ԿարևորՀասարակություն

Սյունիքի  հրետակոծության հետևանքով վնասվել են 1 տասնյակից ավելի բնակավայրեր

Հակառակորդի հրետակոծության հետևանքով սեպտեմբերի 13-ից 14-ը Սյունիքի մարզում վնասվել են 1 տասնյակից ավելի բնակավայրեր՝ բազմաթիվ բնակելի տներ,  էլեկտրասնուցման գծեր, Նորավան գյուղի գերեզմանոցը, Քարաշեն գյուղի մշակույթի տունը, Սիսիան համայնքի Նորավան և Աղիտու բնակավայրերը կապող ճանապարհը։ Այս մասին «Ռադիոլուրի» հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանը։ Զրուցել է  Սյունիքի մեր թղթակից Արմեն Դավթյանը։

Պարոն Մարտիրոսյան, արդեն քարտեզագրվե՞լ է, թե մարզին ինչքան վնաս է հասցվել հրետակոծության հետևանքով։

-Այո, որոշ տվյալներ արդեն ունենք։ Գորիսի համայնքի Վերիշեն բնակավայրում վնասվել է 3 բնակելի տուն, մեկ բնակարանի ապակիներն են ջարդվել, Ակներում վնասվել է 1 բնակելի տուն, Տեղ համայնքի Քարաշեն բնակավայրի հանդիսությունների սրահն է հրետակոծվել,   Սիսիան համայնքի Վաղատին, Որոտնավան, Շամբ, Դարբաս, Գետաթաղ, Լոր, Լեռնաշեն, Դաստակերտ բնակավայրերը սպասարկող 110 կիլովոլտանոց և 35 կիլովոլտանոց ենթակայանների սնուցման էլեկտրասնյուներն են վնասվել, ինչպես նաև Կապան համայնքի Ներքին Հանդ, Ծավ և Շիշկերտ բնակավայրերը սնուցող էլեկտրամատակարարման գծերը, որոնք արդեն վերականգնվել են։

Վնասվել է Տեղ համայնքի Վաղատուր բնակավայրի գազատարը, որն արդեն վերականգնվել է։ Վնասվել է Սիսիան համայնքի Նորավան–Աղիտու ճանապարհը, և քանի որ դա անցնում էր Նորավանի մոտով, վնասվել է Նորավանի գերեզմանոցը։ Քաղաքացու սեփականություն հանդիսացող ավտոմեքենա է վնասվել Նորավանում, իսկ Կապանի բժշկական կենտրոնի երկու շտապ օգնության մեքենա է վասվել  Կապան–Ճակատեն ճանապարհին․ հրազենից են կրակել, մյուսը Ճակատեն-Շիկահող ճանապարհին՝ բեկորային վնասվածք։

Պարոն Մարտիրոսյան, կա՞ն տվյալներ քաղաքացիական անձանց վիրավորվելու կամ զոհվելու մասին։

-Երեկվա տվյալներով՝ ունեցել ենք 2 վիրավոր քաղաքացիական անձանց շրջանում և մեկ զոհ։ Զոհը Սիսիանի Նորավան համայնքից է, վիրավորներից մեկը Տեղ համայնքից, մյուսը՝ Սիսիան համայնքից։

Back to top button