Երաժշտական եռանկյունի

«Ֆրեսկո» միջազգային կինոփառատոն-2022՝ երաժշտական բաղադրիչ․ «Երաժշտական եռանկյունի»

Այս տարվա ամառը լի էր բազմաթիվ երաժշտական իրադարձություններով՝ հյուրախաղեր, համերգներ, փառատոներ։

«Ֆրեսկո» փառատոնն առանձնանում է մյուս բոլոր փառատոներից նախ իր թեմատիկ ուղղվածությամբ՝ հոգևոր և մարդասիրական թեմաներով կինոնկարներ, հասանելիությամբ — բոլոր միջոցառումների մուտքն ազատ է, աշխարհագրությամբ — կինոդիտումները և այլ միջոցառումները ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև մարզերում են ընթանում, նաև ներառական հատուկ խմբերի ներգրավվածությամբ։

«Բացի այդ, մենք կազմակերպում ենք վարպետաց դասեր և հանդիպումներ հայրենական և արտասահմանյան մշակութային գործիչների հետ, ինչպես նաև հատուկ ծրագրեր ենք իրականացնում ներառական կենտրոնների և բժշկական հաստատություններում օգնություն ստացող խմբերի հետ։ Օրինակ այս տարի մենք կինոդիտում և քննարկում ենք ունեցել «Զինվորի տանը»»,- ասում է փառատոնի հիմնադիր Շահեն Նազարենկոն։

«Մեծ նշանակություն ենք տալիս հատկապես ներառական խնդիրներ ունեցող մանկական խմբերին, ստեղծում ենք հատուկ միջավայր և հնարավորություն, որպեսզի արթնացնենք նրանց մեջ ստեղծագործելու ցանկությունը, դա ունի հսկայական թերապևտիկ և հասարակության մեջ ինտեգրվելու նշանակություն»,- շարունակում է երեխաների հատուկ ստեղծագործական ՊՈԱԿ կենտրոնի գեղարվեստական գծով փոխտնօրեն Սոնա Սերոբյանը։

«Ֆրեսկոյի» ամենամեծ առանձնահատկությունը կայանում է նրանում, որ կինոդիտումներին և հանդիպում-քննարկումներին զուգահեռ կազմակերպվում են համերգային ծրագրեր։ Այս տարի դրանք անցկացվեցին Վանաձորում և Երևանում։

Սուրբ Աննա և Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում օգոստոսի 25-28-ը կազմակերպվեցին բացօթյա 4 համերգներ՝ «Հովել» նախագծի, Վահան Արծրունու կամերային նախագծի, դաշնակահար Հայկ Մելիքյանի համերգները և «Անուշ» օպերայի բացօթյա ներկայացումը։

Բոլորին իրենց մասնակցությունն էին բերել տարբեր ներառական խմբերի ներկայացուցիչ երաժիշտներ, ինչը մեծ հուզական պահեր հաղորդեց համերգներին ներկա հարյուրավոր հայաստանցի և արտերկրյա հանդիսատեսին։

Հաղորդման ընթացքում հնչում են «Ֆրեսկո-2022» փառատոնի համերգների մասնակիցերի կատարումները։

Back to top button