ԿարևորՔաղաքական

Հայաստանի առավելագույն և նվազագույն սպասելիքները՝ միջազգային կառույցներից  եւ փաստաթղթերից

ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայից ժամեր անց ՀՀ կառավարությունը որոշեց դիմել ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին։ Որոշումը կայացվել է Անվտանգության խորհրդի նիստում:

2022-ի սեպտեմբերի 13-ը հետպատերազմյան շրջանում առնվազն 4-րդ դեպքն է, երբ ադրբեջանական կողմը ռազմական գործողոթյուններով լուծում է մեծ կամ փոքր խնդիր: Այս անգամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ  ագրեսիան իրականացվել է նաև հենց Հայաստանի ինքիշխան այն տարածքից, ուր ադրբեջանցիները ներխուժել էին դեռ 2021-ի մայիսին և միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի պատճառով առայսօր ամրացել։ Միջազգային ի՞նչ պայմանագրեր են կարգավորում ՀՀ  սահմանների անվտանգությունը, եւ դրանց դրույթներն ինչ են ենթադրում, որո՞նք եմ  Հայաստանի առավելագույն և նվազագույն սպասելիքները՝ միջազգային կառույցներից ։

ՌԴ, ՀԱՊԿ և ՄԱԿ. սրանք բոլոր այն հնարավոր ուղղություններն են, որոնցով Հայաստանը կարող է դիմել աջակցության համար, երբ իր ինքնիշխան տարածքին վտանգ է սպառնում։ Այլ կառույցների հետ կամ այլ ուղղություններով Հայաստանի համագործակցությունը ռազմական բաղադիչ չունի:

Ռուսաստանին Հայաստանը դիմել է 1997 թվականին կնքված Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի հիման վրա՝ այդ փաստաթղթի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով: Բացի այս փաստաթղթից ՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապված է նաև ռազմաքաղաքական այլ «թելերով»: Ուշագրավ նրբությունն այստեղ այն է, որ ժամանակագրական առումով Ռուսաստանին դիմելու որոշումը կայացվել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցից հետո կայացած անվտանգության խորհրդի նիստում:

Փաստաթուղթը, որը վկայակոչում է Հայաստանը ՌԴ-ին դիմելու համար, իրականում 1997-ին այլ կշիռ ուներ, քան 2022-ին՝ կարծիք է հայտնում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ նաեւ մեկնաբանելով՝

«ՀԱՊԿ-ի վրա շատ չեմ կենտրոնանա, որովհետև ՀԱՊԿ-ը, անկախ նրանից, որ մենք անվտանգային այլընտրանք չունենք, բուտաֆորիկ կառույց է: Բոլոր դեպքերում շատ ավելի էական է հայ-ռուսական հարաբերությունների հարցը: Երբ 1997 թվականին կնքվում էր այդ մեծ պայմանագիրը, որի հիման վրա պաշտոնական Երևանը հիմա դիմել է Մոսկվային՝ հայցելով աջակցություն, այդ ժամանակ այլ իրավիճակ էր տարածաշրջանում, և Հայաստանը համարվում էր ՌԴ միակ ռազմավական դաշնակիցը մեր տարածաշրջանում: Հիմա իրավիճակն արմատապես տարբեր է: Այս պահին Ռուսաստանն ունի մեկ այլ ռազմավարական դաշնակից մեր տարածաշրջանում, որը Ադրբեջանն է և, ես չեմ ուզում, որ մեր հասարակությունը շատ մեծ սպասումներ կամ պատրանքներ ունենա, որ Ռուսաստանը միակողմանի դիրքորոշում է ունենալու այս իրավիճակում: Ռուսաստանը վարելու է «հավասար հեռավորության» քաղաքականություն: Հետո չշահարկվի, որ ես ռուսական միջնորդությունը քննադատում եմ կամ ճամբարափոխության առաջարկ եմ անում, ամենևին, որովհետև ավելի բարեխիղճ միջնորդ չենք էլ գտնելու»:

Ռուսաստանի հետ կա ավելի «թարմ» փաստաթուղթ՝ այս ապրիլին Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպումից հետո ընդունված 30 կետանոց համատեղ հայտարարությունը: Փաստաթղթի, մասնավորապես,  22-րդ կետով Փաշինյանն ու Պուտինը խորը մտահոգություն են հայտնել միջազգային անվտանգության ոլորտում բարդացող իրավիճակի առնչությամբ և մտադրություն՝ հետագայում ևս ամրապնդել փոխգործակցությունը տվյալ ոլորտում բացասական միտումներին հակազդելու նպատակով՝ ելնելով նրանից, որ ոչ մի պետություն, միություն կամ կոալիցիա չեն կարող և չպետք է ապահովեն իրենց անվտանգությունն այլ պետությունների անվտանգության հաշվին:

Փաստաթղթային պարտավորություններ Հայաստանի հանդեպ ունի նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը 1992 թվականից: Առաջին անգամ չէ, որ Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին: 2021-ի դիմումը, երբ ադրբեջանական զորքը մի քանի ուղղությամբ խախտել էր Հայաստանի սահմանը, պատշաճ արձագանք չստացավ: Հայաստանն անգամ իր պաշտոնական դժգոհությունն արտահայտեց ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովում: Այս տարվա մայիսին էր, Մոսվկայում: Չնայած դրան՝ Հայաստանը կրկին դիմել է ՀԱՊԿ-ին: Հայաստանի վարչապետի խոսքով՝ կարևոր է հստակություն մտցնել պարտավորությունների հարցում․

«Շատ կարևոր է հստակ հասկանալ, թե մեր նկատմամբ ով ինչ պարտավորություն ունի, և մենք ուրիշների նկատմամբ ինչ պարտավորություններ ունենք»:

Վերլուծական դաշտում այժմ շատ է տարածվում ենթադրությունը, թե ոչ Ռուսաստանից, ոչ էլ ՀԱՊԿ-ից էական ակնկալիքներ չպետք է ունենանք. առաջին անգամ չէ, որ Հայաստանը դիմում է երկուսին էլ: 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանը դիմել էր ՄԱԿ-ին, բայց այդ քայլը ևս էական արդյունք չտվեց: Այս անգամ ակնկալիքների առավելագույն և նվազագույն սպասելիքները ձևակերպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Գուրգեն Արսենյանը.

 «ՌԴ և ՀԱՊԿ-ի պարագայում մենք ակնկալում ենք որոշում, որը բխում է պայմանագրերից: Ես մեր առավելագույն ակնկալիքը ասեմ՝ ռազմական աջակցություն: Մենք դա ակնկալում ենք: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու դեպքում մենք դիմել ենք միջազգային այն կազմակերպությանը, որը ամենահեղինակավորն է, և որի ԱԽ  բանաձևերը, որպես կանոն, աշխարհում իրականանում են: ՄԱԿ-ի ԱԽ դիմելու դեպքում մենք չենք ակնկալում ռազմական աջակցություն, մենք ակնկալում ենք Անվտանգության խորհրդի համապատասխան որոշում, որն Ադրբեջանի ղեկավարությանը կսթափեցնի, որպեսզի զերծ մնա այս գործիքակազմը կիրառելուց»:

Եթե Հայաստանի առավելագույն և նվազագույն սպասելիքները չարդարացվեն, դա պատճառ չէ ՀԱՊԿ-ից դուրս գալու համար՝ ըստ պատգամավորի: Ըստ Արսենյանի՝ Հայաստանը մտադրություն չունի և չի քննարկել անվտանգային որևէ կենտրոնի հետ գործակցության կառուցվածքը փոխելու հարցը:

Իրավական առումով ՄԱԿ-ն իր վերջին զեկույցով ցուցաբերել է հստակ մոտեցում, որը, ըստ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի, պետք է լավագույնս օգտագործվի Հայաստանի կողմից: ՄԱԿ-ի ռասսայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի ներքո գործող կոմիտեի վերջին զեկույցում հստակ նշվում է․

«Ադրբեջանական պետության կողմից վարվում է համակարգված հայատյաց պետական քաղաքականություն: Կոմիտեն շատ կոնկրետ մտահոգություններ էր բարձրացրել ընդհանրապես հայության հետքի վերացմանն ուղղված ադրբեջանական սիստեմիկ քաղաքականության վերաբերյալ: «Հայ լինելը վտանգավոր է» Ադրբեջանում․ սա փաստ է, եւ այս համատեքստում պետք է խոսենք: Այստեղ եմ տեսնում մեր մանդատի դերը, փաստերը արձանագրել, այդ թվում նաև այն, ինչ տեղի է ունենում Արցախում»: 

Վերլուծաբանները մեկ այլ ուշագրավ փաստ են արձանագրում. սեպտեմբերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահում է Ֆրանսիան: Հայ-ֆրանսիական առանձնահատուկ հարաբերություններից ելնելով, սա բավական լավ հնարավորություն է համարվում: Թեև ՄԱԿ-ում նախագահությունը պարզապես հռչակագրային պաշտոն է, բայց Ֆրանսիան արդեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լարվածությունը քննարկելու համար։

Back to top button