ԿարևորՀասարակություն

Պատերազմի ժամանակ՝ ՄԻԵԴ, պատերազմից հետո՝ Հաագա․ որ փուլում միջազգային որ ատյան դիմելն է ավելի արդյունավետ

Ադրբեջանը թիրախավորել է Հայաստանի  բնակավայրերը, քաղաքացիական բնակչությանը, կան ռազմագերիներ։ Հայաստանը եվրոպական դատարանից պահանջել է միջանկյալ միջոց կիրառել՝ պարտավորեցնելով թշնամի երկրին չթիրախավորել խաղաղ բնակչությանը, պահանջել Ադրբեջանից ապահովել գերեվարված վիրավոր հայ զինծառայողի իրավունքների պաշտպանությունն  ու ֆիզիկական անձեռնմխելիությունը։ Փորձագիտական դաշտում կարծում են, որ միջանկյալ միջոցի կիրառման որոշում ընդդեմ Ադրբեջանի կլինի։ Հիմքերը կան։ Այլ հարց է՝ որքան ժամանակում ու ինչպես կկատարի Ադրբեջանն այդ պահանջը։

Իսկ միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակից էլ «Ռադիոլուր»–ին փոխանցել են, որ գերիների նույնականացման աշխատանքները շարունակվում են:

Հայաստանը պետք է դիմի Միջազգային քրեական դատարան՝ ադրբեջանական իշխանություններին պատժելու համար։ Դա պետք է անել րոպե առաջ ՀՀ-ի դեմ Ադրբեջանի այս ագրեսիայի ու զանգվածային հանցագործությունների պայմաններում՝ ճանաչելով դատարանի իրավազորությունը՝ շեշտում է նախկին օմբուդմեն Արման Թաթոյանը։  

Ինչպե՞ս կարող է Հայաստանը դիմել Հաագայի դատարան, եթե դրա անդամ չէ։ Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել այս փուլում դիմելով։ Փորձագիտական դաշտում պարզաբանում են՝ կամ Հայաստանը պետք է վավերացնի այդ դատարանի կանոնադրությունը, ինչը կարող է ամիսներ տևել, կամ էլ, կոնկրետ իրավիճակից ելնելով, ընդունի դատարանի իրավազորությունը կոնկրետ ժամկետի շրջականում։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Ռադիոլուր»–ի հետ զրույցում ընդգծում է՝ խնդիրն այն է, թե  որքանով այն արդյունավետ կլինի։ Բացատրություն կա․

«Այս դատարանում, ինչպես քրեական գործի քննության դեպքում է, գործընթացը երկար է տևում։ Սա նաև  որոշակի ռիսկեր է պարունակում, բայց, ելնելով այսօրվա ընդհանուր կոնտեքստից, գուցե կարելի է դիմել։ Բայց ես այստեղ միշտ ՌԴ գործոնն եմ տեսնում։ Ռուսաստանն այս դատարանի կանոնադրությունը չի վավերացրել։ Մենք, ընդունելով դատարանի իրավազորությունը, որոշակի պարտավորություններ ենք ստանձնելու։ Մեր հակառակորդները կարող են դրանք օգտագործել, այսինքն դիմելը՝ քաղաքական իմաստով և դրական, և բացասական հետևանքներ կարող է ունենալ»։

Մասնագետի խոսքով՝ իրավական գործընթացները երկար են տևում, որպես կանոն՝ պատերազմի ակտիվ փուլում դրանք չեն աշխատում, անգամ այն դեպքում, երբ ակնհայտ են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան, էթնիկ զտման փորձերն ու ոտնձգությունները։ Արդյունավետ կլինեն, բայց հետպատերազմյան շրջանում՝ ասում է Ղազարյանը։

«Դատարան դիմելը չի կարող կանխել այժմ կատարվող գործողությունները։ Մենք դրա համար ավելի արդյունավետ միջոց ունենք՝ Եվրոպական դատարանը։ Ռազմական գործողություններից հետո կոնկրետ անձանց ռազմական պատասխանատվության ենթարկելու առումով հնարավոր է, բայց բավականին երկար է տևում՝ ինչպես սովորական դատավարությունը, որը կարող է տարիներ տևել»։

Արա Ղազարյանի դիտարկմամբ՝ այս փուլում առավել արդյունավետ է ՄԻԵԴ դիմելը։ Հայաստանն արդեն դիմել է ու եվրոպական դատարանից պահանջում է միջանկյալ միջոցներ կիրառել ընդդեմ Ադրբեջանի։ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը «Ռադիոլուր»–ին փոխանցում է՝ դիմումները վերաբերում են Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորմանը, քաղաքացիական բնակչության ու ռազմագերիների հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

«Դատարանից պահանջել ենք կիրառել իր կանոնադրության 39–րդ կանոնի 2–րդ կետը՝ որոշման մասին անհապաղ ծանուցել ԵԽ նախարարների կոմիտեին։ Պատասխանն ակնկալում ենք օրերի ընթացքում։ Հուսանք, ինչպես 2020թվականին, այնպես էլ հիմա դատարանն Ադրբեջանին կպարտավորեցնի չթիրախավորել խաղաղ բնակչությանը»։

 Համացանցում տարածվող հայ զինծառայողների գերեվարման տեսանյութերը նույնպես ուսումնասիրվում են Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակում։ Հասմիկ Սամվելյանի խոսքով՝  տեսանյութերից մեկը, որում երեւում է, որ  հայ զինծառայողը վիրավոր է ու գերեվարված, նույնպես նույնականացվել է։ Զինվորը փաստացի գտնվում է Ադրբեջանի մոտ։

«Հայ զինծառայողի իրավունքներն ու նրա ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով Հայաստանը երեկ դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել»։

Ինչ ակնկալել Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ու ինչ ժամկետում։ Եվրոպական դատարաններում մասնագիտացված իրավունքի մասնագետ Արտակ Ասատրյանը «Ռադիոլուր»–ին պարզաբանում է՝ Դատարանի կանոնակարգի 39–րդ կանոնով նախատեսված միջանկյալ միջոցի ընթացակարգն արագ է քննարկվում, որոշումները հնարավորինս կարճ ժամկետում են լինում՝ երկու օրից առավելագույնը մեկ շաբաթ։ Այստեղ, սակայն, խնդիր կա՝ Ադրբեջանի հետ կապված․

«44–օրյա պատերազմի փորձը մեր աչքի առաջ ունենալով՝ պարզվեց և ակնհայտ էր, որ Ադրբեջանը շատ անգամ նույնիսկ կայացված որոշումներին ուշադրություն չի դարձնում՝ անտեսում է դատարանի որոշումները։ Օրինակ՝ հայ գերիների հետ կապված տեղեկատվություն տրամադրելու հետ կապված կայացված որոշումը Ադրբեջանն անգամ ամսով ուշացրել է։ Այսինքն՝ հույսը դնել, որ ամեն ինչ դասական սցենարով է գնալու, ես իրատեսական չեմ համարում»։

Մասնագետը նաեւ քիչ հավանական է համարում միջանկյալ միջոցի չկիրառումը։ Հստակ է, որ թիրախավորվել են քաղաքացիական բնակավայրերը, ենթակառուցվածքները, կան ռազմագերիներ։ Փորձն աչքի առաջ ունենալով՝ շատ հաճախ է Ադրբեջանը մարդասիրական իրավունքները խախտում։

«Հավանականությունը շատ մեծ է, որ Եվրոպական դատարանը միջանկյալ միջոցների կիրառման որոշումը կկայացնի։ Այլ հարց է, թե ինչպիսի ՞ ն կլինեն դրա կոնկրետ հսկողական մեխանիզմները և գործնականում ինչպե՞ ս կկատարվեն։ Ցավոք, այլ մեխանիզմ չունենք պարտադրելու կամ մեր ուզածին ավելի արագ հասնելու համար»։

Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի բնութագրմամբ, պատերազմական հանցագործություն է․ այս մասով Հայաստանն ունի բոլոր հիմքերը՝ միջազգային իրավական հարթակներում հաջողության հասնելու համար։

«Միջազգային հումանիտար իրավունքն է խախտվում, մարդու միջազգային իրավունքներն են խախտվում, միջազգային հանցագործություններ են կատարվում։ Միայն այն, որ թիրախավորվում են բնակավայրերը, կրակ է արձակվում բնակելի տարածքների վրա, անկախ նրանից՝ այնտեղ կան լեգիտիմ թիրախներ, թե ոչ, դա արդեն իսկ պատերազմական հանցագործություն է»։

Ադրբեջանի զինված ուժերն ընդլայնել են հրետակոծության աշխարհագրությունը և պատերազմական հանցանքները Հայաստանի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ՝ իր հերթին արձանագրում է մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։ Թիրախավորել են բնակիչներին պատկանող տները, անասնագոմերը, վնասել են մեքենաներ կամ ոչնչացվել։ Կանխամտածված զգալի վնասներ են պատճառվել հատկապես այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել լքել իրենց տները և հրետակոծությունների տակ են թողել իրենց կենդանիներին: Սա մարդկանց կանգնեցնելու է լուրջ սոցիալական խնդիրների առաջ` զրկելով ապրուստից ու ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից։ Թաթոյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանի նախագահին, հատուկ ծառայությունների ու բանակի ղեկավարներին առաջնահերթ պետք է ենթարկել միջազգային քրեական պատասխանատվության ու պատժել հենց Հաագայի դատարան դիմելով, եթե անգամ  երկար ժամանակ պահանջվի։  

Back to top button