Երաժշտական եռանկյունի

Անկախության տոնի «Ակունքը»․ «Երաժշտական եռանկյունի»

Երեսուն տարուց ավելի մենք նշում ենք մեր անկախության տոնը ամենատարբեր միջոցառումներով, մեկ անգամ նույնիսկ նշել ենք Գորան Բրեգովիչի մենահամերգով։ Պետք է փաստենք, որ հիմնականում նախընտրությունը ստացել են հանրամատչելի, պոպուլյար երաժշտության մենակատարները, բացառությամբ մի քանի դասական համերգների։

Այս տարի անկախության տոնը որոշվեց նշել լեգենդար «Ակունք» անսամբլի բացօթյա մենահամերգով սեպտեմբերի 20-ին, «Ազատության» հրապարակում։

«Վերջապես մենք տեսանք այն օրը, երբ ազգայինը պետք է նշվի ազգայինով և խորհրդանշական է, որ հենց «Ակունքը» ընտրվեց որպես այդ միջոցառման գլխավոր դերակատար»,-ասում է «Ակունք» անսամբլի գեղարվեստական ղեկավար, երաժշտագետ, կոմպոզիտոր, մշակույթի և հասարակական գործիչ Արթուր Շահնազարյանը։

«Ակունք» պետական ազգագրական համույթը կրում է Մարո Մուրադյանի անունը և դարերի պատմություն ունեցող հայ ազգագրական ժողովրդական երգը հանրահռչակող մեր հին ու վաստակաշատ կոլեկտիվներից է։

Հսկայական գիտահետազոտական և կատարողական աշխատանք է տարվել տարիների ընթացքում, հղկվել է անսամբլի ուրույն ոճը և հատկապես երգացանկը, որը ներկայացնում է ազգային երգի հսկայական դիապազոն։

«Այդ օրը մենք կատարելու ենք բազմաթիվ շարքեր, Ազատության հրապարակում տիրելու է բարձր տոնական և մեր ազգային երգին հատուկ ուրախ, հաղթական տրամադրություն։ Հատուկ ընտրվել են երգեր, որոնք կբարձրացնեն ներկաների տրամադրությունը, ոգին և կմիավորեն բոլոր ներկաներին մեր գլխավոր արժեքներից մեկի՝ ազգային երգ ու պարի շուրջ»,- շարունակում է համույթի ղեկավարը։ Ազգային ինքնության գիտակցումը ձևավորվում է ոչ միայն սեփական պատմության և մշակույթի գիտելիքով, այլև հատկապես ազգային և հոգևոր երգի, երաժշտության իմացությամբ, ինչի հանրահռչակումը «Ակունքցիների» գլխավոր նպատակն ու առաքելությունն է ստեղծման օրվանից։

Հայրիկ և Մարո Մուրադյանների դրած հիմքերը իրենց շարունակությունն ու զարգացումն են ապրում Արթուր Շահնազարյանի կազմած համերգային ծրագրերի և շուրջ 150 նոր երգերից բաղկացած երգացանկի շնորհիվ։

Հաղորդման ընթացքում հնչում են «Ակունքի» բազմաթիվ կատարումներ։

Back to top button