ԿարևորՀասարակություն

Սահմանից փաստեր հայտնի են, փաստերի աղբյուրները՝ ոչ․ ի՞նչ է ենթադրում ԱՄՆ-ի մեսիջը

Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններին այս անգամ եւս հաջորդում են միջազգային կառույցների ու երկրների արձագանքները հիմնականում նույնաբովանդակ հայտարարություններով, որոնք հավասարությնա նշան են դնում Հայաստանին եւ Ադրբեջանին ուղղված կոչերում։ Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հասցեական հայտարարությունը գրավել է միջազգային հարցերով փորձագետների ուշադրությունը։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նշում է, որ քիչ հանդիպող երևույթին պետք է հետևողական վերաբերվել։

Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսել է բավական ապացույցներ այն մասին, որ Ադրբեջանն է հրետակոծում Հայաստանի տարածքն ու էական վնաս հասցնում Հայաստանի ենթակառուցվածքներին։ Այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։ Նախորդիվ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ տարբեր շեշտադրումներով զրույց էր ունեցել։ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Բլինքենը մտահոգություն էր հայտնել Հայաստանի հրթիռակոծման ու իրավիճակի վերաբերյալ, իսկ Ալիևի հետ զրույցում վերջինիս հորդորել  անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ ռազմական ուժերի ներգրավումը։

Պետքարտուղարի հասցեական արձագանքից հետո պետդեպարտամենտի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է՝ ԱՄՆ-ը ունի ապացույցներ, որ Բաքուն է ագրեսոր կողմը։  

Միջազգային հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը փաստում է՝  միջազգային դիվանագիտության մեջ ոչ մի բառ պատահական չի ասվում, սա քիչ հանդիպող երևույթ է, և այս մակարդակով արված հասցեական հայտարարություններին անհրաժեշտ է համարժեք հետևողականությամբ մոտենալ՝ շեշտում է Սուրեն Սարգսյանը։

«Բնականաբար, առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ շահեր ունենք՝ համադրելու տարածաշրջանային խաղացողների հետ և տարածաշրջանից դուրս գտնվող գլոբալ խաղացողների հետ և էդ շահերի համադրման արդյունքում փորձենք հասկանալ, թե ինչ անելիքներ կարող են լինել։ Ես կարծում եմ՝ մենք դեռ ունենք համադրելու շահեր Իրանի հետ, ՌԴ-ի հետ, ԱՄՆ-ի հետ,  բայց վստահ չեմ, որ այս ուղղությամբ քայլեր արվում են։ Համենայն դեպս հույս ունեմ, որ ճիշտ է գնահատվում միջազգային ու տարածաշրջանային իրավիճակը»։

Սարգսյանը նկատում է՝ միջազգային խաղացողները փորձում են նման հայտարարություններում բալանս պահել, թեեւ այս դեպքում բոլորի համար է ակնհայտ, որ ագրեսիվ գործողություններ նախաձեռնողն Ադրբեջանն է։ Միևնույն ժամանակ հասկանալի է, որ ամեն երկիր առաջնորդվում է սեփական շահով․

«Բնականաբար, որևէ պետություն այլ պետության շահերն ավելի բարձր չի դասում, քան  սեփականը։ Նման պետություններ գործնականում չեն լինում, կամ այնքան թույլ են լինում, որ չեն կարողանում այդ շահերը առաջ մղել»։

Թեեւ Միացյալ Նահանգները խոսել է իր ունեցած փաստերի մասին, սակայն չեն հաղորդվել մանրամասներ, թե կոնկրետ ինչ տեղեկություններ են դրանք։  Քաղաքագետ Սուրեն Սարգսյանն այս մասով համացանցային իր գրառմամբ նկատում է․ մեջբերում․

ԱՄՆ նախագահն ամեն առավոտյան ստանում է հետախուզակական տասնյակ գործակալությունների տեղեկություններն ու վերլուծականներն աշխարհի ամենատարբեր ծայրերից։ Այսինքն՝ որևէ պետության որևէ զինվորական մեքենա աննկատ չի կարող հատել այլ պետության սահմանը։ Այնպես որ խաբելն անիմաստ է, ԱՄՆ-ն ավելի շատ հատուկ ծառայությունների աշխատակիցներ ունի, քան Ադրբեջանը բնակչություն, հետևաբար ալիևյան տեղեկատվական դիվերսիաները գերտերությունների համար չեն։

Ի՞նչ փաստեր ունի հայկական կողմը՝ ապացուցելու, որ Բաքվի ձեռքն առաջինն է քաշել ձգանը։ Սահմանին երկկողմ պայմանավորվածությամբ հետաքննական մեխանիզմներ տեղադրելու առաջարկ-կոչեր հնչել են տարբեր տարիների ու բազմիցս՝ թե Հայաստանի, թե միջնորդ տարբեր երկրների կողմից։ Դրան, սակայն, որեւէ կերպ չի ընդառաջել Ադրբեջանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը պարբերաբար ներկայացնում է տեսանյութեր սահմանից՝ ըստ այդմ, փաստացի, ի ցույց դնելով, որ հետաքննական գործիքներ ունի, որոնց արձանագրածը եւ ներկայացնում է միջազգային իրավական կառույցներին։

Այս մայիսին Հայաստանը տիեզերք ուղարկեց առաջին հայկական արբանյակը։  Գործադիրը վստահեցրեց, որ այն նաեւ սահմանային իրավիճակի ու հետախուզական տվյալներ կփոխանցի։  Ի՞նչ տվյալներ են մինչ օրս արբանյակի միջոցով հասանելի դարձել՝  ԲՏԱ-ից չեն մանրամասնում, բայց վստահեցնում են՝ տեղեկություններ ստացվում են։

Back to top button