ԿարևորՄիջազգային

Ուկրաինան ընդամենը տարածք է, որտեղ սկսվել է Ռուսաստան-Արևմուտք արդեն մեկ դարից ավելի ձգվող հակամարտությունը

Խարկովի ուղղությամբ ուկրաինական պաշտպանական ուժերի հակահարձակումն ու որոշ բնակավայրերի ազատագրումը տեսականորեն համարվում է հաղթանակ, սակայն դեռևս վաղ է ռուս-ուկրաինական ճակատում կատարվածը բեկում համարել` ասում է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը։ Խարկովյան իրադարձություններով պայմանավորված՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ըստ «Ռադիոլուրի» զրուցակցի,  սկսել է առավել համարձակ հայտարարություններով հանդես գալ` մերժելով պաշտոնական Մոսկվայի հետ բանակցությունները։

«Նախագահ Զելենսկին բանակցությունների սկսման նախապայման է համարում ռուսական զորքերի նահանջը մինչև փետրվար 24-յան իրողությունները։ Կիևի իշխանությունները բանակցային գործընթացի հնարավոր վերսկսումը պայմանավորում են անկախության հռչակման պահին, այսինքն` մինչև 1991 թվականի դեկտեմբերի 1-ը Ուկրաինայի տարածքային ամբողջականության ճանաչմամբ, այդ թվում Դոնեցկի և Լուգանսկի բնակավայրերի և Ղրիմի վերադարձով»,– ասում է վերլուծաբանը։

Քաղաքական տեխնոլոգը շեշտում է` կողմերը պատրաստ չեն բանակցել, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի համար այդ  բանակցությունները հավասարազոր են պարտության։ «Կրեմլը հայտարարում է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հնարավոր բանակցությունների համար այս պահին նախադրյալներ չի տեսնում` մերժելով նույնիսկ Թուրքիայի նախագահ Էրդողանի` հակամարտող կողմերի միջև հանդիպում անցկացնելու առաջարկը։ Պաշտոնական Կիևն, իր հերթին, հայտարարել է, որ չի նստի բանակցությունների սեղանի շուրջ այնքան ժամանակ, քանի դեռ պատերազմը շարունակվում է», ասում է Արմեն Բադալյանը։ Նա  նկատում է, որ վերջին շրջանում Ռուսաստանը որոշակիորեն փոխել է ռազմական գործողությունների մարտավարությունը. թիրախում ուկրաինական հիդրոէլեկտրակայաններն են։ Սրանով ռուսական ստորաբաժանումները փորձում են ուկրաինական բնակելի տարածքներում որոշակի դժվարություններ ստեղծել արտադրական ենթակառուցվածքները շահագործելու համար` ասում է քաղտեխնոլոգը։

«Այս պատերազմը Ռուսաստանի համար գոյաբանական կռիվ է, պարտության դեպքում ռուսական պետությունն իր տարածքով, ինքնիշխանությամբ կասկածի տակ է դրվելու, Արևմուտքը թույլ չի տալու Ռուսաստանին պահպանել այն, ինչը հետագայում կարող է վտանգել Հավաքական Արևմուտքը։ Ուկրաինան ընդամենը տարածք է, որտեղ սկսվել է Ռուսաստան-Արևմուտք արդեն մեկ դարից ավելի ձգվող հակամարտությունը»,- ասում է «Ռադիոլուր»-ի զրուցակիցը։

Back to top button