ԿարևորՀասարակություն

192 տուն է վնասվել, 60–ը՝ ամբողջությամբ․ թշնամու թիրախում են դպրոց, մանկապարտեզ, շտապօգնության մեքենա  

Թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով նախնական գնահատումներով ավելի շատ վնասվել են են Գեղարքունիքի մարզի տները։

Բայց թշնամու թիրախում հայտնված բոլոր մարզերում էլ վնասները շատ են։

Երեք հյուրատուն ու մեկ առողջարան է վնասվել Ջերմուկում, Սոթքում թիրախավորել է գյուղապետարանի շենքն ու դպրոցը։ Վնասված ռազմական օբյեկտների՝ մասնավորապես հոսպիտալների մասին ՏԵԿ–ում տեղեկություն չունեն։ Բայց գիտեն, որ բուժկետեր նույնպես թիրախավորել է թշնամին։ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունը նաև վիրավորված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատում է կատարում։

Սյունիքի մարզի Վերիշեն համայնքում բնակվող Դադունցների ընտանիքը սեպտեմբերի 13-ի գիշերը կիսվեց պայթյուններով։ Փոշու ու ծխի մեջ ոչինչ չէին տեսնում։ Իջնում են նկուղ ու երբ մոտ մեկ ժամ անց վերադառնում են տուն, թշնամու զենքից ու ԱԹՍ–ներից վնասված տուն ու գույքն գտան.

«Լույսը վառեցինք, տեսանք արդեն ամեն ինչ փլված, կաթսաները աջ ու ձախ թափված։ Վերևում՝ ննջասենյակն է, պատերը ճաքել են»։

Գույքային վնասների նախնական գնահատում ՏԿԵ նախարարությունն ունի․ սեպտեմբերի 13–ին թշնամու սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով երեք մարզերում՝ Գեղարքունիք, Սյունիք ու Վայոց ձոր, վնասվել է 192 տուն, 60–ը՝ ամբողջությամբ։ Վնասվել են նաև օժանդակ կառույցներ, անասնապահական շինություններ ու այլ գյուղատնտեսական նշանակության գույք ու կենդանի, թշնամին վնասել է գյուղտեխնիկա, շտապօգնության 2 ու քաղաքացիական մեքենա։ Համայնքները հոսանքազրկվել են, բջջային կապի խնդիրներ նույնպես կան՝ մանրամասնում է  ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը.

«Այս պահին միայն խնդիր ունենք Ներքին Շորժայի հատվածում։ Հասկանալի պատճառներով դեռ հոսանքի մատակարարումը, դրա հետ կապված նաև հեռահաղորդակցությունը՝ բջջային կապը վերականգված չէ։ Առաջին իսկ հնարավորության դեպքում այն կվերականգնվի։ Այլ կարգի բնականոն կյանքը խաթարող ենթակառուցվածքային խնդիրներ՝ ճանապարհներ, ջրամատակարարում, չունենք։ Կան լոկալ վնասվածքներ, որոնք հընթացս կարգավորվում են կամ կկարգավորվեն ամբողջությամբ»։

Երեք հյուրատուն ու մեկ առողջարան է վնասվել Ջերմուկում, թիրախում հայտնվել ու վնասվել է  ճոպանուղին, թշնամին Սոթքում թիրախավորել է գյուղապետարանի շենքն ու դպրոցը։ Վնասված ռազմական օբյեկտների, մասնավորապես, հոսպիտալների մասին ՏԵԿ–ում տեղեկություն չունեն։ Բայց գիտեն, որ բուժկետեր նույնպես թիրախավորել է թշնամին։ Վնասված գույքի հստակ պատկեր կլինի օրերի ընթացքում։ Մասնագիտացված խմբեր կձևավորեն, ամբողջությամբ կգույքագրեն վնասները՝ խոստանում է Վաչե Տերտերյանը։

Ռազմական գործողությունների թիրախում հայտնված բնակիչների տարհանում չկա, բայց ընտանիքներն ըստ անհրաժեշտության մարզի տարածքում տեղափոխվում են անվտանգ վայր՝ հստակեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Տաթևիկ Ստեփանյանը։ Ըստ անհրաժեշտության՝ աջակցություն տրամադրում են, գիտեն, որ ռմբակոծության տակ հայտնված որևէ ընտանիք դրսում չի մնացել, նրանք տեղափոխվել են հարազատների տներ.

«Առաջնային կարիքի գնահատումը ենթադրում է սնունդ, հագուստ, կոշիկ, այն ամենը ինչ քաղաքացուն անհրաժեշտ է մի բնակավայրից մյուսը տեղափոխվելու համար, որպեսզի կարողանա իր բնական գործունեությունը ապահովել»։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել էր, որ հարձակումները հայկական բնակավայրերի նկատմամբ նաև Սյունիքի ու Գեղարքունիքի այն հատվածներից, ճանապարհներից են, որտեղ ադրբեջանական ուժերը անօրինական տեղակայվել են 2021թ. մայիսից: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը նույն կարծիքին է.

«Դրանից հետո, երբ իրենք իրենց համար զբաղեցրեցին շատ ավելի բարենպաստ տեղեր, և թիկունքային ճանապարհների համար ապահովեցին շատ ավելի բարենպաստ պայմաններ, այլևս անհնար էր թեկուզ և  բուֆերային գոտի ստեղծելով՝ խոսել անվտանգային մեսիջների մասին»։

Թաթոյանի գնահատմամբ այդ զինված տեղակայումներն արդեն իսկ իրական սպառնալիք են մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին ու երկրին։ Վիրավորներ կան ոչ միայն զինծառայողների, այլ նաև խաղաղ բնակչության շրջանում։ Հայաստանը ունի բոլոր հիմքերը միջազգային ատյաններում վիճարկել թշնամի երկրի՝ Ադրբեջանի պահվածքը։ Փորձագիտական դաշտում վստահ են՝ գործընթացը կձգձգվի, բայց դրական արդյունքներն ակնհայտ կլինեն։

Back to top button