ԿարևորՔաղաքական

Որքանո՞վ փոխված պայման-պահանջներով կհանդիպեն Երևանն ու Բաքուն բանակցային հաջորդ սեղանի շուրջ

Շուրջ 44 ժամ տևած ռազմական գործողություններից հետո միջազգային հանրության ներգրավմամբ հայ–ադրբեջանական սահմանին հրադադար է։ Կայուն, թե անկայուն՝ գնահատումները տարբեր են։ Ծայրահեղ տարբեր են նաև կողմերի պատկերացումները հրադադարի ու խաղաղության հասնելու օրակարգի մասով։ Եվ, այնուամենայնիվ, ակնկալվում է, որ բանակցությունները կողմերին նորից կբերեն մեկ սեղանի շուրջ։ Իսկ որքանո՞վ վերջին պատերազմական իրադարձությունները փոխեցին կողմերի պայման-պահանջներն ու ելակետերը կամ որքանով էին դրանք փոխվել այս ընթացքում։ Հայկական կողմի «կարմիր գծերը» չեն փոխվել երկրի տարածքով արտատարածքային միջանցք տրամադրելու մասով՝ սա հստակ է՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ամենաբարձր մակարդակով է վերահաստատվում։ Վարչապետ Փաշինյանը նաև շեշտում է՝ Ադրբեջանը ռազմական գործողություններով ապացուցեց, որ դժգոհ է 2020թ 44-օրյա պատերազմի արդյունքներից։

«Ադրբեջանը փաստացի պայքարում է 2020թ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3 հիմնական դրույթների դեմ․ առաջինը, որ կա Լեռնային Ղարաբաղ, երկրորդը, որ Լեռնային Ղարաբաղն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ և Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի և պաշտպանական գծի, այդ թվում Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կապն ապահովելու համար․ այս երեք դրույթները ունեն անկյունաքարային նշանակություն և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ»,– ասել է վարչապետը։

Ադրբեջանի նորովի ձևակերպված պահանջները Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպմանը ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ նշելով՝ Բաքուն համարում է, թե Հայաստանը պետք է առանց բանակցելու համաձայնի իր բոլոր պահանջներին։ Դեռ օգոստոսին Բրյուսելում 4-րդ եռակողմ հանդիպմանը Ալիևը հայտարարել է, որ չի պատրաստվում Հայաստանի հետ խոսել Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ համարելով, թե Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, և թե արցախահայության հարցը Ադրբեջանի ներքին խնդիրն է՝ ցանկության դեպքում կարգավորելի ըստ Ադրբեջանի սահմանադրությանը։

«Բնակաբար, այս մոտեցումը, որևէ կերպ չի կարող ընդունելի լինել հայկական կողմի համար, և ամենևին նման չէ խաղաղության շուրջ բանակցությունների, այլ առավելապաշտական քաղաքականության հերթական դրսևորում է։ Նույնանման պատկեր է ստեղծվել նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների և տրանսպորտային ուղիների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ հանձնաժողովի աշխատանքներում, որտեղ Ադրբեջանը, ըստ էության, փորձում է հասնել էքստրատերիտորիալ միջանցք ստանալուն։ Հայկական կողմը բազմիցս բարձրաձայնել է իր տեսակետն առ այն, որ պատրաստ է հաղորդակցության ուղիներ տրամադրել Ադրբեջանին՝ ավտոճանապարհային փոխադրումների ռեժիմի հստակեցումից հետո, որը պիտի ապահովի երկրների սուվերենությունը և իրավազորությունն իր տարածքով անցնող ճանապարհների նկատմամբ»,– ասել է Արարատ Միրզոյանը։

Նախարարը շեշտել է նաև պատերքազմից հետո Հայաստանի ձևակերպած երեք պահանջ-ակնկալիքները՝ Ադրբեջանն անհապաղ պիտի դադարեցնի կրակը, Ադրբեջանի զինված ուժերը պետք է վերադառնան իրենց նախնական դիրքեր, ազատ արձակվեն հայ ռազմագերիները։

ՀՀ-ն շատ կառուցողական դիրքորոշում ունի, գնում է կոմպրոմիսի, տալիս է մեխանիզմներ, լուծումներ, բայց Ադրբեջանն ուզում է ՀՀ տարածքներն օկուպացնել, ՀՀ տարածքում սուվերեն միջանցք ունենալ` ավելի վաղ Երևանի և Բաքվի պահանջներից խոսելիս ձևակերպել էր Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

«Ասում են՝ ուզում ենք միջանցք, ՀՀ-ն ասում է՝ մենք ձեզ տալիս ենք ճանապարհ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, եկեք, օգտագործեք։ Մենք բացում ենք 3 սահմանային կետ, բայց Ադրբեջանն ուզում է ՀՀ տարածքներն օկուպացնել, ունենալ սուվերեն միջանցք, ՀՀ տարբեր մասերում նոր տարածքներ, բարձունքներ ունենալ ու գրավելով  առաջ գնալ։ Հայաստանն Ադրբեջանին տալու բան չունի՝ ինչ տրվել է, տրվել է 44-օրյա պատերազմի հետևանքով»։

Բաքվի սանձազերծած վերջին պատերազմից հետո որո՞նք են լինելու հետագա բանակցությունների մեկնարկային կետերը, ու որքանո՞վ են դրանք փոփոխվել սեպտեմբերի 13-ից։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանը «Ռադիոլուրի»-ի հետ զրույցում նկատում է՝ բովանդակային իմաստով, գուցե, բանակցությունները նույնաընթացք լինեն, սակայն անշուշտ փոփոխվել են բանակցային տրամադրությունները։

«Եթե խոսում ենք բովանդակության մասին, ես կարծում եմ, որ բովանդակային էական փոփոխություններ չեն լինի, քանի որ մինչ այժմ կողմերը իրենց դիրքորոշումներում բավականին հստակ են արտահայտվել։ Այլ է խնդիրը, թե ի՞նչ տրամադրություն է բերել այս հրադադարը բանակցային պրոցես, և ի՞նչ ազդեցություն է ունեցել մթնոլորտի վրա․ ես ի նկատի ունեմ ոչ միայն երկու կողմերի տրամադրությունները, այլ նաև խոշոր խաղացող–միջնորդների տրամադրությունները․ օրինակ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինչու ոչ նաև Թուրքիայի»։

Բադալյանը նկատում է՝ ռազմական գործողությունների մեկնարկից հետո Նիկոլ Փաշինյանը չեղարկեց Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում սեպտեմբերի 15-16-ը կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին իր մասնակցությունը։ Ըստ քաղաքագետի՝ սա արդեն տեսանելի փոփոխություն է բանակցային գործընթացում, քանզի Սամարղանդում անպայման կքննարկվեին նաև հայ-ադրբեջանական խնդիրները։

«Պարզ է, որ եթե ձեռք է բերվում հրադադարի պայմանավորվածություն, դա ձեռք է բերվում քաղաքական որոշակի քննարկումների արդյունքում, բայց ինչպիսինն է դրանց բովանդակությունը՝ առայժմ շատ բարդ է ասել, թեև կարծում եմ, որ շատ փոքր է հավանականությունը, որ ընդհանուր տրամաբանությունը այլ կլինի, եթե նույնիսկ լինեն նոր տարրեր, ապա դրանք կլինեն արդեն եղած ընդհանուր տրամաբանության մեջ»,– ասում է քաղաքագետը։

Հայաստանը ցանկանում է խաղաղություն, բայց այդ խաղաղության տակ պետք է բանաձև ու երաշխիքներ լինեն, որոնք կապահովեն տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է ՝մինչ վերջին ռազմական գործողությունները ընթացող բանակցային գործընթացի հիմնական ուղղությունը դեպի խաղաղություն է եղել։ Բայց ստացվում է, որ խաղաղության բանակցությունները ընդհատվում են պատերազմներով ու ծանրանում նոր խնդիրներով։

Back to top button