ԿարևորՀասարակություն

Երևանում բացվեց Արմենիա էքսպո-2022 առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը

Յոթ երկրի 184 ընկերություն է ներկայացված Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 16-ին բացված  Արմենիա էքսպո-2022  տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում։ Վերջինս, որ թվով քսանմեկերորդն է՝ կազմակերպվել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության ու  «Լոգոս էքսպո կենտրոնի» կողմից։

Շնորհակալություն հայտնելով այս ծանր ժամանակաշրջանում ցուցահանդեսին մասնակցության համար՝ «Լոգոս էքսպո կենտրոնի» գլխավոր տնօրեն Սուրեն Նազինյանը ներկաներին խնդրել է մեկ րոպե լռությամբ հարգել Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը։

«Ի հեճուկս մեր թշնամիների բոլոր նկրտումների՝ մենք բացում ենք այս ցուցահանդեսը, որը բնույթով գլխավոր և ամենաընդգրկունն է և իր  հաստատատուն տեղն ունի Հայաստանի գործարար կյանքում»,-բացման խոսքում նշել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը։ Նրա խոսքով՝ այս ամենամյա ցուցահանդեսը ներկայացուցչական հարթակ է, որն ի մի է բերում հայրենական և արտերկրի ձեռներեցներին՝ հնարավորություն տալով պատշաճորեն ներկայացնել իրենց բազմապիսի արտադրանքը։ Այն մասնակիցներին թույլ է տալիս ծանոթանալու և ձեռք բերելու անհրաժեշտ տեղեկատվություն ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան ընկերությունների, կազմակերպությունների, ապրանքանիշերի վերաբերյալ, հաստատել գործարար կապեր, գտնել ներդրումային նոր հնարավորություններ ու շուկաներ։

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանի ավագ խորհրդական Սերգեյ Տրոցյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ընդգծել է ցուցահանդեսի կարևորությունն ու կազմակերպվածության բարձր մակարդակը։ Նրա ներկայացմամբ, բելառուսական պատվիրակությունը տարեցտարի ավելացնում է իր մասնակցության աստիճանը, և այս տարի, նախորդի հետ համեմատած, կրկնապատկվել է մասնակից ընկերությունների թիվը։ Նա հույս է հայտնել, որ առաջիկայում Երևանում հնարավոր կլինի բացել նաև բելառուսական արտադրանքի առանձին ցուցահանդես։

ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության ղեկավար Աննա Դոնչենկոն բարձր է գնահատել համանման հարթակների գործունեությունը, ընդծելով կազմակերպչական բարձր մակարդակը և ռուսական ընկերությունների շահագրգիռ մասնակցությունը։ Զարգացնելով բելառուսական կողմի գաղափարը, նա նպատակահարմար է համարել ապագայում Երևանում կազմակերպել նաև ԵԱՏՄ երկրների առևտրաարդյունաբերական ցուցահանդես։

Արմենիա էքսպո-2022-ի մասնակցողների ավելի քան 70%-ն արտասահմանյան ընկերություններ և կազմակերպություններ են, որոնք ներկայացնում են Ռուսաստանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Վրաստանը, Լիտվան։ Ցուցահանդեսի բացառիկությունն իր թեմատիկ կառուցվածքում է՝ ընդգրկելով գրեթե բոլոր ոլորտները՝  էներգետիկայից, մեքենաշինությունից, շինարարությունից՝ մինչև տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդի արդյունաբերություն, զբոսաշրջություն և այլ բնագավառներ։

Ցուցահանդեսի շրջանակներում նախատեսված են նաև կլոր սեղաններ և շնորհանդեսներ։ Ցուցահանդեսը կգործի մինչև սեպտեմբերի 18-ը:

Back to top button