարի վրա երկու արկ է ընկել, վնասվել են Ջերմուկի ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, անձնական օգտագործման մեքենաներ ու գույք։ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում խափանվել են էլեկտրամատակարարման գծեր։

«Ռմբակոծության հետևանքով վնասվել են շտապօգնության մեքենաներ: Գեղարքունիքի մարզում հիմնականում վնասվել են մարդկանց տները, հեկտարներով ցորենի և գարու արտեր: Սոթքում 55-60 տուն է վնասվել, անասնագոմեր, գազամատակարարման բազմաթիվ խողովակներ են վնասվել և մի շարք մասնավոր մեքենաներ»։

Փոխնախարար Դավիթ Համբարյանն էլ տեղեկացնում է՝ Գեղարքունիքի մարզի շենքերն ամենաշատն են վնասվել։ Ընդհանուր առմամբ այս մարզում վնասված շենք-շինությունների քանակը հասնում է 195-ի։ Վնասվել է նաև 150 հեկտար ցորենի, գարու ցանկատարածություն։ Սյունիքի մարզում վնասված շենքերի քանակը 5-ն է, Վայոց Ձորում՝ 9-ը։ Համբարյանը ներկայացնում է նաև այս մարզերում հրդեհային պատկերը՝ թվերով․

«Հրետակոծության հետևանքով նշված 3 մարզերում մի շարք խոտածածկ և անտառապատ տարածքներում, մասնավորապես՝ Սյունիքի մարզում 5 խոտածածկ տարածքում, Վայոց Ձորի մարզում՝ Ջերմուկ քաղաքի մոտակայքում 7 խոտածածկ տարածք և 3 անտառապատ տարածքներում հրդեհների օջախներ են նկատվել»։

Սեպտեմբերի 16-ի ժամը 14։00-ի դրությամբ նշված բոլոր օջախները մարված են։ Միակ բացառությունը Ջերմուկի անտառների շրջանում ծխացող մեկ օջախն է, որը, սակայն, դիտարկվող տարածք է, և այնտեղ մարման աշխատանքներ չեն իրականացվում անվտանգությունից ելնելով։

Կառավարության նիստում արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հայտնած՝ քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման մասին տվյալներն արդեն իսկ ներկայացվում են նաև միջազգային հանրությանը։

Back to top button