ԿարևորՀասարակություն

Աճող ապատեղեկատվություն․ ֆեյքերի բանակը` նաև օրակարգ թելադրող

2022 թվականի ամռանը Հայաստանում Viber-ն արգելափակել է շուրջ 26 հազար օգտահաշիվ ։ Այս տեղեկությունը  հայտնում է ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ արգելափակված սպամ-հաշիվների թվի աճը պայմանավորելով Viber-ում օգտագործվող ավտոմատ արգելափակման համակարգի մշակմամբ, ինչպես նաև օգտատերերի գրագիտության բարձրացմամբ: Կեղծ օգտատերերն ու  նրանց միջոցով տարածվող ապատեղեկատվությունը խնդիր են ոչ միայն Viber-ի, այլև սոցիալական մյուս  հարթակների համար։ Ֆեյք էջերը, որպես կանոն, տարբեր  խնդիրներ են լուծում։ Դրանք նաև անվստահություն են ծնում, ինչը մանիպուլյատիվ տեղեկատվությունից ոչ պակաս վտանգավոր է։

Միայն 2022 թ․-ի ամռանը  Viber-ը Հայաստանում արգելափակել է ավելի քան 25 հազար կեղծ հաշիվ։ Դրանք ցանցի այլ օգտատերերին զանգահարել և ներկայացրել են տարբեր կազմակերպությունների անունից։ Այդ հաշիվներն արգելափակվել են մեսենջերում օգտատերերի բողոքների հիման վրա։ Ֆեյք օգտատերերը միշտ չէ, որ չարամիտներ են։ Երբեմն դա միակ հնարավորությունն է կարծիք հայտնելու՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը․

«Օրինակ, եթե մարդ ուրիշի անունով է գրանցվում, միշտ չէ, որ  վատ է, որովհետև մարդ կարող է ցանկանալ ավելի ազատ արտահայտվել, որովհետև պետական պաշտոնյա է և չի ուզում իր անունից հանդես գալ։ Եվ հազար ու մի  այսպիսի դեպքեր կան, որոնք  պետք չէ ընկալել որպես բացասական, հակառակը՝ նման դեպքերում կեղծ անուն օգտագործելը դրական պետք է ընկալել»։

Այլ հարց է, երբ ֆեյքերի տակ չարամիտներ են թաքնված։ Իսկ նրանք  որպես կանոն, տարբեր նպատակներ են  հետապնդում ու տարբեր խնդիրներ լուծում․ 

«Առաջինը՝ քաղաքական տարբեր ֆեյքաբուծարաններից դուրս եկած ֆեյքերի բանակներն են, որոնք ամբողջ աշխարհում տարածված են, նաև Հայաստանում։ Մի մասը իշխանությանն է գովաբանում, ընդդիմությանը ՝ վատաբանում և հակառակը։ Այս ֆեյքերը հիմնականում ստեղծվում են քաղաքական ուժի շուրջ կեղծ դրական կամ բացասական տպավորություն ձևավորելու,  ինչպես նաև մարդկանց լռեցնելու նպատակով»։

Նույնը նաև տնտեսական ոլորտում է։ Հայաստանում բավական լայն տարածում է գտել նաև անհատ կամ խմբականին  ֆեյք օգտատերերի կողմից անձին հետապնդելը։ Մասնագետն ասում է՝ սա արդեն դպրոցականների և ուսանողների շրջանում է տարածված․

«Դա իրականում լուրջ խնդիր է, որը Հայաստանում շատ անտեսված է, բայց շատ դպրոցականներ տառապում են նման ֆեյքերի կողմից հարձակումներից, որոնք հաճախ հենց իրենց համադասարանցիների կողմից է արվում»։

Կեղծ օգտահաշիվներն ու կեղծ տեղեկատվությունը միայն մարդկանց վրա ազդեցությամբ  չեն վտանգավոր։ Դրանք նաև անվստահություն են ծնում և այս առումում Հայաստանում ապատեղեկատվությունն իսկապես  լրջագույն խնդիր է դարձել՝ նկատում է ՏՏ փորձագետ Արթուր Պապյանը․

«Տարբեր հարցումների ժամանակ ենք մենք ականատես լինում, ես ինքս էլ քննարկումներ եմ անցկացրել Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում։ Այնտեղ մարդկանց վստահությունն առհասարակ ինֆորմացիոն պետական և պաշտոնական աղբյուրների նկատմամբ շատ ցածր է։ Իսկ դա արդեն սպառնում է պետական անվտանգությանը, որովհետև մարդիկ եթե նույնիսկ լսում են ինչ–որ  ինֆորմացիա սահմանից, երկրաշարժի, բախումների մասին, նախընտրում են տեղեկությունը ճշտել բացառապես անձնական կապերի միջոցով՝ զանգելով սահմանում ծառայող ազգականներին»։

Կեղծ պատմույթներ,կեղծ տեղեկատվություն ու կեղծ օգտատերեր։ Ապատեղեկատվությունը լուրջ սպառնալիք է ժողովրդավարական համակարգերում ։ Հայաստանի նման երկրներում այս երևույթը կարող է հատկապես վնասաբեր լինել՝ նկատում է Սամվել Մարտիրոսյանը։

«Քանի որ մարդկանց բավական մեծ հատված իր կարծիքը ձևավորում է ուրիշների կարծիքի հիման վրա, դա իսկապես կարող է ազդել հասարակական կարծիքի վրա, օրինակ՝ ընտրությունների կամ քաղաքական ու տնտեսական այլ պրոցեսների ժամանակ։ Մյուսը, օրինակ, Հայաստանում մենք տեսնում ենք, որ ակնհայտ բերեցին նրան, որ հայհոյանքը դարձավ շատ տարածված և ընդունելի  հասարակության մի մեծ հատվածի կողմից»։

Կարծիք ձևավորելուց բացի՝ ֆեյք էջերն ու կեղծ տեղեկատվությունը կարող են նաև քաղաքական օրակարգ թելադրել և սա, ըստ փորձագետների, ամենատարածվածն ու վտանգավորն է։

Back to top button