ԿարևորՔաղաքական

Հետախուզակա՞ն մարտ, թե՞ լայնամասշտաբ հարձակում․ ի՞նչ է ուզում Ադրբեջանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Անվտանգության խորհրդի նիստում որոշում է կայացվել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ պաշտոնապես դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։

Միջազգային կառույցներից Հայաստանը ագրեսիայի հասցեական դատապարտում և գործուն միջամտություն է ակնկալում։

Ադրբեջանի հարձակումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է։ 

Հայաստանի նախաձեռնությամբ այսօր Երևանի ժամանակով ժամը 19-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստ կանցկացվի՝ տեղեկացնում է  ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը:

Ուժի կիրառումը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին անընդունելի է որակում  ՀԱՊԿ-ը։ Կազմակերպությունը Հայաստանի դիմումի հիման վրա ՀԱՊԿ Միացյալ շտաբի հետ սկսել է ՀԱՊԿ մեխանիզմների գործարկման աշխատանքը՝ իրավիճակի կարգավորման ուղղությամբ»,- ասված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։

 Հակասությունները լուծելու համար անհրաժեշտ է կիրառել բացառապես քաղաքական եւ դիվանագիտական մեթոդներ ու պայմանավորվածություններ, որոնք ամրագրված են Հայաստանի,  Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի հայտարարություններում՝ նշում է  կազմակերպության քարտուղարությունը:  Թե ինչ մեխանիզմների մասին է խոսքը, դեռ չի հստակեցվում։

Հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրացման հարցը Ֆրանսիայի նախաձեռնությամբ նախատեսվում է քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան գրառմամբ հիշեցնում է,  որ Ֆրանսիան ՄԱԿ ԱԽ-ում սեպտեմբերին նախագահող երկիր է, հետեւաբար, եթե Հայաստանը դիմում է ՄԱԿ ԱԽ, նիստը պետք է հրավիրի նախագահող  երկիրը, որը ստանում է դիմումը:

Ինչ արձագանք կլինի մյուս չորս մշտական անդամներից, եւ ինչպես կընթանա հնարավոր քննարկումը, առայժմ պարզ չէ: Վերլուծաբանը կարծում է՝ նիստի ընթացքում խորհրդի հինգ մշտական անդամները հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի հարցը կդիտարկեն բացառապես միմյանց միջեւ հարաբերությունների, այսինքն՝ լայն աշխարհակարգային դիմակայության համատեքստում: Բադալյանի դիտարկմամբ՝ մշտական հինգ անդամների հանգամանքը գերակշռող է ՄԱԿ ԱԽ վարքագծում, բայց նաեւ դեկորացիա չեն ոչ մշտական անդամները: Ուշագրավ է, որ ներկայում տասը ոչ մշտական անդամներից չորսը այսպես կոչված «Չմիավորվածների շարժման» անդամ են՝ Գանա, Քենիա, Գաբոն, ԱՄԷ, իսկ մեկը՝ Մեքսիկան, այդ շարժման մեջ ունի դիտորդի կարգավիճակ: Սա արժանի է ուշադրության, քանի որ շարժումը նախագահում է Իլհամ Ալիեւը:

Ուշագրավ մյուս հանգամանքն, ըստ Հակոբ Բադալյանի, այն է,  որ ՄԱԿ ԱԽ նախագահող  երկիրը կարող է առանձին՝  նախագահողի հայտարարությամբ հանդես գալ:

Հարց է՝ եթե չլինի ՄԱԿ-ի ԱԽ  որեւէ համաձայնեցված փաստաթուղթ, Ֆրանսիան կանի՞ այդ  հայտարարությունը՝ որպես նախագահող, թե՞ ոչ։ 

Վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի կարծիքով՝ միջազգային բոլոր կառույցներից կլինի կոշտ, հորդոր կհնչի  անհապաղ դադարեցնել իրադրության սրումը հայ-ադրբեջանական սահմանին եւ ոչ ավելին, սակայն կարեւոր է հասկանալ, թե ինչ է իրականում  ուզում Բաքուն այս պահին՝ ԶՈՒ-ի վիճակի ճշգրտո՞ւմ, թե՞ լայնամասշտաբ հարձակում՝ տարածքներ գրավելու մտադրությամբ։ 

«Միջազգային հանրության արձագանքը կլինի այսօր, եւ Ադրբեջանը ինչ-որ կերպ պետք է արձագանքի։ Ադրբեջանի արձագանքից պարզ կլինի,  թե ինչպես են զարգանալու իրադարձությունները,  քանի որ եթե սա հետախուզական մարտ է,  ապա Ադրբեջանն իբրեւ այդ ճնշման տակ կդադարեցնի գործողությունները, հակառակ դեպքում կստացվի, որ սա լայնամասշտաբ պատերազմ է։ Ամեն դեպքում առաջիկա 1-2 օրվա ընթացքում պարզ կլինի»։

Վերլուծաբանի խոսքով՝ Հայաստանի իշխանությունները գիտեն ավելին, քան ասում են։ Կարծում է՝ այս իրավիճակում պետք է ռազմական դրություն հայտարարվեր։

«Գուցե ժամանակն է, որ ստեղծվի ռազմաքաղաքական բարձրագույն խորհուրդ, որում կներգրավվեն պետական կառավարման, ռազմական մեծ փորձ ունեցող մասնագետներ՝ անկախ կուսակցական պատկանելիությունից եւ բազմաթիվ հարցերի լիազորություններ տրվի հենց այդ խորհրդին, քանի որ այսպիսի ճգնաժամային իրավիճակներում Նիկոլ Փաշինյանն իր անփորձ քաղաքական թիմով չի կարողանում ղեկավարել»։

Սահմանային իրավիճակի սրման համատեքստում    ուշագրավ էր  մեր հարավային հարեւանի արձագանքը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում Իրանի նախագահ Ռայիսին նշել է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում  նոր պատերազմն անընդունելի է եւ որ Իրանն ուշադրությամբ հետեւում է զարգացումներին:

Իրանի նախագահը հիշատակել է գերագույն հոգեւոր առաջնորդ  Այաթոլլա Խամենեիի խոսքն, ըստ որի՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո: Էբրահիմ Ռայիսին շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարեւոր է Իրանի համար»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

«Իրանն առաջին անգամ չէ, որ այդպիսի հայտարարություն է անում։ ԻԻՀ համար իսկապես կենսական նշանակություն ունի Հայաստանի տարածքային ամբողջականությունը, իրենք եւս կարող են Հայաստանի տարածքով կապ ունենալ դեպի Սեւ ծով։ Խնդիրն այն է, թե արդյոք Իրանն անմիջական մասնակցություն կունենա անհրաժեշտության դեպքում ռազմական գործողությունների։ Չեմ կարծում, թե այդպես կլինի, ամեն դեպքում մենք պետք է օգտագործենք Իրանի շահագրգռվածությունը»։

Մինչ ՀԱՊԿ-ը կհստակեցնի, թե ինչ  մեխանիզմներ է կիրառում , իսկ  ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգում  հնարավոր է հայտնվի հայ–ադրբեջանական սահմանային լարվածության հարցը,  Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին։ Նա Թվիթերում գրել  է, որ անհանգստացած է սահմանի հարձակումների, այդ թվում՝ Հայաստանի բնակավայրերին եւ քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված հարվածների հաղորդումներով։

Back to top button