Մոռացված ֆիլմերի ստվերները

«Տարածական մոնտաժի» հեղինակը, որի կյանքը չի մոնտաժվել, դեռ խմբագրվում է. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

«Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայի կինոդիտման սրահում Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմի առաջին դիտումն անցավ ծափերի և հիացական գնահատականների ներքո։ Կինոռեժիսորի ֆիլմը հիացրել էր Գեղարվեստական խորհրդի անդամներին։ Ոչ ոք չէր կարող երևակայել, որ կարճ ժամանակ անց ֆիլմը, ավելի քան մեկ տարի համամիութենական էկրան բարձրանալու թույլտվություն չէր ստանալու։

Ինչպես կինոյում, այնպես էլ կյանքում յուրօրինակ, հարցազրույցներից ու բառերից մշտապես խուսափող կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանն իր կինոկենսագրությունն սկսեց անցյալ դարի 60-ականներին:

Մոսկվայի՝ կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի՝ ՎԳԻԿ-ի կինոռեժիսուրայի ֆակուլտետում ուսանելու տարիներին նա նկարահանեց իր առաջին՝ «Լեռնային պարեկ», «Մարդկային երկիրը» ֆիլմերը։ Իսկ արդեն հաջորդ ֆիլմը՝ «Սկիզբը» ազդարարեց նոր կինեմատոգրաֆի՝ փելեշյանական կինոյի մուտքը։

Արտավազդ Փելեշյանի՝ «Տարածական մոնտաժ» գիրքը ռուսերենից հայերեն թարգմանած Էմանվել Մանուկյանը պատմում է, որ Փելեշյանն իր տեսությամբ իրապես հարստացրեց մոնտաժի գաղափարը։ 

Էմանվել Մանուկյան

«Անշուշտ, «Մենք» ֆիլմը, ինչպես նաև համամիութենական կինոինստիտուտում  նկարահանած Փելեշյանի դիպլոմային  աշխատանքը՝ «Սկիզբ»-ը և հաջորդ ֆիլմերն էլ հաստատեցին այն  հանգամանքը, որ նա նոր խոսք է ասել կինոարվեստի այնպիսի  հիմնարար մի հատկանիշի մասին, ինչպիսին մոնտաժն է»,- ասում է Էմանվել Մանուկյանը:

Նա 1967 թվականին հրավեր է ստանում հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայից՝ իր իսկ սցենարով նկարահանելու «Մենք» ֆիլմը։ Այս ֆիլմի նկարահանումներից էլ սկսվում է կինոօպերոտոր Լաերտ Պողոսյանի և Արտավազդ Փելեշյանի համագործակցությունը, որը հետագայում վերածվում է երկար տարիների ընկերության։

Չնայած «Մենք» ֆիլմի առաջին դիտումն անցավ մեծ հաջողությամբ, սակայն, որքան էլ զարմանալի է, ավելի քան մեկ տարի ցուցադրությունն արգելվեց Խորհրդային Միության տարածքում։ Պատճառը ֆիլմի վերջին տեսարանն էր։

Լաերտ Պողոսյան

«Ֆիլմի վերջին տեսարանում պատկերված է մի շենք, որի մոտավորապես երեսուն պատշգամբները մարդկանցով լիքն են։ Այդ տեսարանից հետո մի անագամից կադրը փոխվում է և խոշոր պլանով ցույց է տրվում Մասիս սարը։ Եվ այդ տեսարանի իմաստը նա էր, որ հայ ժողովուրդն իր հայացքը միշտ ուղղում է դեպի Մասիսը և սպասում է նրա ազատագրմանը։ Կինոյի պատասխանատուները շատ լավ հասկացան Փելեշյանի ակնարկը և Թուրքիայի հետ Խորհրդային Միության դիվանագիտական կապերի վատթարացումից խուսափելու համար ֆիլմի ցուցադրությւոնը արգելվեց»,- նշում է Լաերտ Պողոսյանը։

Փելեշյանի «Մենք» ֆիլմը համամիութենական էկրան կհասներ, գուցե երկար տարիներ հետո, եթե չլիներ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի՝ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի ղեկավար Կարլեն Դալլաքյանի միջամտությունը։

Լաերտ Պողոսյան

«Կարլեն Դալլաքյանն ինձ և Արտավազդ Փելեշյանին կանչեց Կենտկոմ։ Մենք գնացինք, և նա մի խորամանկ հնարք մեզ առաջարկեց։ Զանգահարեց այն ժամանակվա Հեռուստառադիոպետկոմի նախագահ Ստեփան Պողոսյանին և առաջարկեց, որ ցերեկային որևիցե մի ժամի կինոնկարը եթեր գնա։ Գիտեք, խորհրդային տարիներին ֆիլմը համարվում էր ընդունված, եթե այն գոնե մեկ անգամ ցուցադրվում էր հեռուստատեսությամբ կամ որևիցե մի այլ վայրում։ Այն տարիներին  ցերեկային ժամերին առանձնապես հեռուստացույց չէին դիտում և կինոյի պատասխանատուների ուշադրությունից հաստատ կինոնկարի ցուցադրությունը վրիպելու էր։ Եվ այդպես էլ եղավ։ Ֆիլմը ցուցադրվեց, որից հետո այն դադարեց համարվել արգելված»,- ասում է Լաերտ Պողոսյանը։

Կինոլեզվի մի հրաշալի մտահղացում քիչ էր մնում ճակատագրական դառնար Արտավազդ Փելեշյանի «Մենք» ֆիլմի համար։ Ֆիլմ, որի  27 րոպեների մեջ մեծ արվեստագետն ամփոփել է հայ ժողովրդի պատմական ճակատագիրը, նրա երազանքները, ձգտումները, տառապանքը և բոլորիս ուղարկել մի կարևոր ուղերձ. «Յուրաքանչյուրս այս ժողովրդի մի մասնիկն ենք, և գիտենք համախմբվել ճակատագրական պահերին»։

Back to top button