ԿարևորՀասարակություն

Հաստատվել է բուհերի 2023/2024 ուստարվա ընդունելության քննությունների ցանկը. դիմորդը կարող է քննություն հանձնել երկու անգամ

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հաստատվել է բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա)  2023/2024 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, գիտելիքների ստուգման գործընթացն իրականացվում է միասնական մոտեցմամբ. անկախ բուհի կարգավիճակից՝ պետական և ոչ պետական հաստատությունների բոլոր դիմորդները հանձնում են ընդունելության առնվազն 2 քննություն: Կան մասնագիտություններ, որոնց համար սահմանվել են կամընտրական քննություններ՝ դիմորդներին հնարավորություն տալով իրենց ցանկությամբ ընտրել քննական առարկան:

Ըստ ընդունված որոշման՝ կանոնակարգվել են բուհերում նույն մասնագիտության (կրթական ծրագրի) համար ընդունելության միասնական չափանիշների սահմանումը և մուտքային պահանջների համապատասխանությունը՝ նկատի ունենալով ՀՀ կառավարության որոշմամբ տվյալ մասնագիտության համար շրջանավարտին շնորհվող համապատասխան որակավորումը:

Ըստ այդմ` նույն մասնագիտության դիմորդները պետք է հանձնեն ընդունելության նույն քննությունները` անկախ ընտրած բուհից:

2023/2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ: Առաջին փուլում դիմումների հայտագրումը կիրականացվի այս տարվա դեկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 25-ը, իսկ քննությունները կանցկացվեն հաջորդ տարվա հունվար-փետրվար ամիսներին (հունվարի 15-ից մինչև փետրվարի 15-ը):

Երկրորդ փուլի հայտերն ընդունվելու են 2023 թվականի ապրիլի 15-ից մինչև մայիսի 10-ը, իսկ քննությունները կանցկացվեն հունիսի 1-ից հուլիսի 10-ն ընկած ժամանակահատվածում:

Back to top button