ԿարևորՔաղաքական

Հայաստանի ապաշրջափակումը՝ Վրաստանի անվտանգության երաշխիք

Պաշտոնական Թբիլիսին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական էսկալացիայի հետևանքով ստեղծված իրավիճակի շուրջ՝ ևս մեկ անգամ հայտարարելով, որ պատրաստ է ներդնել բոլոր ջանքերը տարածաշրջանի խաղաղությանը նպաստելու համար:

Երկու երկրների վարչապետներն այսօր հեռախոսազրույց են ունեցել։ 

Վրաստանի իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն անդրադառնալով հարցին, հայտարարել է, որ բոլորի գլխավոր խնդիրը պետք է լինի հակամարտության դադարեցումը։ Կոբախիձեի խոսքով, Վրաստանը շարունակ դատապարտում է Ուկրաինայում տեղի ունեցողը, և իհարկե, Վրաստանի համար հարցն ավելի զգայուն է, երբ խոսքը երկու հարևան և բարեկամ երկրների մասին է։

Տեղի ունեցողը չի բխում Վրաստանի շահերից, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է միջազգային հարաբերությունների մասնագետ Գիորգի Գոբրոնիձեն՝ հավելելով, որ պետք է այսօր ամեն ինչ անել Հայաստանի ապաշրջափակման համար․ Հայաստանը կարող է մեծ դեր ունենալ Վրաստանի անվտանգության ու զարգացման գործում․

«Վրաստանի համար մի կողմից կարևոր է պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բայց մյուս կողմից պետք է հասկանանք, որ եթե հակամարտությունը երկար շարունակվի, այս գործընկերությունը կախվածության մեջ կդնի Վրաստանին, որն ուղղակի ստիպված կընդունի Ադրբեջանի և Թուրքիայի օրակարգը»։

Ըստ Գոբրոնիձեի, այլ կլինի իրավիճակը, եթե այլընտրանք լինի, Հայաստանն ապաշրջափակվի․

«Այդ դեպքում կարելի է խոսել  ուժերի հավասարակշռությունից։ Ուստի հիմա Վրաստանը պետք է ջանքերը ներդնի Հայաստանի ապաշրջափակման և Արևմուտքի հետ Հայաստանի մերձեցման համար։  Դա Վրաստանի համար ռազմավարական նշանակություն ունի․  երկարաժամկետ պատմական հեռանկարում Վրաստանի համար չկա Հայաստանի նման հարևան և հակառակը։ Դրա համար ամեն ինչ մի կողմ պետք է թողնել և աշխատել Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ»։

Վրացի քաղաքական որոշ գործիչներ դեռ տավուշյան սրացումների օրերին էին երկրի իշխանություններին կոչ արել փորձել նպաստել դեսկալացիային, միջնորդ դառնալ երկու հարևանների միջև առանց տարածաշրջանի մյուս խաղացողների մասնակցության։

Ռազմական փորձագետ Դավիթ Մայիսայան ասում է, որ տարածաշրջանում Վրաստանը թերևս միակ երկիրն է, որ շահագրգռված է առանց սեփական պայմանների, առանց որևէ ազդեցություն բանեցնելու օգնել երկրներին հասնելու խաղաղության․ «Հակամարտությունը դեռ կարգավորված չէ, և Թբիլիսին այսօր, քան երբևէ պետք է դառնա խաղաղության գոտի այդ լուրջ կոնֆլիկտը մեկընդմիշտ լուծելու համար»։

Վրաստանում Թբիլիսին առաջարկելով որպես հայ-ադրբեջանական երկխոսության վայր, հիմնականում նկատի ունեն միայն Արևմուտքի մասնակցությամբ։

Back to top button