ԿարևորՔաղաքական

Հայաստանի տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել. Փաշինյան

Ադրբեջանը, այլակերպելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է․ այն է՝ Հայաստանի Հանրապետության տարածքով որևէ մեկին միջանցք չի տրամադրվի։

«Հայաստանի Հանրապետության տարածքով չենք պատրաստվում որևէ մեկին միջանցք տրամադրել, բայց մենք ընդունում ենք և նույնիսկ շահագրգռված ենք Հայաստանի Հանրապետության տարածքով ճանապարհների բացմամբ և ապաշրջափակմամբ այն տրամաբանությամբ, որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը:

Եթե հիշում եք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է, 9-րդ կետի առաջին նախադասությունը ապաշրջափակման մասին է, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների և կապերի ապաշրջափակման, բացման և վերաբացման մասին է:

Գիտեք, որ թեման պարզաբանված է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել 2020 նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,- ասաց Փաշինյանը:

Back to top button