Դպրություն

Բուհական խնդիրները սկսվում են դպրոցից․ «Դպրություն»

«Շատ գործոններ են ազդում դպրոցի որակի վրա։ Ես միշտ կարևորում եմ երկրի միջավայրը, որովհետև, ընհանրապես դպրոցական համակարգերի հիմքում պետությունն է։ Եվ եթե երկրի պետականության հիմքում կան խնդիրներ՝ դրանք անմիջապես արտացոլվում են նաև դպրոցում։ Օրինակ՝ վերջին 30 տարիների ընթացքում անընդհատ և ամեն ինչ՝ դպրոց, համալսարան, քոլեջ, տվեցինք շուկայական տրամաբանության և այս տրամաբանության մեջ դպրոցը շատ հարցերում պարտվում է, որովհետև դպրոցը միշտ չէ, որ շուկայական հարաբերություններում պետք է հայտնվի։

Սերոբ Խաչատրյան

Սա առաջին գործոնն է։ Հաջորդը՝ մենք երեխաներին այդպես էլ լավ օրինակներ ցույց չենք տալիս։ Երկրորդ գործոնը, որ լրջորեն ազդել է կրթության որակի վրա, դպրոցի վրա՝ բացասական առումով համակարգի բացակայությունն է։ Ցանկացած սոցիալական ինստիտուտ լավ է աշխատում, երբ կա համակարգ, և այդ համակարգը ունի իր կանոնները ու չի շեղվում դրանցից։ Եթե համակարգը գնում է զիջումների, փոխզիջումների, բացառությունների և այլն, սկսում է թուլանալ։ Մեզ մոտ հիմա այդպես է»,– ասում է կրթության ոլորտի փորձագետ փիլիսոփա Սերոբ Խաչատրյանը։

Խաչատուր Ստեփանյան

«Թե՛ բուհական համակարգում, թե՛ դպրոցական կրթական համակարգում, հատկապես ավագ դպրոցում, ըստ էության կրթական միջավայր չկա կամ շատ քիչ կա։ Իսկ կրթական միջավայրի բացակայությունը ազդում է ուսումնական գործընթացի վրա ոչ միայն գիտելիք հաղորդելու, նաև դաստիարակչական առումով։ Եթե չի գործում համակարգը՝ կրթությունը բնականաբար պետք է անկում ապրի։ Համակարգը պետք է գործի հիմնական դպրոցից ավագ դպրոց, ավագ դպրոցից՝ բուհի բակալավրիատ։ Այս անցումը պետք է համակարգված լինի»,– ասում է պ․ գ․ դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը։

Տաթևիկ Աբրահամյան

«Առհասարակ դպրոցական կրթության ընթացքում շատ քիչ կարևորություն է տրվում ընդհանուր հոգեբանական մթնոլորտին՝ բարոյահոգեբանական միջավայր կոչվածին, որը տանում է նաև կրթական միջավայրի, կրթության վերաիմաստավորմանը։ Մենք չենք փոխանցում երեխաներին զգացողություն, որ կրթությունը և դպրոցը հանդիսանում են մի վայր, որտեղ բացի սոցիալական շատ հմտություններից, կարողանում ենք ձեռք բերել գիտելիքներ, որոնք կյանքում կլինեն կիրառական։ Ներկայումս տրամադրվող գիտելիքը և դրա կիրառականությունը իրարից բավականին հեռացել են և երեխաները գալով դպրոց, չեն ստանում այն հարցի պատասխանը, թե ինչո՞ւ է սա ինձ հարկավոր հիմա, և ի՞նչ եմ անելու ես դրա հետ հետագայում»,– ասում է կրթության հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը։

Back to top button