ԿարևորՀասարակություն

Ի՞նչ անել, որ հանրության հոգեվիճակը թշնամու թիրախ չդառնա

Նախորդ պատերազմի բացասական հետեւանքները դեռ չհաղթահարած հանրության հետ այս օրերին հոգեբանական ինչ աշխատանքի կարիք կա, հատկապես այն դեպքում, երբ Բաքուն հստակ թիրախավորել է հայ հանրությանն  ու տարբեր նենգ միջոցներով փորձում ազդել ու խեղել հայ հանրության հոգեբանությունը։  

Պատերազմը և դրան հաջորդող տագնապը, վախերը, խուճապն ու անհանգստությունը գոնե մասամբ հաղթահարելու համար որոշ կանոններ կան՝ ասում են հոգեբանները․ փորձել հնարավորինս պահպանել հավասարակշռությունը, զգոնությունը, հետևել բացառապես պաշտոնական լրահոսին, զբաղվել առօրյա հոգսերով, ծրագրել հնարավոր քայլերը ռազմական դրություն հայտարարվելու դեպքում․ եթե բնակչությունը խուճապի մատնվի, դա կարող է լուրջ հետեւանքներ ունենալ, ինչին եւ փորձում են հասնել թշնամի հարեւանները։

Թշնամու նոր հարձակումը թարմացրեց հին վերքերը, խախտվեց սթրեսակայությունը։ 2020-ի պատերազմի տագնապն ու սթրեսը չհաղթահարած՝ նոր տագնապը միանգամից խուճապ առաջացրեց։ Եթե վախը մարդու համար պաշտպանական մեխանիզմ է, ապա խուճապը նրան անկառավարելի է դարձնում։ Իսկ վախից խուճապ մեկ քայլ է՝ նկատում է հոգեբան Անի Ապիտոնյանը.

«Խուճապը տարածվելու միտում ունի։ Դրա համար ցանկացած մարդ, օրինակ, սոցիալական կայքերում խուճապային հաղորդագրություններ տարածելիս կամ շատ հուզական հաղորդագրություն տարածելիս նաև տարածում է համապատասխան տրամադրություն։ Ոսւտի շատ կարևոր է գոնե սոցիալական կայքերում մեզ պահել գրագետ, այսինքն ՝ չհետևել թշնամու տարածած հաղորդագրություններին կամ հետևելու դեպքում վերապահումով մոտենալ դրանց»։

44-օրյա պատերազմի հետևանքով պաշտոնական տեղեկատվության նկատմամբ հանրության վստահությունը նվազել է՝ նկատում է զրուցակիցս։ Ասում է՝ պաշտոնական աղբյուրներին կարելի է չհետևել, բայց չի կարելի ինֆորմացիոն բացը լրացնել կասկածելի աղբյուրներով։ Դրանք կարող են թշնամական ծագում ունենալ և թիրախավորել ընթերցողին։ Իսկ Բաքուն կոնկրետ աշխատում է այդ ուղղությամբ, հայ հանրությանը թիրախավորելով՝ փորձում խեղել հոգեբանական վիճակը.   

«Եթե մենք չենք վստահում մեր լրահոսին, բայց վստահում ենք թշնամական լրահոսին, պետք է սրա հետ մեկտեղ նաև հիշենք, որ դրանից ոչ մի լավ բան չենք կարող սպասել։ Ընդհակառակը՝ թշնամին թիրախավորում է կոնկրետ բառերով ու շատ հստակ ծրագրեր ունի։ Մշակված բառերով, կոնկրետ թիրախներով ուղղորդված տեղեկատվություն է տարածում՝ հայերենով, ճիշտ թիրախներ ընտրելով ու թույլ կողմերը նկատի ունենալով»։

Դրական մի միտում հոգեբանն, այնուամենայնիվ, տեսնում է. նախորդ պատերազմից որոշ դասեր ենք քաղել ու այժմ համեմաբար ավելի զուսպ ենք համացանցում.

«Ես ևս նկատում եմ փոփոխություն։ Մեր դաժան կենսափորձը որոշակի զարգացումների ու փոփոխությունների է բերել, և միգուցե ավելի շուտ կարողանանք հաղթահարել ներքին ատելությունը և դա ուղղենք այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, որպեսզի չկորցնենք մեր պետականությունը»։

Հավասարակշռությունն ու զգոնությունը մեզ անհրաժեշտ են առավել, քան երբևէ։ Ոչ պակաս վտանգավոր է նաև ենթադրությունների վրա հիմնված իրականությունը։ Ուստի որպեսզի անորոշությունն էլ չվերածվի տագնապի, պետք է կարողանալ վերահսկել երևակայությունը.

«Պետք է խուսափել ենթադրություններից, զբաղվել առօրյա գործերով, քանի դեռ մոբիլիզացվելու, կամավոր աշխատանքի մեջ ընդգրկվելու հրահանգ չի տրվել, ոչինչ չձեռնարկել։ Լինելու դեպքում միանշանակ հարկավոր է ագրեսիան, մեր ներքին ուժը ամբողջովին ուղղել մի նպատակակետի, որը դրած կլինի մեր առջև։ Որովհետև առանց այդ նպատակակետի ոչնչի չենք հասնի։ Համակարգված պետք է լինի աշխատանքը։ Մենք արդեն տեսանք 20 թվի չհամակարգված աշխատանքը և ինչ տեղի ունեցավ»։

Պատերազմն ինքնին արտակարգ իրավիճակ է, ու  արտակարգ իրավիճակներում հոգեբանի մասնագիտությունը դառնում է առաջին արձագանքման ծառայություն և հումանիտար նշանակություն է ստանում։ Ապիտոնյանը հորդորում է հնարավորության դեպքում  դիմել մասնագիտացված ծառայության։ Եթե, այնուամենայնիվ, դրա հնարավորությունն ու ժամանակը չկա, մի քանի պարզ կանոն-հուշում խուճապի չմատնվելու համար՝ զբաղվել առօրյա հոգսերով, հետևել բացառապես պաշտոնական կարճ հաղորդագրություններին, խուսափել ենթադրություններից։

Պատերազմական իրավիճակում հոգեբանը խորհուրդ է տալիս նաև պատրաստված լինել. օրինակ՝ տագնապի պայուսակ պատրաստել, ծրագրեր ունենալ այն իրավիճակների համար, երբ, օրինակ, կհայտարարվի ռազմական դրություն, իմանալ՝ ինչ պետք է անել երեխաների հետ, որտեղ պատսպարվել:

Back to top button