ԿարևորՔաղաքական

Հնարավորություն՝ ԱՄՆ–ՌԴ դիմակայության ֆոնին․ ամերիկյան բարձրաստիճան այցին ընդառաջ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ նենսի Փելոսիի առաջիկա այցը Հայաստան մասնագետները կարևոր իրադարձություն են համարում՝ հիշեցնելով, որ սա ամերիկյան երբևէ ամենաբարձրաստիճան այցն է Հայաստան և կարևորելով, որ այն տեղի է ունենում հենց այս փուլում։ Փորձագետների մի մասն այցը պաշտոնական Երևանի համար հնարավորություն է համարում, մյուսներն այն դիտարկում են Միացյալ Նահանգներ–Ռուսաստան դիմակայության համատեքստում։

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հաստատել է Հայաստան կատարելիք այցի մասին տեղեկությունը։  «Չգիտեի, որ իմ այցի ծրագիրը հրապարակվել է: Վաղը մեկնում եմ  Հայաստան»,- ասել է Փելոսին՝  Բեռլինում «Մեծ յոթնյակի երկրների» խորհրդարանների ղեկավարների ասուլիսի ժամանակ:

Ավելի վաղ Ամերիկյան Politico-ն հայտնել էր, որ Փելոսին առաջիկա շաբաթվա վերջին կայցելի Հայաստան՝ Երևանին աջակցություն ցույց տալու համար։ Ըստ հրապարակման՝ նա կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև հանրապետության այլ պաշտոնյաների հետ։

Փելոսին այցը կիրականացնի կոնգրեսական  Ջեքի Սփեյերի ուղեկցությամբ։

ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակի այցելությունը Հայաստան Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի փուլում թեժ քննարկումների առանցքում է։ Փորձագիական շրջանակներում  ընդգծվում է այցի կարեւորությունը։ Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է, որ Փելոսին երբևէ Հայաստան այցելող ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Ի դեպ , սպասվող այցի մասին Սարգսյանը գրել էր դեռ  օգոստոսի 23-ին։

Միջազգայնագետը մի քանի ընդգծումներ է անում, մասնավորապես հիշեցնում է, որ Փելոսին ամերիկյան ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից է, նախագահ Բայդենի թիմակիցը: Այցի նախաձեռնությունն անձամբ Փելոսիինն է, և այն տարածաշրջանային չէ․ պաշտոնյան Գերմանիայից ուղիղ գալու է Հայաստան:

«Եվ ամենակարևորը՝ երբ ազդեցիկ գործիչը որոշել էր գալ, դեռ ադրբեջանական ագրեսիան տեղի չէր ունեցել: Հանգիստ կարող էր չեղարկել, հետաձգել այցը, կամ Բաքու էլ գնալ՝ պարիտետը պահելու նպատակով։ Փելոսին, չնայած պատերազմին և ներամերիկյան քաղաքական գործընթացներին, այդուհանդերձ որոշել է  գալ Հայաստան և այս հանգամանքը պետք է հօգուտ մեզ օգտագործել »–գրել է Սարգսյանը։  Ի դեպ Սուրեն Սարգսյանը,  սպասվող այցից մոտ մեկ ամիս առաջ  տեղեկացնելով դրա  մասին,  առաջարկել էր, որ Փելոսին այցելի նաև Արցախ: Առաջարկն ընդունվել է, թե ոչ՝  փորձագետը տեղյակ չէ:

Ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո սոցցանցերում նաև առաջարկ է հնչում  ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակին ուղեկցել Ջերմուկ։ Մասնավորապես aliqmedia.am-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը առաջարկում է թեկուզ 1 ժամով ուղղաթիռով Ջերմուկ գնալ, նշելով, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն այս հարցում լավ փաստարկ ունի` ծագումով Ջերմուկից է:

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը Նենսի Փելոսիի Արցախ ուղեկցելու մասին առաջարկները ֆանտաստիկայի կամ արկածախնդրության ժանրից է  համարում, սակայն նշում է, որ  սահմանային որևէ շրջան տանելը օգտակար կլինի՝ ներկայացնելու ապացույցներ ադրբեջանական զորքերի առաջխաղացման ու դրա հետևանքների վերաբերյալ։

«Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի ղեկավար , քաղաքական վերլուծաբան Հայկ Այվազյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, ի տարբերություն սոցցանցերում տիրող ոգեւորությանը, զգոնության կոչ է անում․

«ԱՄՆ-ՌԴ պատերազմի արտացոլումները մենք տեսնում ենք նաեւ Հայաստանում։ Եվ այցը կապված է հենց դրա հետ։ Այս պահին ԱՄՆ-ին պետք է պատերազմ՝ տարածաշրջանային բոլոր խաղացողների մասնակցությամբ։ Այդ պատճառով ՌԴ գնալով այն ճանապարհով, որը մեզ մոտ բերում է հակառուսական ալիքի բարձրացման , ուղիղ ռազմական միջամտություն չի ցուցաբերում Ադրբեջանի դեմ, որովհետեւ որ պահին, որ ուղիղ ռազմական միջամտություն դրսեւորի, կդառնա հակամարտության կողմ, որից հետո արդեն խաղին կմիջամտի Թուրքիան իր ԶՈՒ-ով, այդ դեպքում արդեն Իրանը կմիջամտի, քանի որ բազմիցս հայտարարել է , որ թույլ չի տա, որ տարածաշրջանի աշխարհագրությունը փոխվի ու Հարավային Կովկասում կսկսի արյունալի մեծ պատերազմ»։ 

ԱՄՆ–ն, նրա կարծիքով, ձգտում է պատերազմի եւ խնդիրը փորձում է  լուծել այլ երկրների միջոցով՝ Թուրքիա-Իրան-Ադրբեջան-Հայաստան- Ռուսաստան հակադրությունների հաշվին։

Քաղաքական վերլուծական շրջանակներում այս առումով տեսակետերը տրամագծորեն տարբեր են։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը, անդրադառնալով  Փելոսիի այցին, այն Երևանին մեկնված ձեռք է որակում, հավանաբար՝ վերջին անգամ։ «Խնդրեք լիակատար աջակցություն քաղաքակիրթ աշխարհի լիիրավ մաս դառնալու համար, խնդրեք օժանդակություն, երաշխիքներ եւ դուրս բերեք երկիրը թշնամաբար տրամադրված եւ անօգուտ դաշինքներից»,–գրել է քաղաքագետը։

Իսկ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը Նենսի Փելոսիին կոչ է անում անհապաղ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական օժանդակությունը։

Փելոսիին  հղված նամակում Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը Ներկայացուցիչների պալատի խոսնակին հորդորել է ձեռնարկել որոշակի օրենսդրական գործողություններ՝ երաշխավորելու համար, որ 2023թ․ ֆիսկալ տարվա համար նախատեսված ԱՄՆ արտաքին օժանդակության և «Ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» ֆոնդերից Ադրբեջանը չստանա որևէ տեսակի օժանդակություն։ Ավելին, Համբարյանը կոչ է արել վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի պահանջները և ԱՄՆ նախագահին օրենսդրորեն զրկել այդ ակտի հոդվածների պահանջները շրջանցելու իրավունքից, ինչպես նաև առհասարակ բացառել Ամերիկյան Կոնգրեսի կողմից հաստատված որևէ ծրագրով Ադրբեջանին օժանդակության տրամադրումը։

Back to top button