ԿարևորՀասարակություն

Կարևորը տղաների օր առաջ ազատ արձակումն է, մնացածը դեկորացիա էԱրտակ Զեյնալյան

Ռազմագերիների իրավունքների պաշտպանությանն ու  նրանց վերադարձին առնչվող միջազգային մեխանիզմները հեռու են իդեալական կամ բավարար լինելուց՝ չնայած զուգահեռաբար իրականացվող իրավական և քաղաքական գործընթացներին՝  ասում է Եվրադատարանում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան, ՀՀ արդարադատության նախկին նախարար, փաստաբան Արտակ Զեյնալյանը։ Նա հիշեցնում է՝ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիայի» իմաստով Ադրբեջանում հայ ռազմագերիներ չկան։ Նրանք Բաքվում  ընթացակարգերին համապատասխան գերու կարգավիճակ չեն ստացել և համարվում են ձերբակալվածներ։

Սեպտեմբերի 8-ին 5 հայ ռազմագերիների՝ Բաքվից Երևան  վերադարձը ողջունել էին Պետդեպարտամենտն ու Եվրամիությունը։ Երկու կառույցներն էլ իրենց հայտարարություններում օգտագործել էին  «ձերբակալվածներ» որակումը։

Ի՞նչ է փոխվել պաշտոնական Բրյուսելի և Վաշինգտոնի խոսույթում, ինչո՞ւ են հայ ռազմագերիները վերածվել ձերբակալված անձանց, ինչո՞ւ են Արևմուտքի ներկայացուցիչները մեզ հետ խոսում Բաքվի տերմինաբանությամբ, և վերջապես կարգավիճակի այս փոփոխությունն իրավական ի՞նչ հետևանքների կարող է հանգեցնել։ Արտակ Զեյնալյանի հետ «Ռադիոլուր»-ն զրուցել է այս հարցերի շուրջ։

«Մարդը «գերու» կարգավիճակի դեպքում ստանում է որոշակի երաշխիքներ, դրանք ավելին են, քան ազատազրկվածներինը։ Տղաները, որոնք գտնվում են ադրբեջանական գերության մեջ, իրականում ձերբակալվածներ են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածին համապատասխան»,- ասում է իրավապաշտպանը։

Զեյնալյանի խոսքով՝ գերու  կարգավիճակ չունենալու հետևանքով նրանք պետք է օգտվեն այն երաշխիքներից, որոնք նախատեսված են ձերբակալվածների համար` դատարանի առջև կանգնել, փաստաբան ունենալ։ «Նման օրինական երաշխիքների բացակայության պայմաններում նրանք պահվում են անօրինական։ Իրավական առումով գերիների համար շատ ավելի ապահով է ձերբակալվածի կարգավիճակ ունենալը»,- շեշտում է փաստաբանը։

Ադրբեջանական գերությունից սեպտեմբերի 8-ին Հայաստան 5 ռազմագերիների վերադարձածը Արտակ Զեյնալյանը համարում է որոշակի պայմանավորվածությունների արդյունք` նշելով, որ կարևորը տղաների օր առաջ ազատ արձակումն է, «մնացածը դեկորացիա է»։

Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով թշնամու կողմից գերեվարվածների ուղղությամբ մինչ այս արված աշխատանքին անդրադառնալով՝ «Ռադիոլուր»-ի զրուցակից իրավապաշտպանը նշում է, որ իրավական առումով հարյուրավոր գանգատներ են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան կոնկրետ գերեվարվածների  ընտանիքի անդամների իրավահաջորդների կողմից։

«Եվրոպական դատարանի կողմից կիրառվել են հայցի ապահովման միջոցներ, որոշակի պարտավորություններ են սահմանվել Ադրբեջանի համար, Հայաստանի Հանրապետությունը ընդդեմ Ադրբեջանի միջպետական գանգատով դիմել է ՄԻԵԴ ։ Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կառույցներին ներկայացվել են զեկույցներ, կազմվել են հատուկ զեկույցներ, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը, ԱԺ պատգամավորները ծավալուն և հսկայական աշխատանք են կատարել գերիների իրավունքների պաշտպանության և նրանց վերադարձի համար։ Սակայն արվածը բավարար չէ․ այն պետությունները, որոնք միացել են ռազմագերիների և մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կոնվենցիաներին պետք է իրենց ստանձնած պարտավորությունների շրջանակում հսկեն` մշտադիտարկում իրականացնեն, որպեսզի մյուս անդամ երկրները նույնպես խախտումներ թույլ չտան։ Մեխանիզմները թույլ են, և այս ընկալումը դեռևս ամբողջությամբ չի գործում։ Որպես կանոն՝ պետությունները հայտարարում են իրենց ձեռնպահ վերաբերմունքի և նշված կոնվենցիաների դրույթների նկատմամբ  խատումներ թույլ չտալու մասին, բայց արդյո՞ք նման պետությունները ակտիվ քայլեր, գործողություններ են ձեռնարկում, որպեսզի մյուս անդամ պետությունների տարածքներում նման խախտումներ տեղի չունենան կամ այլ պետություններ նման խախտումներ թույլ չտան։ Իհարկե ոչ․ այս ամենը դեռևս բավարար մակարդակի վրա չէ»,- ասում է իրավապաշտպանը։

Back to top button