ԿարևորՀասարակություն

Տեխնիկան բերեցին ու հետ տարան՝ առանց գործ անելու․ Լոռու 6 գյուղերի բնակիչները պահանջում են Մ6-Աթան նորմալ ճանապարհ

Թումանյան խոշորացված համայնքի մեջ մտնող 6 գյուղերի բնակիչներ այսօր փակել են Մ6 միջպետական մայրուղին՝ թույլ չտալով երթևեկը: Բնակիչները պահանջում են, որ պատկան կառույցները հստակեցնեն Մ6-Աթան ճանապարհի հիմնանորոգման ժամկետը։ Ճանապարհի նորոգման խոստումներ լսում են արդեն 6 տարի՝ խոշորացումից ի վեր ու ընտրությունից ընտրություն, բայց ոչինչ չի փոխվում: Կառավարությունն այս տարի 2.7 մլրդ դրամ էր հատկացրել շինարարության համար, մրցույթում հաղթող ընկերություն էլ կար, բայց տեխնիկան եկավ գյուղ ու առանց գործ անելու հետ տարվեց։ Ճանապարհի խնդիրն էլ մնաց՝ ինչպես կա։ Թեման շարունակում է Լոռու մարզի մեր թղթակից Լուսինե Սարգսյանը

Մոտկորի շրջանի 6 գյուղերի բնակիչներն առավոտից փակել էին Մ6 միջպետական մայրուղու՝ գյուղեր բարձրացող հատվածը: Այլևս չեն պատրաստվում հանդուրժել այս վիճակը: Ճանապարհի նորոգմանը մոտկորեցիները սպասում են 2016-ից՝ խոշորացումից ի վեր։ Ճանապարհն անցնում է Քարինջ, Մարց, Ահնիձոր, Լորուտ, Շամուտ և Աթան բնակավայրերով: «Էն ժամանակ ասացին՝ խոշորացնենք, ճանապարհի հարցն էլ կլուծենք, բա ի՞նչ եղավ»,- 33 ամյա Հայկ Մաթևոսյանն է հարցնում Ահնիձորից: Կարծում է՝ միայն դա կարող է խթանել տուրիզմը Մոտկորում.

«Դսեղից մինչև Ահնիձոր արահետ ենք սարքել, տուրիստներ են գալիս, որ ճանապարհ լինի, միանգամից  բում կառաջացնի: Ես համոզված եմ՝ Մոտկորում տուրիզմը միանգամից է զարգանալու, որովհետև բոլոր նախադրյալները կան: Իշխանությունը կսարքի էս ճանապարհը, թե ընդդիմությունը, մեզ հետաքրքիր չի, թող  մեր ճանապարհը սարքեն»:

40 րոպեում կարող ենք Վանաձոր մտնել, բայց հասնում ենք 1,5 ժամում՝ մարցեցի Վրույր Հովհաննիսյանն է ասում: Տարիներ շարունակ ճանապարհը նորոգելու խոստում են լսում: 2022-ին լուրն եկավ, գործը՝ չէ։ Առջևում ձմեռ է, և դեռ հարց է՝ եկող տարի  կվերանորոգվի՞, թե՞ ոչ: Քարուքանդ ճամփաներին մեքենաները շարքից դուրս են գալիս, հիվանդը բժշկից է ուշանում։ Մարցի բնակիչ Վրույր Հովհաննիսյան․

«Եթե հիվանդանոց գնալու խնդիր լինի, կարող է չհասցնենք հասցնել, մաս է փչանում մեքենայի, գնալ-գալը խնդիր է, զուտ ճանապարհի խաթեր մեր գյուղերը չեն բարգավաճում։ Ես 25 տարեկան եմ, ու ինչ հիշում եմ էս թեման կա, տեխնիկա բերին կանգնացրին ու էլի տարան: Եթե ճանապարհը նորմալ լինի, գյուղից ընդամենը 5 րոպեում կհասնենք էստեղ, 25 րոպեում էլ՝ Վանաձոր»:

2022-ի մարտին գործադիրը որոշեց գումար հատկացնել Մ6-Աթան հանրապետական ավտոճանապարհի հիմնանորոգմանը։ Արժեքը գնահատվեց 3,8 մլրդ դրամ։ 2021-ի հոկտեմբերի մրցույթում հաղթել էր Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանի եղբորորդուն՝ Արմեն Բադալյանին պատկանող «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն, որն առաջարկել է նախահաշվային արժեքից շուրջ 1,1 մլրդ-ով պակաս գումար և պայմանագիր կնքել 2, 7 մլրդ-ով։  2011-ին ստեղծված «Լեոպոլդ և ընկերներ» ընկերության 100% բաժնետերը Արմեն Բադալյանն է։ Ըստ Armeps համակարգի՝ պետական մարմինները միայն 2021-ին այս կազմակերպության հետ կնքել են 4,9 միլիարդի պայմանագիր։ Ինչպես «Ռադիոլուր»-ին տեղեկացրին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից՝ պետք է ասֆալտապատվեր Մոտկորի գյուղերն իրար ու գլխավոր մայրուղուն կապող 27,5 կմ ճանապարհը։ Շինաշխատանքները, սակայն, այդպես էլ չսկսվեցին։

Բնակիչները լսել են, որ շինաշխատանքների ձգձգման պատճառը Մարցիգետի վրա կառուցված «Մարցիգետ 2» ՀԷԿ-ի խողովակներն են: Շուրջ  4 կմ-անոց խողովակաշարն այդ ճանապարհի տակով է անցնում։ Շամուտի բնակիչ Արեն Վերմիշյան․

«4000-5000 մարդ  են ապրում էս 6 գյուղում: 50 տարի էս ճանապարհը ոչ մի նորոգում չի արվել: 20 կմ է իմ համայնքը էստեղից հեռու, 2,5 ժամում եմ գնում:

Մարցի տակից մինչև Աթան անեն, եթե ԳԷՍ-ն է պատճառը, տրուբեն էդ ինչ դառավ, որ ժողովրդից կարևոր դառավ, տրուբեն խանգարում է, ինչ անեմ, թե չի խանգարում, մենք մեր իրավունքներն ենք պաշտպանում»։

Աթանի վարչական ղեկավար Տիգրան Քոչարյանի խոսքով՝ վատ ճանապարհի պատճառով իրենց խնդիրները չեն վերջանում: Նախկինում Աթան-Վանաձոր գազել էր վարում: Ճանապարհների վիճակն այնքան վատացավ, որ այժմ չի շահագործում այն:  Մինչև  55 կմ ճանապարհն ավելի քան 2 ժամում կտրում-հասնում են Վանաձոր, կամ բերքն է չփանում, կամ  մեքենան։ Ճանապարհը սարքվեր, գյուղը լքողները կնվազեին՝ կարծում է։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պարզաբանմամբ՝ ՀԷԿ-ի ղեկավարության հետ պայմանավորվել են, որ շինարարության ընթացքում ՀԷԿ-ի մասով առաջացած բոլոր խնդիրները կլուծվեն հիդրոկայանի հաշվին։

Մարդիկ լսել են, թե ՀԷԿ-ի հետ կապված խնդիրների պատճառով հնարավոր է նաև  նախագիծը փոփոխվի։ Դժգոհություններն են նրանց դրդել ճանապարհը փակել։ Ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի պետ Արտակ Գուրջանյանը բնակիչներին խոստանում է՝ հիմնանորոգումը չի ուշանա, բայց ճանապարհը բաց պահել է պետք։

«Ես խոստանում եմ, որ ճանապարհը սարքվելու է, բայց ժամկետի առումով բան չեմ կարող ասել: Որ շինաշխատանքները սկսվեն, մենակ խողովակը չի, ուրիշ խնդիրներ էլ կարող են առաջանալ, խողովակը 4 կիլոմետրանոց հատված է, իսկ ընդհանուր ճանապարհը 27 կմ է: Ավելին, էդպես էլ որոշված էր, որ գալու էին վերևից շինաշխատանքները սկսեին, հասնեին, էդ տեղանք, ժամկետ էին տալու, որ խողովակները շրջանցեին»:

Բնակիչների պահանջին արձագանքել էր նաև Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը: Վստահեցրել՝ ամենաուշը հոկտեմբերի 1-10-ը նոր շինարարը կլինի Մոտկորում։  

 «Մինչև հինգշաբթի կհայտարարվի նոր մրցույթ, մինչև հոկտեմբերի 1-ը կունենանք նոր շինարար: Մոտավորապես հոկտեմբերի առաջին տասնօրյակում մենք աշխատանքները կսկսենք: ԳԷՍ-երի մասով մենք որևէ խնդիր, խոչընդոտ չունենք»։

 «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից «Ռադիոլուր»-ը տեղեկացավ, որ կապալառուի հետ կնքված պայմանագրի համաձայն՝ նախորդ կապալառուն համաձայնագիր չի կնքել, վերջինիս հետ պայմանագիրը լուծվել է: Շինաշխատանքները պետք է մեկնարկեին կողմերի միջև համաձայնագրի կնքումից հետո:  Առաջիկայում կհայտարարվի շինաշխատանքների  նոր մրցույթ։ Եթե դրական տեղաշարժ չլինի, մոտկորեցիները Մ6 մայրուղին նորից կփակեն: Իրենք, ասում են, իրենց խոստումը կպահեն։  

Back to top button