Էկոսֆերա

Որսորդը՝ որսորդ չէ․ «Էկոսֆերա»

Հայաստանում գրանցված որսորդների թիվը հասնում է մի քանի տասնյակ հազարի, սակայն նրանց մի մասն է իրականում որսորդ։ Որսորդներից շատերն անգամ չեն էլ տարբերում որսի տեսակները, ասենք՝ բադը կտցարից։

Սիրողական որսի շրջանն է։ Թեև Շրջակա միջավայրի նախարարությունը սահմանել է որսի կենդանատեսակներն ու յուրաքանչյուր որսորդին բաժին ընկնող որսաչափը, սակայն օրենսդրական բացերի, թույլ վերահսկողության հետևանքով կա մտահոգիչ պատկեր։

Թռչնաբան Կարեն Աղաբաբյանի դիտարկումները ցույց են տվել, որ որոշ թռչնատեսակների թվաքանակն էապես նվազել է։

«Որսորդը չի ճանաչում թռչնատեսակին և կրակում է այն ամենին, ինչը նման է բադի կամ կտցարի։ Որոշ թռչնատեսակների շրջանում արված մեր վերջին հետազոտություները, օրինակ՝ սպիտակապոչ եղտյուրիկի, կարմրագլուխ սուզաբադի, կարմրակտուց սուզաբադի, քարակաքավի և այլն, ցույց են տվել, որ որոշ տեսակների գլխաքանակը կտրուկ նվազել է։ Հիմնական պատճառները երկուսն են։

Օրինակ՝ որսորդը որսում է թույլատրելի 20 կաքավը, բայց պետք է որսար 10 կամ գուցե այդ տարի առհասարակ կաքավի որս չպետք է թույլ տալ՝ պոպուլյացիան վերականգնելու համար։ Լավ օրինակ է նաև կարմրագլուխ սուզաբադը, որը նախկինում համարվում էր որսի տեսակ, սակայն հենց այն պատճառով, որ դրանց թվաքանակը լավ չէր կառավարվում, ներառվեց Միջազգային Կարմիր գրքում, նաև Հայաստանի կարմիր գրքում գրանցվելու թեկնածու է»։

Ստացվում է, որ որսորդների մեծ մասը պատկերացում չունի, թե ինչ տեսակ է որսում և արդյո՞ք տվյալ տեսակը ներառված է Կարմիր գրքում։ Արդյունքում՝ անկառավարելի և անգրագետ որսի հետևանքով տուժում են թռչնատեսակներն ու կենդանատեսակները, հատկապես՝ Կարմիր գրքում գրանցվածները։ Սա է պատճառը, որ մասնագետները պնդում են՝ ներդնել որսորդի գիտելիքների մակարդակը ստուգող համակարգ, որը կստուգի որսորդի իմացությունը։

Back to top button