ԿարևորՔաղաքական

Թուրքիան պատրաստ չէ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատմանը․ փորձագետները տարածաշրջանի զարգացումների մասին

Մեր տարածաշրջանում իրադրությունն ու հնարավոր զարգացումները փորձագետները պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմի ելքով, որը, նրանց կարծիքով, այլեւս պատերազմ է Ռուսաստանի ու հավաքական Արեւմուտքի միջեւ։  Հարավային Կովկասում ազդեցության համար մրցակցում են գերտերությունները, բայց փաստացի հիմնական խաղացողները «3+3» բանաձեւի շրջանակում են։

Ինչպե՞ս են անդրադառնալու Հայաստանի վրա հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական բանակցությունները։  Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանի կածիքով՝  այս երկու ուղղությունները պետք չէ առանձին դիտարկել, քանի որ Անկարան չի էլ թաքցնում, որ բոլոր հարցերը համաձայնեցնում է Բաքվի հետ։  Ըստ վերլուծաբանի՝  ընթանում է թուրք-ադրբեջանական ինտեգրացիա, եւ այս պայմաններում առանց Ռուսաստանի պաշտոնական Երեւանը չի կարող պայքարել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ։

«Տարածաշրջանի կայունության պատասխանատուն 3+3 բանաձեւն է, այսինքն՝ տարածաշրջանի երեք երկրները՝ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը, գումարած Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը։ Ստացվելու է այնպես, որ տարածաշրջանի հաղորդակցության ճանապարհները եւ այսպես կոչված «Հարավկովկասյան խաչմերուկը» մեծ Եվրասիայի տարածաշրջանի համար բացվելու է այս բանաձեւի կիրառման պայմաններում։ Կարծում եմ, որ մի քիչ վաղ է խոսել Արեւմուտք-Արեւելք ճանապարհով Հայաստանի հաղորդակցության միջոցների բացման մասին, քանի որ բանակցությունները շարունակվում են եւ բարդություններ կան։ Դա միջազգային կարգավորումների խնդիր է լինելու, եւ նրանք պետք է հորդորեն Թուրքիային ավելի խոսկան լինել Հայաստանի հետ հարաբերություններում»։

Եթե Արեւմուտք-Արեւելք միջանցքին վերաբերող մի շարք հարցեր դեռ քննարկվում են, և հստակ չէ, թե այն ինչպես է Հայաստանով անցնելու, ապա Հյուսիս-Հարավը, Արամ Սաֆարյանի խոսքով, ամբողջությամբ Հայաստանի խնդիրն է, եւ պետք է ամբողջությամբ իրացնել այս հնարավորությունը։ Այժմ ընթանում է ավտոճանապարհների շինարարությունը եւ չպետք է թույլ տալ, որ միայն Ադրբեջանը լինի Հյուսիս-հարավի իրականացնողը։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստան-Հայաստան-Իրան  ռազմավարական մեծ երթուղու գործում պետք է ընդգրկել նաեւ Վրաստանին։

Մեր տարածաշրջանում, նրա համոզմամբ, մրցակցում են  Հավաքական Արեւմուտքը, Ռուսաստանն ու Թուրքիան։ Միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի կարծիքով՝ բնական է, որ հարեւանները նորմալ հարաբերություններ ունենան եւ հայ-թուրքական բանակցությունները պետք է հանգեն սահմանների բացման, սակայն ակնհայտ է, որ Անկարան երկու նախապայման է առաջադրում ՝ Արցախի ու Հայոց ցեղասպանության խնդիրրները։

«Ցեղասպանությունից հրաժարումը երբեք չպետք է լինի մեր քաղաքական օրակարգի մաս, ժողովրդի հիշողությունն ու ազգային ցավը երբեք չի կարելի է դարձնել  միջազգային դրվանագիտության առք ու վաճառքի մաս։ Թուրքիան նախ պետք է ցույց տար, որ կողմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինքը պետք է առաջինը բացեր սահմանը, ինչից հետո պետք է սկսվեր գործընթաց՝ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար, քանի որ Թուրքիան, տուրք տալով երրորդ երկրի հետ Հայաստանի ունեցած խնդիրներին, ինքն է փակել սահմանը»։

Նախ պետք է մեղքն ընդունվի՝ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, ինչպես եղավ  Գերմանիայի դեպքում․ այդ երկիրն ընդունեց Հոլոքոստը, փոխհատուցեց, նույն ճանապարհով պետք է գնա նաեւ Հայաստանը։

Գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումները, սակայն, ըստ միջազգայնագետի, հուշում են, որ Թուրքիայի դերակատարման հարցը տարածաշրջանում հարցականի տակ է։ Ուշագրավ գործընթացներ են նկատվում․  մի կողմից՝  Հավաքական Արեւմուտքը գործում  է Թուրքիայի դեմքով, մյուս կողմից սակայն թուրքական հոխորտանքներին ի պատասխան ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, օրինակ,  սատարում են Հունաստանին։ Բացի դրանից՝ Ռուսաստանը ջանքեր է գործադրում Թուրքիային Հավաքական Արեւմուտքից պոկելու համար, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, դեռ վաղ է ասել։  

Առայժմ բոլորը հետեւում են ռուս-ուկրաիանական զարգացումներին որտեղ Ուկրաինան, ըստ Գրիգոր Բալասանյանի, օգտագործվում է որպես, այսպես ասենք «թնդանոթի միս»։ Քաղաքագետի կարծիքով՝ սա երրորդ համաշխարհային պատերազմի նախերգանքն է կամ մեծ փորձը, եւ պարզ չէ, թե այս պայքարում Եվրոպան կհաղթի՞, թե՞ ոչ, քանի որ վերջինը լրջագույն խնդիրների առաջ է կանգնած եւ ապագայում  բախվելու է քաղաքական սոցիալական ու տնտեսական լուրջ բարդությունների։

Back to top button