ԿարևորՀասարակություն

Մենք ենք որոշում` լինել խաչի ճամփո՞րդ, թե՞ անձնապաշտ ու անուղի թափառական. Արշակ Սրբազան

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի սեպտեմբերի 11-ին  տոնեց  Խաչվերացը։ Այն Հայ Առաքելական  եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է, խաչին նվիրված ամենակարևոր տոնը, որը խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակը:

Հոգևորականնեի թափորը Վեհափառ Հայրապետին ուղեկցում է Սուրբ Գայանե վանք հանդիսապետելու Խաչվերացի տոնական պատարագը։ Խաչվերացը Խաչին նվիրված ամենակարևոր տոնն է, խորհրդանշում է Քրիստոսի խաչափայտի գերությունից ազատագրումը։ Ըստ պատմական աղբյուրների՝  614 թվականին Պարսից Խոսրով թագավորը հարձակվում է Երուսաղեմի վրա։ Ավերակների վերածելով  քաղաքը՝ գերեվարում է Զաքարիա պատրիարքին ու Տիրոջ խաչափայտը։ Հունաց  Հերակլես կայսրը, չհանդուրժելով այս անարգանքը,  զորքով շարժվում է Պարսից երկիր` վերադարձնելու Փրկչի Խաչափայտը: Հայտնի է, որ նրա դեմ կռվում էր հայկական զորագունդը՝ Մժեժ Գնունու գլխավորությամբ։  Ժողովրդի ուղեկցությամբ՝   հաղթանակած  զորքը Պարսկաստանից  Հայաստանի Կարնո  գավառի միջով Խաչը բերում է Երուսաղեմ։  Հերակլես կայսրն անձամբ է խաչը ուսին դրած բարձրացրել Սուրբ Հարության տաճար՝ ի տես բոլոր քրիստոնյաների։

Հենց այդ ժամանակներից էլ  նշվում է Սուրբ Խաչի գերությունից վերադարձի ու բարձրացման տոնը: Հայ եկեղեցին Խաչվերեցի տոնը նշում է  սեպտեմբերի 11-ից 17-ն ընկած հատվածում։ Այն խաչին նվիրված 4 տոներից ամենամեծն է։ Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյան․

«Այս տոնը վստահություն, մխիթարություն և թեթևություն է բերում մեր հոգիներին, իսկ այդ մխիթարությունը, վստահ եմ, շատ անհրաժեշտ է, հատկապես այս օրերին, երբ տագնապներ, անհանգստություններ ու  մտահոգություններ ունենք։ Իսկ Խաչի խորհուրդը շատ բազմիմաստ է՝մի դեպքում  մեկնաբանվում է տառապանք ,մի դեպքում  մեկնաբանվում է,որպես հաղթանակ։Եթե համադրեք այս երկու գաղափարները՝ սա մի տառապանքի խորհուրդ է, որը ավարտվում է հաղթանակով։ Խաչի խորհուրդը գալիս է հաստատելու, որ այդ տառապանքները մի օր վերջ են դրվելու  ու այդ տառպանքները իմաստ  են ստանալու հաղթանակով և հարությամբ»,–ասում է սրբազանը։

Եկեղեցական կյանքում ոչ մի ծես առանց խաչի չի կատարվում ։ Փորձությունների պահին մարդիկ ձեռքերը պարզում են դեպի խաչը՝ ապավինելով նրա զորությանը։ Տոնի խորհրդին հաղորդակից  դառնալու համար շատերն էին  եկել Սուրբ Գայանե եկեղեցի՝ մասնակցելու տոնական պատարագին։

Տոնին նվիրված պատարագը սուրբ Գայանե եկեղեցում   կատարեց Մայր Աթոռի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, որը  պատարագից հետո հանդես  եկավ քարոզով։ Խաչը կամովին ընտրված զրկանքի, տառապանքի ու մահվան ճանապարհն է, որն ավարտվում է հաղթանակով․

«Շատ են, չափազանց շատ են Տիրոջ Սուրբ խաչի հակառակորդները։ Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում աստվածասիրությունը, թե ինչպես է փորձ արվում Աստուծո պատվանդանին բազմեցնել մարդուն, թե ինչպես են սրբացվում մարդկային կամքը, իրավունքներն ու ազատությունները, մարդկային քմահաճույքներին զոհաբերվում պարզ խելամտությունը և անգամ` Աստվածային կամքը: Այսպես է լինում, որ բարոյազրկումն ու այլասերությունը շքերթ են կազմում ու խրախճանք անում»,–ասում է սրբազանը: 

«Սուրբ Խաչի  ոխերիմ հակառակորդ է նաև  եսակենտրոնությունը` մարդկային բոլոր ողբերգությունների պատճառը, որը չի հանդուրժում իրենից զատ այլ հեղինակություն, որը ճանաչում է միայն ու միայն մեկ աշխարհ՝ իր շուրջ պտտվող մոլորակը»,– Տեր Արշակ Եպիսկոպոս  Խաչատրյանի քարոզի մյուս շեշտադրումն է։

«Մեր տառապանքները չեն նվազել նաև այսօր, երբ Արցախյան 44-օրյա պատերազմի ողբերգական իրադարձությունները հանգեցրել են մարդկային, տարածքային, մշակության ու նյութական ահռելի կորուստների, երբ տագնապած սրտերով կանգնած ենք ծանր մարտահրավերների առջև։ Այսօր հանգիստ չի տալիս մեզ հարցը՝ արդյո՞ք մեր տառապանքը խաչի տառապանքն է։ Արդյո՞ք մենք հետեւեցինք խաչը հանձնառնելու Տիրոջ կտրական կոչին, արդյո՞ք հանձնառանք խաչի ճանապահը՝ եսակենտրոնությունից, երեսպաշտությունից, ընչաքաղցությունից հրաժարվել ու ճանապարհը։»

Խաչի տոնը միայն տոնական պատարագով չի ավարտվում։ Երեկոյան ժամերգության ընթացքում  ռեհաններով ու երփներանգ ծաղիկներով զարդարված խաչափայտը դուրս է բերվում եկեղեցուց, կատարվում է անդաստանի կարգ, օրհվում են երկրի 4 կողմերը։ Իսկ օրհնված ռեհաններն ու ծաղիկները բաժանվում են հավատացյալներին՝ հոգու և մարմնի բժշկության համար:

Back to top button