ԿարևորՀասարակություն

Թվային գրագիտություն ու կիբերհիգիենա․ ArmSig-ն ինտերնետում պաշտպանվելու կանոններն է սովորեցնում

Ինտերնետ կառավարման հայկական դպրոցի 6-րդ սերնդի շրջանավարտները ստացել են իրենց վկայականները ու պատրաստ են համացանցային առավել անվտանգ կենսագործունեություն վարել։ Թվային աշխարհի վտանգները ճանաչելու ու կանխելու նպատակով իրականացված դասընթացները շարունակական են լինելու՝ նոր մասնակիցներին ևս ճանաչելի դարձնելով թվային գրագիտության կանոնները՝ կիբերհիգիենայից, մեդիագրագիտությունից մինչև .am դոմենի կառավարման սահմաններ։

2017-ից այն հասանելի էր միայն լրագրողներին, միայն ուսուցիչներին կամ միայն ուսանողներին։ Սակայն այսօր դպրոցի ավարտական վկայական են ստանում տարբեր մասնագիտությունների ու տարբեր տարիքի մարդիկ, որոնք որոշել են իրենց համար ապահովել անվտանգ համացանցային տիրույթ։ Ինտերնետ կառավարման հայկական դպրոցը՝ ArmSig-ը, թվային աշխարհի սահմանները բացահայտած շրջանավարտների 6-րդ սերնդին է ճանապարահում։ Պատմում է դպրոցի համակարգող Կատարինա Գևորգյանը․

«Ամենակարևոր հարցերը, որ քննարկվում են ինտերնետ կառավարման շուրջ, վերաբերում են անձնական տվյալների պաշտպանության կարևորությանը, ինտերնետից օգտվելու անվտանգությանը, հեղինակային իրավունքի, Վիկիպեդիային վերաբերող բավականին լուրջ հարցերին։ Սոցիալական կայքերում իրենց գործունեությունն անվտանգ վարելու տեխնիկայի մասին խոսեիցնք, ինչպես նաև կիբերհանցագործությունների, կիբերհիգիենայի, որն այսօր մեր բնակչությաւն համար ամենակարևոր հարցերից մեկն է»։

Դասընթացի թեմատիկ շրջանակն ամեն տարի ընդլայնվում է, սակայն նախորդիվ քննարկված հարցերը ևս ամեն հաջորդ տարի քննարկելի են․ դիմորդները միշտ նոր մարդիկ են, համացանցային հին խնդիրները՝ միշտ արդիական։

«Ինչ–որ հղումներով կարող են անցնել՝ առանց հասկանալու, որ դրանք կարող են վնասել իրենց համակարգչին, անձնական տվյալներին, կարող են ֆինանսական կորուստներ կրել, հոգեբանական դժվարություններ առաջանալ․ այս բացը հաշվի առնելով՝ դասընթացները տեղին էին և բավական ակտուալ»։

«Ասում են՝ մենք ի՞նչ ենք մեզնից ներկայացնում, որ մեզնից բան գողանան։ Բայց այս խնդիրն այնքան է տարածվել, որ որևէ մեկը չի կարող ապահովագրված լինել հաքերների զոհ դառնալուց»։

«Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ նախագահ Իգոր Մկրտումյանը մոտ 30 տարի առաջ համացանցային ենթակառուցվածքը Հայաստան բերած մարդն է։ Այսօր նա ևս մտահոգված է Հայաստանում ինտերնետի անվտանգ կառավարման հարցերով։ Ասում է՝ հատկապես կազամակերպությունները հարցին պետք է լուրջ վերաբերվեն։

«Հարվածի տակ են ամբողջ կազմակերպության տվյալների շտեմարանները, մարդկանց և բիզնեսի դրամային հարցերը։ Եվ դրա համար այստեղ դասախոսություն եղավ։  Կա համաշխարհային ստանդարտ, կոչվում է ISO 27001։Պետք է համապատասխանել այս ստանդարտին, որ կազմակերպությունը անվտանգային տեսանկյունից ապահովված լինի»։

Իգոր Մկրտումյանի խոսքով՝ անհատներն էլ պետք է ուշադիր լինեն հատկապես ֆիշինգի զոհ չդառնալու համար։

«Ֆիշինգն այն երևույթն է, երբ նամակներ են գալիս։ Ենթադրենք ինչ–որ նամակին կից մի ֆայլ կա, որն իր մեջ պարունակում է վտանգավոր ծրագրեր, և եթե դուք կարդում եք դա, վարակվում է ձեր համակարգիչը և սկսում եք ձեր անձնական տվյալները փոխանցել աշխարհին»։

83-ամյա համացանցային գուրուն գիտի՝ այս աշխարհում նոր վտանգներ ծնվում են ամեն օր։ Մարդկանց պարբերաբար պետք է իրազեկել ու հիշեցնել անվտանգ օնլայն վարքի մասին։ Դպրոցի մասնակիցներին դա սովորեցնող մասնագետները տարբեր ոլորտային նախասիրություններ, սակայն մեկ ընդահնուր նպատակ ունեցող մարդիկ են։

«Լուսինե Մնացականյանն եմ՝ Արմավիրի մարզի Քարակերտ գյուղից։ Շատ հետաքրքիր նորություններ իմացա կիբերհանցագործությունների, ինտերնետային ակտիվության, այնտեղ իմ իրավունքների պաշտպանության մասին»։

Մասնակցության միակ պայմանը 16 տարեկանից բարձր լինելն է։ Այս տարի շրջանավարտների մեջ կան և՛ դպրոցականներ, և՛ ուսանողներ, և՛ տարբեր ոլորտների մասնագետներ, այդ թվում՝ հենց թվային աշխարհում արդեն իսկ աշխատող մարդիկ, որոնք եկել են գիտելիքները թարմացնելու։ Նրանց մեկը Շահանե Հարությունյանն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թվային ոլորտի մասնագետը։

«Թվային աշխարհն ամեն օր զարգանում է, ամեն օր նորույթ է լինում այս ոլորտում, և որպես մասնագետ՝ ես պարտավոր եմ անընդհատ ձեռքս զարկերակի վրա պահել։ Քանի որ իմ աշխատանքը կապված է կայքերի անվտանգության և բովանդակության հետ և միևնույն ժամանակ սոցիալական ցանցերում որոշ ոլորտներ եմ ներկայացնում, ես պարտավոր եմ տիրապետել ամենավերջին գիտելիքներին ու նորույթներին, ինչն ինձ կտա հնարավորություն առավել անվտանգ ու գրագետ կազմակերպել իմ աշխատանքը»։

Համացանցում անվտանգ կենսագործունեության կանոններին ծանոթ լինելը բավարար չէ։ Առավել կարևոր է հետևողականությունը և գրավիչ փաթեթավորման հանդիպելիս հիշելը, որ ներսում գուցե վտանգ կա։ Դպրոցի կազմակերպիչները նաև այս նպատակով ծրագիրն ամենամյա են դարձրել։ Հաջորդ ամառ կրկին կընդունեն թվային աշխարհի վտանգները որսալ ցանկացացող մարդկանց։

Back to top button