ԿարևորՔաղաքական

Իշխանությունը հորդորում է զգոն լինել, ընդդիմությունը՝ ճիշտ գնահատել իրավիճակը

Առաջնագծում հարաբերական անդորր է, որի իրական պատճառները դեռ հստակ  չեն։ Ոչ իշխանական թևում, ոչ էլ ընդդիմադիրում չեն բացառում ռազմական գործողությունների շարունակման  հավանականությունը։  Իշխանությունը հանրությանը հորդորում է չկորցնել զգոնությունը, իսկ ընդդիմադիրները իշխանությանն են հորդորում  հստակ գնահատել իրավիճակը։ Համոզված են՝ Ադրբեջանն ամեն կերպ շարունակելու է սեղմել օղակը Հայաստանի շուրջ։

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը համոզված է, որ Հայաստանը պետք է մշտապես պատրաստ լինի Ադրբեջանի սադրանքներին, ուստի կարծում է, որ այս իրավիճակում իշխանությունները պարզապես պարտավոր են հստակ գնահատել իրավիճակն ու փոփոխությունները։ Օհանյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը բոլոր միջոցներով փորձում է սեղմել օղակը Հայաստանի  շուրջ․

«Ռազմաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մշտապես կարող են բռնկվել մարտական գործողություններ, և ՀՀ իշխանությունները պարտավոր էին ԶՈՒ-ն, հասարակությանը նախապատրաստել, որպեսզի չունենայինք այսպիսի աղետալի իրավիճակ։ Կորուստների զգալի մասը տեղի է ունեցել այն խրամատներում, որոնք որ լիարժեք կահավորված չեն։ Եվ հիմա մենք կարող ենք ուղիղ հարց տալ իշխանությանը՝ «ինչու ասֆալտները կահավորված են, ինչու տարբեր գինու փառատոների համար գումարներ են ծախսվում, բայց առաջին գիծը՝ խրամատները հակառակորդի հրետանակոծությունից, ԱԹՍ-ներից պաշտպանվելու համար կահավորված չի եղել»։

Անդրադառնալով  օկուպացված 10 քառ կմ տարածքին՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատում է՝ ցանկացած տարածք, որտեղ մենք ներկայացված ենք եղել, ունեցել է ռազմավարական նշանակություն: Այս գործողություններով Ադրբեջանն, ամենայն հավանականությամբ,  մինչև դեմարկացիայի փուլը փորձում է բարելավել սահմանային դիրքերը․

«Նկատելի է, որ Ադրբեջանը մինչև դեմարկացիայի փուլ մտնելը փորձում է սահմանային իր դիրքերը ավելի բարելավել, դա այն է, ինչ այս թվերի շրջանակում իրեն հաջողվել է։ Բայց դրանից հետո եղել են դիրքեր, որոնք մեր գործողությունների արդյունքում անցել են նորից հետ՝ մեր տնօրինման տակ, վեց դիրքերի մասին է խոսքը»։

Թեև այս պահին առաջնագծում հարաբերական դադար է, բայց դեռևս պարզ չէ, թե իրական ինչ դրդապատճառներ կան դրա հետևում։ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը որոշ ենթադրություններ ունի․

«Արդյոք դա պայմանավորվա՞ծ է Հայաստանի իշխանությունների առաջարկներով կամ որևէ բանավոր պայմանավորվածությամբ, որը կարող է ինչ-որ փուլում երաշխիքներից վերածվել իրավական ուժ ունեցող որևէ փաստաթղթի, թե՞ դա պայմանավորված է առաջնագծի տարբեր ուղղություններվ, այդ թվում՝ Նախիջևանի ուղղությամբ տեղի ունեցող վերախմբավորումներով, ինչը կարող է նոր սպառնալիքներ ստեղծել և ՀՀ և Արցախի համար»։

Որ իրադրությունը շարունակում է լարված մնալ, արձանագրում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարություն այս պահին կառավարությունը չի տեսնում․

«Մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում: Նաեւ կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ եւ այդ խնդիրը կլուծվի: Առավել եւս մենք հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավելու ծառայության մեջ»։ 

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հիշեցրեց, որ թե «Աշխարհազորի մասին» օրենքը, թե եռամսյա հավաքներին վերաբերող  կառավարության որոշումները եւ «Պաշտպանության մասին» օրենքը այդ հնարավորությունները տալիս են։ Բոլոր այն քաղաքացիներին, որոնք կամավոր ուզում են զինվորագրվել եւ նախնական պատրաստություն անցնել, զինկոմիսարիատները պատրաստ են ընդունել և տեղորոշել՝ ըստ վայրերի։

Back to top button