ԿարևորՔաղաքական

Զասի այցը կարող է ուշացած լինել․ ռազմական վերլուծաբան

Միջազգային արձագանքը Ադրբեջանի ագրեսիային բավականին հասցեական է, բայց աշխատանքները շարունակվում են՝ խորհրդարանում ասել է արտաքին գործերի նախարարը՝ անդրադառնալով  ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը։ Կարծում ենք՝ այն կժամանի արդեն վաղը՝ նշել է Միրզոյանը, նաև նկատել, որ Հայաստանի դիմումը  կառույցում պատշաճ քննարկվել է։  

Փորձագիտական դաշտում  վերապահումներ կան։ Մասնագետները հավանականությունը փոքր են համարում,  որ ՀԱՊԿ–ը խաղաղապահներ կտեղակայի հայ-ադրբեջանական սահմանին։

Հայկական կողմի նախաձեռնությամբ հեռավար ձեւաչափով անցկացված ՀԱՊԿ խորհրդի արտահերթ նիստի ընթացքում որոշվել է, որ   ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ կայցելի Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։

Կազմակերպության քարտուղարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ իրավիճակի մշտական դիտարկում կիրականացվի։ Նաեւ նշվում է, որ նիստի բոլոր մասնակիցները մտահոգություն են հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման համար եւ շեշտել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով դրա կարգավորման հասնելու անհրաժեշտությունը։

ԱԺ-ում ԱԳՆ Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ առաքելությունը շուտ կժամանի Հայաստան.

«Գիտեք, որ լինելու է դիտորդական առաքելություն։ Մենք կարծում ենք, որ այդ առաքելությունը կժամանի արդեն վաղը, մնացյալը քննարկելի է եւ քննարկվում է եւ  ընդհանուր առմամբ կարելի է ասել մեր դիմումը պատշաճ կարգով քննարկվել է ՀԱՊԿ-ում»։

Ռազմական վերլուծաբան Լեոնիդ Ներսիսյանը, համեմատելով Հայաստանի ռազմավարական դաշնակցի ու այլ երկրների՝ ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի  արձագանքները՝ արձանագրում է՝ այս  երկրների վերաբերմունքն ավելի կոնկրետ էր, քան ՀԱՊԿ–ինը։ Ռազմական վերլուծաբանը գրեթե անիրատեսական է համարում, որ ռուս խաղաղապահներ կտեղակայվեն Հայաստանի այն տարածքներում,  որտեղ թշնամին հարվածներ է հասցնում.

«Ցածր է հավանականությունը ռուս խաղաղապահներ տեղակայելու կամ ռազմական աջակցություն ցուցաբերելու  հարցում, գրեթե 0-ին է մոտ դրա հավանականությունը։ Ինձ թվում է, որ Զասի այցը ձգձգվելու է, եւ այդ տեղեկությունները հավաքելն արդեն ակտուալ չի լինի»։

Մինչդեռ  Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, եւ նման ռազմական հարձակման դեպքում կառույցը  պետք է անհապաղ արձագանքեր, սակայն որեւէ գործուն աջակցություն չի նկատվում ոչ կազմակերպությունից, ոչ էլ ՀԱՊԿ անդամ երկրներից։ Ավելին՝  կազմակերպության անդամ որոշ երկրներ ճիշտ հակառակ կերպ են վարվում.

«Մենք փաստաթղթեր ունենք եւ ՀԱՊԿ-ի հետ, եւ ՌԴ-ի հետ, դրանցում  հստակ նշված է, որ եթե հարձակում է լինում, ապա ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանը պետք է ռազմական աջակցություն ցուցաբերեն, սակայն  այսօր մենք տեսնում ենք, որ ոչ միայն ռազմական, այլեւ դիվանագիտական աջակցություն ցույց չի տրվում, ինչը զարմանալի է, քանի որ արձագանք տալը դժվար չէր, բայց դա էլ չի արվել։ Կառույցը փորձում է չեզոք լինել, իսկ ՀԱՊԿ–ից երկու երկիր՝ Ղազախստանն ու Ղրղզստանը, ավելի շատ Ադրբեջանի շահերից են խոսում»։

Սա պատերազմ է, որը կարող է և երկար տեւել,  և տեւել 1-2 օր՝ ասում է վերլուծաբանը՝ նկատելով, որ ամեն  բան կախված է նրանից,  թե ինչ է ուզում Ադրբեջանը եւ ինչպես է պայքարում հայկական կողմը։ Լեոնիդ Ներսիսյանի կարծիքով՝ հայկական կողմը կարողանում է հակահարված տալ թշնամուն։

Back to top button