Գերդաստաններ

Հանրահայտ պատմաբանն ու ակադեմիկոս զարմիկը՝ Լեո և Նագուշ Հարությունյան. «Գերդաստաններ»

Շատերի գրադարանների երևի թե հենց առաջին շարքում կհանդիպենք սև կաշվեկազմ գրքի հատորյակներին՝ դարչնագույն ուղղանկյան վրա ոսկեգույն տառերով գրված՝ ԼԵՈ, իսկ գրքի ձախ անկյունում նախշազարդեր են պատկերված, որոնք հուշում են, որ գիրքը բացելուն պես հանդիպելու ենք մեր մշակույթի և պատմագիտական ժառանգությանը։

«Գերդաստաններ» հաղորդաշարի այսօրվա էջը նվիրված է հանրահայտ պատմաբանի ընտանիքի պատմությանը, ընտանիք, որտեղ մի քանի սերունդ իրեն նվիրել է գիտությանը։

1860 թվականի ապրիլի 14-ին, դերձակ և ժամկոչ Գրիգորի ընտանիքում ծնվեց Առաքել Բաբախանյանը։ Հոր համեստ վաստակը չէր բավարարում բազմանդամ ընտանիքի կարիքները հոգալուն։ Բայց ընտանիքը ծայրը ծայրին հասցնում էր։ Առաքելն ավարտում է տեղի թեմական և քաղաքային դպրոցները, բայց քանի որ հնարավորություն չուներ շարունակելու ուսումը, սկսում է զբաղվել ինքնակրթությամբ։

Լեոն ուներ չորս զավակ՝ մեկ որդի և երեք դուստր՝ Արմենուհին, Լուսյան և Ասյան։ Ընտանիքի մասին այս տեղեկությունները պատմել է Լեոյի ծոռնուհին՝ Իրինա Հարությունյանը, և հենց դրանց հիման վրա Լեոյի անվան դպրոցի նախկին տնօրենը՝ Նորայր Խրիմյանը, հենց դպրոցում ստեղծել է թանգարան։

Պատմությունը շարունակում է դպրոցի պատմության ուսուցչուհի Արմինե Սաֆարյանը։

Հոր մահից հետո՝ 1875 թվականին, Առաքելը փորձում է աշխատանք գտնել Բաքվում, բայց անհաջողության հանդիպելով վերադառնում է Շուշի և գրագրի պաշտոն ստանում նախ քաղաքի նոտարի մոտ, իսկ հետո տեղի հեռագրատանը։ Սակայն շատ չանցած կրկին տեղափոխվում է Բաքու, ապա՝ Թիֆլիս։

Իր գիտական և գրական աշխատանքի մեջ խորանալով՝ Լեոն, որ օժտված էր զարմանալի եռանդով ու աշխատասիրությամբ, գրում է բազմաթիվ երկեր, գրականագիտական ու պատմագիտական մեծածավալ աշխատություններ։ Նա է, որ մեզ ծանոթացրեց հայ միջնադարյան, նոր և նորագույն շրջանի պատմության էջերին, հայկական հարցի հետ կապված խնդիրներին։

Լեոյի աշխատանքային ու գիտական կյանքի մանրամասներն ուսումնասիրել է պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը։

Լեոն չի եղել որևէ կուսակցության անդամ, սակայն կանգնած էր բուրժուական լիբերալիզմի դիրքերում։ Նա ողջունեց Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումը, սակայն քննադատաբար էր մոտենում Արևմտյան Հայաստանի հարցում Ռուսաստանի դիրքորոշմանը։

Արդիական են Լեոյի գործերը նաև այսօր. նա զգացել է հայրենի Արցախի հայաթափման վտանգը և այդ հարցում գնահատում էր Ռուսաստանի հզոր դերակատարումը։

Լեոյի դուստրերից Ասյան ամուսնացել է ազգությամբ վրացի Վալենտին Դումբաձեի հետ, իսկ Արմենուհին՝ զինվորական, դաշնակցական Խաչատուր Հարությունյանի կինն էր, որոնց որդին հայտնի պետական քաղաքական գործիչ, գիտնական Նագուշ Հարությունյանն էր։ Նագուշ Հարությունյանը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտությունների պատվավոր գործիչ էր։

1961 թվականին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր։ Նրա գործունեության և ընտանիքի մասին պատմում է ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ-ի թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանը, որը մեծ գիտնականի մտերիմներից է եղել։

Փիլիսոփայական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Աշոտ Բաբախանյանը, որը բազմաթիվ գրքերի հեղինակ է՝ Լեոյի ծոռն է։ ։ Նրա ուսանողները հիշում են, որ իրենց դասախոսը տիրապետում էր մի քանի լեզվի։

Ուզում եմ հաղորդման ավարտին մեր ունկնդիրներին հիշեցնել Լեոյի «Անի» գրքից մի մեջբերում. «Շեն աշխարհի մեջ ավեր Անին Լուսնի լույսով մի լուռ հարթ դաշտ էր։ Զանազան կողմերում այդ հարթ դաշտի վրա, գիշերային արծաթազօծ խորհրդավորության մեջ բարձրացած են պատեր, աշտարակներ։ Նրանք հանկարծ են խոսում, ամենքը միասին։ «Տե՛ս, մինչև անգամ Միջնաբերդի հեռավոր բարձունքներից ինչ-որ կույտեր են նայում»,- զգայուն բանաստեղծները ավերակները երգում են Լուսնի լույսով»։

Back to top button