ԿարևորՀասարակությունՏեսանյութ

Իրադրությունը շարունակում է լարված մնալ. Ադրբեջանը սկսել է նախահարձակ գործողությունները

Սեպտեմբերի 13-ի լույս 14-ի գիշերը իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին շարունակում է լարված մնալ։ Մասնավորապես՝ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդը կիրառել է հարվածային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախորդ օրվա սանձազերծած ագրեսիայի մնացած ուղղություններով չնայած էական միջադեպեր չեն արձանագրվել, սակայն այսօր ժամը 08։00-ից սկսած հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես, Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով։

ՀՀ ԶՈւ-ն ձեռնարկում է համարժեք պատասխան գործողություններ՝ շարունակելով լիարժեք կատարել իր առջև դրված մարտական խնդիրները։

Փաստացի, չնայած ստեղծված իրավիճակի շուրջ միջազգային հանրության հստակ արձագանքին, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի հանդեպ ագրեսիվ գործողությունները՝ հրետակոծելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրադրության և դրա հետագա զարգացումների ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա։

Back to top button