ԿարևորՏնտեսական

Ցեմենտի շուկայի «բետոնե» խնդիրները

Ինչպե՞ ս պաշտպանել տեղական արտադրողին ու կառուցապատողին․ օրենսդիրում քննարկում են ցեմենտ արտադրող ու ներկրող ընկերություններին հավասարակշռված աջակցություն ցուցաբերելու ուղիները և առողջ մրցակցության նոր խնդիրները։ Մի քանի տարի առաջ, երբ հայկական շուկան ողողված էր իրանական էժան ցեմենտով, կառավարությունը որոշեց աջակցել տեղական արտադրողներին ու ցեմենտի ներկրման տուրք սահմանել։ Միայն մեկ տարում Հայաստանում ցեմենտը թանկացել է 25 տոկոսով։ Այժմ կառուցապատողներն են սկսել ցեմենտի բարձր գներից դժգոհել։

Ցեմենտի ներկրման 14 հազար դրամ պետական տուրքը նվազեցնել 9 հազարի, իսկ հումքի համար կիրառվող կլինկերի համար սահմանված 2 հազար դրամ տուրքն ընդհանրապես հանել․առաջարկը հնչում է խորհրդարանում։ Հիմքում  շուկայում նկատվող վերջին խնդիրներն են։  «Պետական տուրքի մասին»  օրենքը փոփոխելու  նախագիծն ԱԺ-ն նիստում ներկայացնում է համահեղինակ Բաբկեն Թունյանը:

Տեղական արտադրողին կառավարությունը սկսեց պաշտպանել 2019 թվականից, երբ հայկական շուկան հեղեղված էր իրանական էժան ցեմենտով, եւ տեղական արտադրողները ոչ մրցունակ էին դառնում։ Պետտուրք սահմանելով որոշեցին թեկուզ 14 հազարով արհեստականորեն թանկացնել ներկրվող ցեմենտը, բայց որ տեղական արտադրողը մրցակցությանը դիմանա։ ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Բաբկեն Թունյանը, վիճակագրական տվյալները մեջբերելով, արձանագրում է՝ մոտեցումը ճիշտ էր․ տեղական արտադրողը վնաս չկրեց, ինչպես որոշ փորձագետներ կանխատեսում էին։ Ցուցանիշերն էլ «գունավոր» են.

«Հայկական շուկայում նախ ցեմենտի արտադրության ծավալները շեշտակի աճեցին։ Այս տարվա առաջին յոթ ամսում արտադրվել է ավելի քան 520 հազար տոննա ցեմենտ։ Դա ավելին է, քան սրանից հինգ տարի առաջ տարեկան կտրվածքով արտադրվածը։ 2021–ին 853 հազար տոննա ցեմենտ է արտադրվել։ Արտադրվող ցեմենտի կշռում տեղական արտադրողների կշիռն էականորեն մեծացել է․ եթե 2019թ ներմուծումը մինչև 25 տոկոսի էր հասել, տեղական արտադրությունը՝ նվազել»։  

2 տարում տեղական արտադրողները ժամանակ ունեին արտադրողականություն ավելացնել, նվազեցնել արտադրանքի ինքնարժեքը։ Բայց շուկայում խնդիրները չեն պակասել։ Թունյանը նկատում է՝ վերջին 1 տարում 25 տոկոսի թանկացում կա: «Սա գործարանային գինն է: Իսկ 2020-ի սկզբի համեմատ մոտ 43 տոկոսով է թանկացել ցեմենտը՝ ասում է: Փոխվել են նաեւ ցեմենտը Հայաստան հասցնելու ելակետային պայմանները․ իրանական ցեմենտը սահմանին թանկացել է, տրանսպորտային ծախսերը՝ բարձրացել։ Եթե ուժի մեջ մնա 14 հազարի տուրքը, ներմուծումն արհեստականորեն կսահմանափակվի։ Թունյանի խոսքով՝ շուկայում տեղի է ունենում գերկենտրոնացում, ցեմենտի դեֆիցիտ, գների աճ: Եվ վերջին շրջանում կառուցապատողներն այդ թեմայով շատ են դժգոհում՝ ասում է Թունյանը․

«Կառավարությունը նախատեսում է կապիտալ շինարարության ծավալների էական աճ։ Հաշվի առնելով, որ Հայաստանում այժմ նկատվում է շինարարության կտրուկ աճ՝ այս պայմաններում, եթե մենք որևէ քայլ չենք ձեռնարկում, նշանակում է, որ մենք արհեստականորեն թանկացնում ենք շինարարությունը, բնակարան ունենալու խնդիրն ավելի է ծանրանում (չեմ ասում շատ, բայց ծանրանում է)։ Մենք շուկայում խնդիր ունենք մրցակցային վիճակը վերականգնել։ Այդ նվազումը թույլ կտա միևնույն ժամանակ արտադրողին պաշտպանել, նաև որոշակի մրցակցություն ապահովել, որպեսզի մարդիկ իրենց մի քիչ ավելի զգաստ զգան»։

Մինչդեռ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կարծում է՝ տուրքը հանելով էլ շուկայում մրցակցություն չի ապահովվի։ Տեղական ցեմենտը վաճառվում է 30 հազար դրամով, իրանականը՝ 33 հազար։ Պատգամավորին շինարարները դժգոհել են այլ խնդրից, որ ցեմենտի արտադրության ծավալն իրենց  չի բավարարում․

«Մենք պետք է շուկայում մրցակցություն ստեղծենք։ Առանց մրցակցության գներ են թելադրվում, որից բողոքում են շինարարները։ Եթե մենք չունենք այս մրցակցային հնարավորությունները, բնականաբար, իրանական ցեմենտ ՀՀ չի մտնելու։ Հավասարակշռված չեն այս պահին մեր ունեցած կոնկրետ այն թվերը, որոնք ապացուցում էին, որ 14 հազար դրամի դեպքում կանգ է առնելու իրանական մուտքը ՀՀ»։

ՎԿ տվյալներով՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում 149 մլրդ դրամի շինարարություն է իրականացվել՝ 2021-ի նույն շրջանի համեմատ 12.7%-ով ավելի։ Աճը հիմնականում նորակառույց բազմաբնակարաններ կառուցող կազմակերպությունների հաշվին է։ Դրանք հունվար-հունիսին  ապահովել են շինարարության ողջ ծավալի գրեթե կեսը՝ 46.3%։ Սա արժեցել է  մոտ 69 մլրդ դրամ՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ աճելով 27.2%-ով։ 2021-ին շինարարության տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ-ում 6.6% էր։  

Նորակառույցների պահանջարկը մեծացել է, քանի որ անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս հիպոթեքին ուղղվող տոկոսները վճարվում են գնորդի եկամտային հարկից։
Մինչ շուկայում այսպիսի ակտիվություն է, տնտեսագետ Համլետ Մկրտչյանը որոշակի պասիվություն է կանխատեսում։ Այս հուլիսից արդեն Երեւանի Կենտրոն ու Արաբկիր վարչական շրջաններում բնակարան ձեռք բերելիս օրենքի նշված դրույթը չի գործում։ Երևանում աստիճանաբար եկամտային հարկի վերադարձը կդադարեցվի։ Սա շինարարության ծավալները կնվազեցնի՝ կարծում է Մկրտչյանը.

«Սա տնտեսական քաղաքականության մի գործիք է, երբ կառավարությունը որոշել էր իրականացնել։ Սա դրական ազդակ տվեց շինարարներին, շինարարության ծավալները սկսեցին աճել։ Սակայն, պետք է ցավով նշել, որ մինչև 2025 թվականն է։ Տարիների ընթացքում շինարարական բումը նվազելու է»։

Այս կանխատեսումների ֆոնին, փաստորեն, նաեւ շինարարության թանկացումն է․ վերջին մեկ տարում կառուցապատողները 25 տոկոսով ավելի բարձր են վճարում ցեմենտի համար, իսկ 2020–ի համեմատ ցեմենտը թանկացել է 43 տոկոսով։  ԱԺ-ն փորձում է հավասարակշռված լուծում գտնել․ բարձրացված խնդիրների հետքերով, նոր նախագիծը ձեռքներին, պատգամավորները դեռ նորից կքննարկեն հարցը, որպեսզի շինարարության թանկացումից անշարժ գույքի, հատկապես նորակառույցների գները կտրուկ չբարձրանան։

Back to top button