ԿարևորՔաղաքական

Երբ խաղաղության օրակարգի անունը պատերազմ է․ պաշտոնական Երևանը հստակեցնում է իր դիրքորոշումները

Սեպտեմբերի 13-ի կեսգիշերից 5 րոպե անց ադրբեջանական կողմի ռազմական վերջին գործողություններն ամիսներ շարունակ քննարկվող խաղաղության օրակարգի ձախողո՞ւմն են։ Ձախողում՝ ոչ, բայց որ ռազմական գործողություններով Ադրբեջանը տորպեդահարում է խաղաղության օրակարգը և շեղվում դրանից՝ այո․ Ազգային ժողովում շեշտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ադրբեջանի ներկայացուցիչները ևս հայտարարում են, որ խաղաղություն են ուզում: Մենք էլ ենք ասում, որ խաղաղություն ենք ուզում։ Այդ դեպքում ո՞վ է, որ իր հայտարարություններում անկեղծ չէ և չի արտահայտում իր իսկական ցանկություններն ու մղումները։ Պետք է վերահաստատեմ, որ բոլորն ուզում են խաղաղություն, խնդիրն այն է, որ յուրաքանչյուր սուբյեկտ, խաղաղություն ասելով, հասկանում է պայմանների որոշակի խումբ, հասկանում են իրենց պատկերացումը խաղաղության մասին: Խաղաղությունը տեղի չի ունենում, երբ պատկերացումները չեն համընկնում: Մենք պետք է գնանք այս ճանապարհով․ պետք է բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանենք ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, ձգտենք խաղաղության՝ փորձելով մոտեցնել պատկերացումները, և պետք է հնարավորինս արագ և արդյունավետ բարեփոխենք մեր բանակը՝ ՀՀ անվտանգությունը ապահովելու համար»,– շեշտում է վարչապետը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը, ապատեղեկատվություն տարածելով, հող էր պատրաստում ռազմական հարձակման համար։ Ըստ վարչապետի՝ դեռ օգոստոսի 31-ին Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ակնհայտ էր, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններում ընդգրկել նաև Հայաստանի ներկայացրած առաջնահերթությունները, որոնց առանցքում Լեռնային Ղարաբաղի և արցախցիների անվտանգության երաշխիքներն են։

«Ադրբեջանի դիրքորոշումը հետևյալն է․ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ-ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի առաջարկած սկզբունքները, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»։

«Խոսակցության և քաղաքական դիրքորոշումների արձանագրման համատեքստում հնչում է, թե Ադրբեջանը ՀՀ նկատմամբ տարածքային պահանջներ չունի, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը պատրաստվում է սահմանազատման, սահմանագծման գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել՝ իր ձևակերպմամբ իբր Հայաստանին հանձնված որոշ տարածքների առնչությամբ: Հաջորդ խնդիրն այն է, որ Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս: Բոլոր բանակցային, դիվանագիտական փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից։  

«Բայց մենք ունենք գործող փաստաթուղթ, որի ներքո դրված է ադրբեջանական կողմի ստորագրությունը, որ կա ԼՂ սուբյեկտ, որն ունի շփման գիծ, և որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահներ․․․ Եվ կա Լաչինի միջանցք, որը մարդկանց տեղափոխման և բեռների փոխադրման համար է․․․ Եռակողմ հայտարարությամբ հտակ արձանագրված է, որ Լաչինի միջանցքի գոյության իմաստը ՀՀ-ի և ԼՂ-ի միջև կապն ապահովելն է։ Եվ եռակողմ հայտարարության մեջ չկա սահմանափակում, թե ովքեր կարող են գնալ և ովքեր չեն կարող գնալ ԼՂ։ Վերջին շրջանում նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է շրջանառությունից հանել, արխիվային նշանակություն տալ նոյեմբերի 9-ի հայտարարությանը»,– ասում է Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանը, այլակերպելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռկակողմ հայտարարությունը, խոսում է ՀՀ տարածքով միջանցք ունենալու մասին: Գործադիրի ղեկավարը շեշտում է՝ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝  իր տարածքով որևէ մեկին միջանցք տրամադրել չի պատրաստվում։ Հայկական կողմը շահագրգռված է ՀՀ տարածքով ճանապարհների բացմամբ և ապաշրջափակմամբ այն տրամաբանությամբ,  որ այդ ճանապարհից կարող են օգտվել տարածաշրջանի բոլոր երկրները, այդ թվում՝ Հայաստանը և Ադրբեջանը՝ ընդգծել է վարչապետը:

«Եթե հիշում եք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ հստակ նշված է․9-րդ կետի առաջին նախադասությունն ապաշրջափակման մասին է, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների, ուղիների և կապերի ապաշրջափակման, բացման և վերաբացման մասին է: Գիտեք, որ թեման պարզաբանված է 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարարությամբ և արձանագրված է, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել 2020 –ի ոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը կյանքի կոչելու համար»,– ասում է գործադիրի ղեկավարը։

Հայաստանն ունի ֆինանսական բոլոր հնարավորությունները՝ անհրաժեշտ պաշտպանական զենք-զինամթերք ձեռք բերելու համար՝ ընդգծում է Նիկոլ Փաշինյանը։ Սպառազինության հարցը, բացի ֆինանսական կողմից, ունի նաև քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային խնդիրներ։  Հայաստանն ամեն ինչ անելու է պետության ինքիշխանությունն ու անվտանգություն պաշտպանելու համար։

«Զենք ձեռք բերելն ունի 4 բաղադրիչ` ֆինանսական, քաղաքական, տեխնիկական և տրանսպորտային։ ՀՀ-ն ունի բոլոր ֆինանսական հնարավորությունները՝ իրեն անհրաժեշտ պաշտպանական զինամթերքը ձեռք բերելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքական բաղադրիչին, ապա, բնականաբար, ոչ բոլոր երկրներն են, որ պատրաստ են զենք վաճառել ՀՀ-ին, որոշ երկրներ էլ պատրաստ են ՀՀ–ին զենք վաճառել, սակայն չունեն անհրաժեշտ զենքը։
Կա նաև տրանսպորտային խնդիր․ ՀՀ-ն, ցավոք, չունի ելք դեպի ծով, որպեսզի կարողանա զենք գնել միջազգային վաճառողից և բերել երկիր»։

Հայաստանը ցանկանում է խաղաղություն, բայց այդ խաղաղության տակ պետք է բանաձև լինի, որը կապահովի տարածաշրջանի ժողովուրդների խաղաղ համակեցությունը։ Առանց երաշխիքների բանակցային սեղանին դրված խաղաղության պայմանագիրը պարզապես թուղթ է՝ շեշտում է։ Եվ, այնուամենայնիվ, պատրաստ ենք բանակցել հանուն խաղաղության՝ պաշտոնական Երևանի դիրքորոշումն է։  

Back to top button