ԿարևորՄշակույթ

Հանդիսավոր միջոցառմամբ նշվել է Կամերային թատրոնի հիմնադրումը

Կամերային թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում՝ նվիրված թատրոնի կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակներին:

Միջոցառմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից:Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը հոբելյանական միջոցառման շրջանակում իր գնահատականն է ներկայացրել թատրոնի գործունեությանն ու անցած ճանապարհին. «Մեր իրականության մեջ Կամերային թատրոնը ամենաերևանյան թատրոնն է՝ որպես քաղաքային փոխհարաբերությունների, քաղաքային կենցաղի ու օրակարգի արտացոլման վայր: Այն առանձնանում է նաև իր ինտելեկտուալ խոսույթով: Յուրաքանչյուր թատրոն իր գոյությունը հաստատում է բոլոր ժամանակների իր հանդիսատեսով, և այս առումով Կամերային թատրոնը հաղթող թատրոն է»: Փոխնախարարը թատրոնին մաղթել է հավատարիմ հանդիսատես, նորանոր ստեղծագործական վերելքներ ու ներշնչումներ:

Հանդիսավոր միջոցառման շրջանակում տեղի է ունեցել կարմիր գորգի արարողություն, ներկայացվել է յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը:

Երեկոյի ընթացքում տեղի են ունեցել «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:

Օրն ամփոփվել է «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտիքի մրցանակներ  են հանձնվել այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին:

Կամերային թատրոնի հարակից տարածքում բացվել է «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը նվիրվել են թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին:

Back to top button