ԿարևորՔաղաքական

Բարոյական ու դիվանագիտական հիմք՝ թշնամուն պատժելու համար քաղաքագետը ՄԱԿ–ի ԱԽ–ում Ադրբեջանի ագրեսիայի հնարավոր քննարկման մասին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ընդունվելիք հնարավոր փաստաթուղթը  հերթական դիվանագիտական հաղորդագրությունն է լինելու, որի միջոցով կձևավորվի «բարոյական հիմք» ապագայում թշնամու նկատմամբ պատժիչ գործողություններ իրականացնելու համար` ասում է քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը` անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիայի հարցով  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի սեպտեմբերի 14-ին հրավիրած նիստին։

Ըստ «Ռադիոլուր»-ի զրուցակցի`  հնարավոր փաստաթուղթը կամ բանաձևը պատերազմը ոչ թե կասեցնող, այլ այն որակավորող գործընթաց է, որի վերջնարդյունքում հայկական Զինված ուժերի ցանկացած պատժիչ գործողություն աշխարհը կընկալի, հետևաբար կհասկանա «իրերի դասավորվածությունը»։

Հայաստանի դեմ իրականացվող պատերազմային գործողությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից որպես «ագրեսիա» որակվելու դեպքում  հայկական կողմը միջազգային հանրությունից կարող է ակնկալել և՛ դիվանագիտական, և՛ ռազմական, և՛ հումանիտար աջակցություն։ «Սրա համար մեծ ծավալի դիվանագիտական աշխատանք է հարկավոր իրականացնել»,- ասում է Գուրգեն Սիմոնյանը։ 

«Սրան զուգահեռ պետք է հստակ գիտակցել` եթե հայ ազգը չպաշտպանեց իր աշխարհագրական տարածքները, ապա որևէ մեկը մեր փոխարեն դա չի անելու։ Մենք պետք է կռվենք և մեր բնօրրանում ապրելու իրավունքը պաշտպանենք ուժով։ Քաղաքականությունն արարվելու է մարտի դաշտում,  այն  պարտադրելու է հայ զինվորը,  որն արդեն երկու օր է իրենց հայրենանվեր սխրանքով դիմակայում են թշնամուն»,- ասում է  քաղաքագետ, քաղաքական գիտությունների թեկնածու  Գուրգեն Սիմոնյանը։

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նամակ է ստացել Հայաստանի մշտական ներկայացուցչից՝ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու խնդրանքով։

Նամակում ասվում է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի հանձնարարությամբ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը խնդրում է «հրավիրել ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի, որն անմիջական վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության համար»։

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստը նշանակված է այսօր` սեպտեմբերի 14-ին:

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը ևս հայտարարել էր, որ Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված իրավիճակի հարցով քննարկում կկազմակերպի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Back to top button