ԿարևորՀասարակություն

Անհետ կորածների կարգավիճակը  ոչ թե ենթաօրենսդրական ակտերով, այլ առանձին օրենքով պետք է ամրագրվի. Լարիսա Ալավերդյան

«Անհետ կորած» անձանց իրավական կարգավիճակն օրենքով դեռևս սահմանված և ամրագրված չէ, ինչի հետևանքով անհետ կորածների հարազատները ստիպված են դատական կարգով հասնել մահացածի կարգավիճակի հաստատմանը, որպեսզի հնարավորություն ունենան օգտվել պետության սոցիալական աջակցությունից։  «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը տարիներ շարունակ այդպես էլ օրենք չի դառնում։ Օրենսդրական նոր կարգավորումների հարցում  պետական տարբեր կառույցների դիրքորոշումները տարբեր են։ Արդարադատության նախարարությունն ու ԱԳՆ-ն իրենց համաձայնությունը տվել են, մինչդեռ  ՊՆ-ում համարում են, որ այս հարցերը գրեթե ամբողջությամբ կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ և ենթաօրենսդրական ակտերով։

Անհետ կորած անձանց եւ նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները ծագել են դեռեւս Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով 1988-2005 թթ. անհետ կորածների թիվը 437 էր, որից 224-ը զինծառայողներ էին, 213-ը՝ խաղաղ բնակիչներ:  Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության տվյալներով՝ Ղարաբաղյան առաջին հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը Հայաստանում շուրջ 400 է։ 44-օրյա պատերազմի հետևանքով վիճակագրությունը փոխվեց։ Մարտի 21-ի դրությամբ՝  անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մարտական վերջին գործողությունների հետևանքով անհետ կորածների թիվն ավելի մեծացավ։ Հարյուրավոր անհետ կորածների խնդիրների համատեքստում «Անհետ կորածի մասին» հիմնաքարային օրենքի ընդունումն անհետաձգելի է՝ կարծում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակում, որտեղ էլ մշակվել է «Անհետ կորածի մասին» օրենքի նախագիծը և ներկայացվել  պետական մարմինների քննարկմանը։ Մինչ օրս սակայն օրենքը միայն պտտվում է պետական մարմիններում։ Մինչդեռ իրավական կարգավորման անհրաժեշտությունն այլևս անհետաձգելի է՝ կարծում է գրասենյակի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանը․

«Մենք արդեն իսկ ստացել ենք որոշակի զանգեր ընտանիքներից, որ տեղեկություններ չունեն, թե իրենց հարազատները որտեղ են գտնվում, մի քանի օր առաջ են վերջին անգամ զանգեր ստացել։ Այսինքն՝ չկա այդ մարմինը, և քաղաքացիների համար հստակ չէ, թե ում կարող են դիմել։ 2020 թվականից հետո բավական ժամանակ ունեինք օրենքը հրատապ կերպով ընդունելու, առավել ևս, որ այդ օրենքը պատրաստ էր և արդարադատության նախարարությունում էր։ Չեմ կարող հասկանալ, թե ինչու այդպես էլ չանդրադարձան այդ օրենքին, որը մենք բարձրացրել էինք դեռևս մինչև պատերազմական գործողությունները»։

Անհետ կորած անձանց ընտանիքները ոչ միայն տեղեկություններ չունեն իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, անհետացման հանգամանքների մասին,  այլև այս ընտանիքները բախվում են նաև իրավական կարգավիճակի բացակայության, սոցիալական, առողջապահական, հոգեբանական աջակցության եւ այլ խնդիրների՝ նկատում է զրուցակիցս․

«Տարբեր օրենսդրական փոփոխություններ են եղել 2020 թվականի պատերազմական գործողություններից հետո։ Մասնավորապես վերաբերել է սոցիալական խնդիրների լուծմանը, որոշակի նպաստներ են ստացել, կառավարության որոշման մակարդակով, այնուհետև առողջության հետ կապված խնդիրներ են ունեցել ընտանիքները, քաշքշուկների մեջ են ընկել, որովհետև պետք է ունենային որոշակի կարգավիճակ և միայն դրանից հետո կարողանային, օրինակ, առողջապահական խնդիրներ լուծել։ Սա ևս օրենքի բացակայության հետևանք է։ Եվ ստիպված են լինում դիմել դատարան, որպեսզի կարողանան օգտվել որոշակի խնդիրներ լուծելու հնարավորությունից»։

Մինչ օրս ընդունված օրենսդրական փոփոխությունները համակարգված չեն և ընդամենը իրավիճակային լուծումներ են տալիս։ Օրենքի դեպքում խնդիրն ավելի արդյունավետ և համակարգային լուծում կստանա՝ կարծում է  Արմինե Սադիկյանը։  

Առաջարկվող նախագծով սահմանվում է անհետ կորածի իրավական կարգավիճակը, նաև նախատեսվում է անկախ մասնագիտական կառույցի ստեղծում, որը պետք է զբաղվի կորածի ճակատագրով, գտնվելու մասին տեղեկությունների ձեռք բերմամբ, անհետ կորելու հանգամանքների քննությամբ։

ԱԳՆ-ն օրենքի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չունի և դրա ընդունումը համարել է նպատակահարմար՝  հաշվի առնելով անցյալ սեպտեմբերին Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետեւանքով ձևավորված նոր իրադրությունը, այդ թվում՝ անհետ կորած անձանց և նրանց ազգականների իրավունքների և շահերի պաշտպանության հրամայականը։ Օրենքի ընդունմանը կողմ է նաև արդարադատության նախարարությունը։ Մինչդեռ  ՊՆ-ում համարում են, որ այս հարցերը գրեթե ամբողջովին կարգավորված են ՀՀ օրենսդրությամբ։ ՊՆ իրավաբանության վարչության պետ Սասուն Սիմոնյան.

«ՊՆ դիրքորոշումը բացառապես հիմնված է այն հանգամանքի վրա, որ որոշակի իմաստներով առաջարկվող իրավահարաբերությունները գոնե առնվազն զինված ընդհարումների կամ  ռազմական գործողությունների շրջանակում անհետ կորած անձանց մասով օրենսդրությունը արդեն իսկ կարգավորումներ ունի՝ սկսած որոշակի կարգավիճակներից, մինչև անհետ կորածների ընտանիքների սոցիալական պաշտպանությունը։ «Անհետ կորածի» կարգավիճակը առանձին օրենքով կարգավորելու կարիք չկա»։

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որը  ժամանակին ընդգրկված էր գերիների և անհետ կորածների հարցերով միջպետական հանձնաժողովում, կարծում է՝ պատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար անհետ կորածների հարցը ոչ թե իրավական ակտերով պետք է կարգավորվի, այլ առանձին օրենքով։ Այս  հարցը ժամանակին նաև ինքն է բարձրացրել խորհրդարանում․

«Պատգամավոր էի այդ ժամանակ և մինչ այսօր ես ջատագովն եմ այդպիսի օրենքի։ Ի դեպ՝ այդ ժամանակ գործում էր այդ հանձնաժողովը, և հանձնաժողովում իմ բարձրացրած հարցին, թե ինչու մենք չենք ուզում համաձայնել միջազգային Կարմիր խաչի հետ և չենք ուզում ունենալ այդպիսի օրենք, որն ունեն շատ պետություններ, ինձ ասացին ,որ մենք ունենք բազմաթիվ օրենքներ, որտեղ կան նորմեր, որոնք վերաբերում են անհետ կորածների ընտանիքներին և անհետ կորածների վերաբերյալ գործունեությանը պետության կողմից։ Ես առաջարկեցի, որ եկեք հավաքագրենք բոլոր այդ նորմերը բարալիկ մի գրքույկում, բայց ցավոք սրտի, դա էլ չի արվել»։

Թե՛ Լարիսա Ալավերդյանը, թե՛  Արմինե Սադիկյանը կարծում են, որ անհետ կորածը չպետք է դատարանի որոշմամբ մահացած ճանաչվի, այլ պետք է ունենա կարգավիճակ՝ առանց դատական գործընթացի։

Back to top button