ԿարևորՀասարակություն

Ինչո՞ւ և ո՞ր հատվածներից է թշնամին սկսել ռազմական գործողությունները

Նախ չորս, հետո՝ ևս երկու ուղղություններով․ կեսգիշերից Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիայի թիրախում նաև  հայկական բնակավայրերն ու քաղաքացիական նշանակության ենթակառուցվածքներն են։ Մասնագետները սա պատահական չեն համարում․ շփման գծի հայկական կողմում բնակչությունն է, մինչդեռ ադրբեջանականում  քաղաքացիական բնակչություն չկա։ Սա թշնամու համար անվտանգային գոտի է, իսկ հայկական կողմի համար հակահարձակման դժվարություններ է ստեղծում։ Խաղաղ բնակչությանը թիրախավորելը պետք է միջազգային ատյաններում համարժեք գնահատական ստանա՝ կարծում են մասնագետները։

Ոչ թե սադրանք, այլ՝  ռազմական հստակ գործողություններ օդուժի, հեռահար հրթիռների ու հատուկ նշանակության ջոկատների ներգրավվամբ։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննսիյանը կարծում է՝ կեսգիշերից Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունները սադրանք որակելը դիվանագիտական ասպարեզում Հայաստանի համար խնդիրներ է ստեղծելու։

«Պետք է անպայմանորեն հստակ արձանագրենք, որ Ադրբեջանը գնացել է ռազմական էսկալացիայի։ Ադրբեջանը ցանկություն ունի բլից–կրիգով որոշակի բնակավայրեր վերցնել  իր վերահսկողության տակ»։

Կեսգիշերից Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել նախ չորս, ապա՝ ևս երկու–երեք  ուղղություններով՝ խորհրդարանում հայտարարեց Հայաստանի վարչապետը։ Քննչական կոմիտեն էլ պարզաբանեց՝ Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից զինված ուժերի կիրառմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ ագրեսիայի ակտ իրականացնելու փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, կոպտորեն խախտելով 1949 թվականի Ժնևի կոնվենցիաների ու մի շարք այլ միջազգային փաստաթղթերի   պահանջներ՝  կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, կանխամտածված և նպատակաուղղված հարձակման թիրախ են դարձրել խորը թիկունքում գտնվող քաղաքացիական օբյեկտները և ռազմական գործողություններին անմիջականորեն չմասնակցող քաղաքացիական բնակչությանը։  

Ինչո՞ւ  է թշնամի պետությունը թիրախավորել հատկապես այս բնակավայրերը։ Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Ռադիոլուր»–ին պարզաբանում է՝ Ադրբեջանը  հարձակում սկսած տարածքներում բնակչություն չունի։ Այս երկիրն  առաջին հերթին իր համար անվտանգային գոտի է  ստեղծել և   հնարավոր հակակահարձակման դեպքում  ենթակառուցվածքների ու  խաղաղ բնակչության շրջանում կորուստներ ու վնաս չի կրելու։ Փորձագետի գնահատմամբ՝ այս ուղղություններով հարձակմամբ Ադրբեջանը նաև այլ խնդիրներ է փորձում լուծել․

«Ադրբեջանը նաև ցանկություն ունի հատկապես այս շրջաններում ցույց տալ, որ Հայաստանի համար կարևոր կենսական նշանակություն ունեցող ճանապարհների նկատմամբ ընդամենը հաշված րոպեների ընթացքում կարող է վերահսկողություն սահմանել։ Սա անում է, որ ոչ միայն ցույց տա , այլ նաև տարածքային առավելություններ ձեռք բերի։ Ընդ որում ՝ Ադրբեջանի նպատակը ոչ միայն բարձունքներ գրավելն է, այլ նաև օրինակ հենց Վարդենիսի շրջանում նպատակը նաև հայկական բնակավայրերը իր վերահսկողության տակ վերցնել է։ Այսպիսով՝ նա նաև շատ խոցելի Քարվաճառի համար անվտանգության գոտի է  ստեղծում»։

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ հայկական կողմը հաճախ համարժեք քայլեր չի ձեռնարկում, քանի որ  թիկունքում բնակչությունն ու ենթակառուցվածքներն են՝ թիրախավորված Ադրբեջանի կողմից։ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքյան գրառմամբ ընդգծել  էր, թե հարձակումները հայկական  բնակավայրերի նկատմամբ նաև Սյունիքի ու Գեղարքունիքի այն հատվածներից, ճանապարհներից են, որտեղ ադրբեջանական ուժերը անօրինական տեղակայվել են  2021թ. մայիսից: Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննսիանն նույն կարծիքին է․

«Դրանից  հետո, երբ իրենք իրենց համար զբաղեցրեցին շատ ավելի բարենպաստ տեղեր, և թիկունքային ճանապարհների համար ապահովեցին շատ ավելի բարենպաստ պայմաններ, այլևս անհնար էր թեկուզ և   բուֆերային գոտի ստեղծելով՝ խոսել անվտանգային մեսիջների մասին»։

Նշանառու հարձակման տակ են Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ գյուղերը` դպրոցներից մինչև տներ: Սյունիքում նույնպես թիրախում  խաղաղ բնակավայրերն են, ընդ որում՝ Կապան-Ճակատեն ճանապարհի, գյուղերի ուղղությամբ կրակում են  Սև լճի տարածքում անօրինական տեղակայված ադրբեջանական դիրքերից: Արման Թաթոյանի գնահատմամբ այդ զինված տեղակայումներն արդեն իսկ իրական սպառնալիք են մարդկանց կյանքին ու անվտանգությանը, բնակավայրերին ու երկրին։ Վիրավորներ կան ոչ միայն զինծառայողների, այլ նաև խաղաղ բնակչության շրջանում։ ԱՆ–ից փոխանցում են, որ  վիրավորված երեք քաղաքացիական անձ կա։ Նրանցից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, երկուսինը` բավարար:

Միջազգային ու մարդասիրական իրավունքի խախտում՝ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանի բնութագրումն է։ Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանն այս դեպքում․

«Հայաստանը կանի այն, ինչ մինչ այժմ արել է՝ կհամալրի իր գանգատը, որ գտնվում է ՄԻԵԴ–ում, նաև կհամալրի գանգատը, որ գտնվում է ՀԱԱԳԱ–ում՝ այն երկրորդային հիմքով, որ այս ամենի հիմքում էթնիկ զտումն ու հայատյացությունն է։ Առնավազն այս երկու իրավական գործընթացները, որոնք 2020–ին են սկսվել համալրում կարվի կամ  նոր գանգատ կներկայացվի»։

 Համացանցը ողողված է վնասված տների  ու ենթակառուցվածքների վնասումներն ապացուցող լուանկարներով։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաքագրում է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սկսած ագրեսիայի ընթացքում քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման ապացույցները։ Փաստերը կներկայացվեն միջազգային մանդատ ունեցող կազմակերպություններին և այլ դերակատարներին։

Back to top button